Առաջիկա կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան Սյունիքի 4 համայնքներում՝ Գորիս, Մեղրի, Տեղ եւ Տաթեւ համայնքներում։ 25 օր քաղաքական ուժերը իրենց ծրագրերը ներկայացրին ընտրողներին։
Գորիս համայնքի ավագանու ընտրություններին ցանկություն էին հայտնել մասնակցելու 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», Հայ ազգային կոնգրեսը, « Առուշ Առուշանյան» դաշինքն ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Կոմունիստները ներկայացրել էին 8 թեկնածուով, սակայն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց գրանցել նրանց։ Ըստ «Ընտրական օրենսգրքի» բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների, բայց գորիսեցի կոմունիստ թեկնածուները հաշվառված էին Գորիս քաղաքում։
Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվեց դատարան, բայց հանձնաժողովի որոշումը անվավեր չճանաչվեց։ Ինչ վերաբերում է բողոք-դիմումներին, ապա ըստ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանի՝ քարոզարշավի վերաբերյալ ընդամենը երկու բողոք-դիմում է ստացվել։ «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչները բողոքել էին, որ իրենց պաստառները պատռել են։ Հանձնաժողովը դիմել էր ոստիկանություն։ Երկրորդ դիմումը «Մարդու իրավունքների պաշտպան» ԻՀԿ-ից էր։ Դիմումատուն նշել էր, որ «Առուշանյան» դաշինքի պաստառները փակցված են ոչ թույլատրելի տեղերում։ «Պարզեցինք, որ հիմնականում, փակցվել են հասարակական սննդի, առեւտրի կետերի, պետական առանձին կառույցների շենքերին։ Դիմել ենք իրավասու մարմիններին, տեղեկացրել ենք դաշինքի լիազոր ներկայացուցչին, եւ այդ պաստառները հանվել են»,-ասում է Դադաշյանը։
Նարե Հովհաննիսյանը Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի 3-րդ համարն է։ Թեկնածուի դիտարկմամբ, ընտրողների մեջ վախ կա։ Մարդիկ չէին գալիս հանդիպումներին, կարծես չէին ուզում ծանոթանալ նախընտրական ծրագրերին, ավելին՝ Շուռնուխում իրենց պաստառներն են պատռել։
Կարդացեք նաև
«Ենթադրում ենք, որ դա եղել է ուղղորդված գործողություն, որովհետեւ մեր պաստառներից որեւէ մեկը չտեսանք Շուռնուխում։ Այլ միայն շենքերին, մեքենաներին ցուցանակներին Առուշ Առուշանյան դաշինքի պաստառներն էին։ Եվ նաեւ միտում կար, որ մարդիկ դուրս չէին գալիս հանդիպման։ Հետաքրքվեցի, ասաց, որ մարդիկ ազդեցության համայնքապետարանի ազդեցության ներքո են, գյուղապետից են հարցնում գնան թե չգնան ու անգամ, եթե ուզենան էլ չեն գա»,-ասում է Նարե Հովհաննիսյանը։ Առաջին մասնագիտությամբ՝ բանասեր, երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան Նարե Հովհաննիսյանը տարիներ ի վեր հասարակական գործունեությամբ է զբաղվել։ «Գիտեք, մի բան էլ արձանագրեցի քարոզարշավի ընթացքում։ Ասենք վարչական ղեկավարները հեռվում կանգնած նայում էին, չէին մոտենում բարեւելու։ Ընդունենք՝ այլ թիմից են կամ ազդեցության տակ են, բայց ի վերջո իրենց գյուղը հյուր է մտել, քաղաքակիրթ եղեք բարեւեք»,-ասում է ՀԱԿ-ի թեկնածուն։ Ի դեպ, Նարե Հովհաննիսյանը նկատել է՝ սոցանցերում էլ «վիրավորական բառեր էին գրում, պիտակավորում եւ հիմնականում այն մարդիկ, որոնց պրոֆիլներին Առուշանյանի լուսանկարներ են»։
Քարահունջ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառներն էին պատռել։ Իշխող կուսակալության ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցի խոսքով՝ «իրենք նման բաների ուշադրություն չեն դարձնում»։ «Կարեւորը, քարոզարշավը անցնում է բնականոն, ոչ մի խախտում չենք նկատել»,-ասում է նա։
«Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է։ Երեկ դատարանը որոշում կայացրեց երկրորդ հորիզոնականում գտնվող Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին ազատել կալանքից՝ 30 մլն դրամ գրավով։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչ, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում մրցակցությունը չպահպանվեց։ «Վարչական ռեսուրսը աշխատում էր իշխանական ուժի օգտին, իսկ մեր պարագայում, եթե եղել է խախտում, ապա միայն տեխնիկական խախտումներ էին եւ շտկվել են»,-ասում է տիկին Յոլյանը, որը դաշինքի ցուցակի 3-րդ համարն է։
Մեղրիում ուժերն են չափելու 4 քաղաքական կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», «Ազատական»-ն ու «Հանրապետությունը»։ Մեղրու ավագանու ընտրություններին առաջադրված «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում քարոզարշավը ընդհանուր առմամբ, հանգիստ ու խաղաղ որակեց։ «Մի բան միայն կասեմ, ընտրողները պասիվ էին, շատ դեպքերում խուսափում էին հանդիպումից, մանավանդ քաղաքային համայնքներում՝ Ագարակում եւ Մեղրիում։ Կարծում եմ, դեռ համայնքային նախկին իշխանություններից վախը մնացել է (Մեղրի նախկին համայնքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը այժմ կալանավորված է-Ա․Դ.)»,-ասում է պարոն Անդրեասյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի դիտարկմամբ «քարոզարշավը նորմալ է ընթացել, ոչ մի խոչընդոտ չի եղել»։ Չորեքշաբթի ուղղաթիռով Մեղրի էր ժամանել հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։ Թեկնածուի խոսքով, այս այցը մասնավոր էր, քարոզարշավի հետ կապ չուներ։ «Ես մասնակցել եմ այդ հանդիպմանը, քանի որ իր հետ եղել են իմ կուսակցության ղեկավարները։ Նորից եմ կրկնում, ընդհանրապես քարոզարշավի հետ կապ չունի, հակառակ դեպքում համապատասխան հայտարարություն կլիներ»,-ասում է Արմեն Հայրապետյանը։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում Մեղրիում էր։ Նա հանդիպումներ ունեցավ ընտրողների հետ։ «Հանրապետության» ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանի դիտարկմամբ՝ «քարոզարշավը ընթացել է ճնշումներով»։ «Լիճքի վարչական ղեկավարին են ազատում աշխատանքից, իմ հանդիպման ժամանակ հրապարակի լուսավորությունը ուշ են միացնում, բոլոր խախտումների մասին ես ահազանգել եմ։ Ինչ ասեմ, Աստված նրանց հետ»,-ասում է Բագրատ Զաքարյանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արարատ Թումանյանը քարոզարշավը մեկ բառով որակեց՝ ընտիր։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մասնակցել քարոզարշավին, բայց կառավարող ուժի թեկնածուին աջակցելու համար Մեղրիում ընտրողների հետ հանդիպեցին Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։ «Գիտեք, ժամանակն է, որ պայքարը ոչ թե պայմանավորենք անձերով, այլ գաղափարներով»,-համոզված է Արարատ Թումանյանը։
Նշեմ, որ Տեղ համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվել են «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Տաթեւում պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը» եւ «Շանթ դաշինքը»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ