Դիլիջանում այսօր տեղի ունեցավ «Ապրելու Երկիր» կուսակցության ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ամփոփումը:
Ամփոփիչ քարոզարշավը ուղեկցվեց համերգային ծրագրով:
Միջոցառմանը ներկա էին կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Դիլիջանի համայնքի ղեկավարի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը և կուսակցության մյուս անդամները:
Կարդացեք նաև
Իր ելույթում Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը կուսակցության անդամ չէ, սակայն ինքը որպես հասարակական գործիչ ամեն ինչ անելու է, որ Հայաստանում փոխվի իրավիճակը, որը հնարավոր է միայն սրտացավ մադկանց շնորհիվ․
«Ես 8 տարի աշխատել եմ Արմինե Հովհաննիսյանի հետ և կարող եմ ձեզ վստահ ասել, որ դուք հպարտ եք, որ ունեք Արմինեի նման մարդ ձեր համայնքում: Դիլիջանը իմ ընտանիքի և ընկերների հետ միասին փորձում ենք փոխել և ուզում եմ խոստովանել, որ մենք շարունակելու ենք այդ ծրագիրը: Սակայն պետք է հասկանանք, որ հնարավոր չէ փոխել քաղաքը, եթե այդտեղ ապրողը չի ուզում դա: Դա պետք է անել միասին և ես վստահ եմ, որ դա անելու ենք միասին»:
Վարդանյանն իր ելույթում նաև ընդգծեց կնոջ դերի կարևորության մասին․ «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանում քրիստոնեությունը ընդունվել է հենց թագավորի քրոջ շնորհիվ, ով իր եղբորը համոզել է, որ դա է ճիշտը: Կնոջ դերը շատ կարևոր է, և ես ուզում եմ, որ մեր խոսքերով և ոչ թե կենացներով մենք հարգենք ու սիրենք միմյանց ու մեր երկիրը: Մենք մեր հավատն ենք կորցրել, որը շատ դժվար է վերականգնել: Ես Արմինեին վստահում եմ և հավատում եմ թե’ որպես անձ, և թե’ որպես մասնագետ։ Այս ընտրությունը անձի ընտրություն չէ, այլ համայնքի ապագայի ընտրություն է»:
«Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Դիլիջան համայնքի ղեկավարի միակ կին թեկնածու Արմինե Հովհաննիսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց իր հայրենակիցներին.
«Մենք միշտ ասում ենք, որ մեր երեխաներն են մեր ապագան և մենք բոլորս պարտավոր ենք այդ երեխաների համար այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ նրանք կկարողանան ապրել և արարել: Մեր երեխաների, և մեր բնակիչների համար այս համայնքը պետք է դառնա ապրելու ու զարգանալու համայնք:
Քարոզարշավի ընթացքում հազարավոր բնակիչների հետ եմ հանդիպել և ևս մեկ անգամ համոզվել եմ, թե ինչ փառահեղ մարդիկ են մեր հայրենակիցները, և ես հպարտ եմ դիլիջանցի լինելու համար:
Ես խոստանում եմ, որ այսօր էլ, վաղն էլ ու միշտ ծառայելու եմ այս համայնքի համար և ծաղկեցնելու ենք միասին»։
Նշենք, որ միջոցառման հատուկ հյուր էր Արամ MP3, ով իր ելույթներով տրամադրություն ապահովեց ներկաների համար։
Սաթենիկ Հովսեփյան