«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը կարծում է, որ երեկ Արցախի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ստորաբաժանումների հարձակումն այդ երկրի վրա միջազգային ճնշման ուժեղացման պատասխանն էր։
Պատգամավորը գտնում է, որ Իրանի հայտարարություններն ու գործողությունները, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան ու նրա հայտարարությունը, Հաագայի դատարանում ՀՀ-ի հայցով Ադրբեջանի դեմ ընթացող լսումներն ու միջազգային այլ կառույցների, պետությունների հայտարարությունները միտված են Ադրբեջանին հասկացնելու, որ 44 օրյա պատերազմից հետո ԼՂՀ հակամարտությունը չի կարգավորվել, հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դեռ բանակցություններ պետք է ընթանան։
Ա․Բեղլոյանը գտնում է, որ Ադրբեջանին դուր չի եկել նաև Հնդկաստանի և Իրանի այն ցանկությունը, որ ՀՀ-ն իրենց հետ միասին պետք է դառնա Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը։ Եվ այն, որ Իրան-Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը կարող է հակադրվել Ադրբեջան-Թուրքիա տանդեմին։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի և տարածաշրջանում իրականացվող ծրագրերի վրա Ռուսաստանի ազդեցությանը, ապա նա ասում է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի նախագահների, ԱԺ նախագահների ու արտգործնախարարների վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ երկու երկրների համար կարևոր է, որ ռուսական ազդեցությունն անխուսափելի պետք է պահպանվի։
Կարդացեք նաև
Պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ Ա․Բեղլոյանը նաև ավելացրեց, որ ԱԺ-ում իր աշխատասենյակի պատին նույնպես փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը․ «Որովհետև ես կուսակցության անդամ եմ, նշանակված չեմ, ընտրված պաշտոնյա եմ, և համարում եմ, որ իմ կուսակցության առաջնորդի նկարը կարող է լինել իմ սենյակում։ Դա ժողովրդավար ազատություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում