Լրահոս
Օրվա լրահոսը

Քննվեց դատախազության բողոքը. Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին

Հոկտեմբեր 15,2021 20:00

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Բողոքի քննությունը մեկ ամսով հետաձգվել էր՝ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի արձակուրդ գնալու առիթով:

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մեժլումյանն ասաց, որ փաստաբան Հայկ Ալումյանը բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին:

Պաշտպանը գտնում էր, որ դատավոր Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը չի կարող արդար համարվել։ Ալումյանը նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։

«Մի մարդ, ով ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռ․ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք։ Սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու Ձեր անկողմնակալության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ Դուք չեք կարող մասնակցել սույն գործով դատավարությանը», – ասել է Ալումյանը։

Դատավոր Հովակիմյանը հայտնել է, որ մինչ այս պահը տեղեկացված չէ եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։

Դատարանը գնաց որոշում կայացնելու: Նիստը նախագահում էին նաեւ դատավորներ Սեւակ Համբարձումյանը եւ Կարեն Մարդանյանը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Սահմանադրական դատարանը  ՀՀ Քրեական օրենսգրքի  300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031