ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրիում խոսելով ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես Սյունիքի մարզում նկատելի լարվածության մասին, ասաց․«Ես Սյունիքի մարզում հանդիպումներ ու մարզպետարանում խորհրդակցություն եմ ունեցել։ Եվ ես հարց եմ առաջ քաշել, որ մարզային իշխանությունները, ոստիկանությունը և այլ գործընկերներ պետք է ամեն ինչ անեն, որ լարվածություն չլինի։
Բացի այն, որ մենք տարբեր տեղերում ընտրություններին մասնակցում ենք` նախևառաջ մենք իշխանություն ենք և պատասխանատու ենք այդ ընտրությունների թափանցիկ, որակյալ և արդար անցկացման համար և ամեն ինչ կանենք, որ այդպիսին լինի։
Այո, կարծես կան որոշակի խմբեր, որոնք փորձում են ինչ-ինչ լարվածություն մտցնել և կարծում են դրան տեղիք չեն տա մեր գործընկերները․ ընտրությունները հանգիստ, նորմալ կընթանան։
Ամեն տեղ է մեզ պետք, որ հանգիստ ընթանա, առավել ևս, կարծում եմ համաձայն եք, Սյունիքում է պետք։
Կարդացեք նաև
Մեզ համար՝ որպես իշխանություն կարևոր է հետևյալը, որ ընտրություններն անցնեն նորմալ և արագ ձևավորվեն համայնքային իշխանություններ, որովհետև կառավարությունը հնգամյա բավական մեծ ծրագիր ունի և այդ ծրագրերը չեն կարող կյանքի կոչվել՝ առանց համայնքների հետ աշխատանքի։ Ընտրություններն ավարտվեն, սկսենք ամբողջ Հայաստանում բոլոր համայնքների հետ համատեղ աշխատել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ