«Բանակցային գործընթացում մենք ունենք խիստ լուրջ խնդիրներ, որոնք շատ կանխատեսելի էին»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նա այս կարծիքը հիմնավորեց այսպես. «Այս կարծիքին եմ նախ, որ ՀՀ-ի հիմնական բանակցողը խոսում է խաղաղությունից, իսկ պատասխան ստանում երեկվա միջադեպի պես դրսևորումներով՝ թշնամու կողմից: Այս պարագայում խոսել, որ մեր երկիրն անվտանգ է, աբսուրդի ժանրից է»:
Հայկ Մամիջանյանը փաստեց՝ այսօր առավոտյան էլ է տեղի ունեցել միջադեպ, երբ Արցախում հայկական շտապօգնության սանիտարական մեքենան է կրակի տակ հայտնվել: Այս առիթով նա նշեց. «Դա, մեղմ ասած, չի կարող տեղավորվել խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ»:
Հարցին՝ արդյոք Պուտին-Փաշինյան բանակցությունների չստացվածության հե՞տ էր կապված սահմանային վերջին լարվածությունը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Հավանաբար կապ կա, բայց սա եզակի դեպք չէ: Թշնամու կողմից լկտի հռետորաբանությունը և գործելաոճը վերջին շրջանում, ցավոք, դարձել է նորմա: Ցավով նշեմ, որ բոլորիս մոտ կարծես պաշտպանական ռեֆլեքս է ձևավորվել՝ առավոտյան կարդալ զարհուրելի նորություններ: Ուստի միայն մեկ դրվագով չէ: Տևական ժամանակ թշնամին իրեն պահում է ծայրահեղ լկտի թե′ հռետորաբանության, թե′ գործելաոճի պարագայում: Այս երկուսի դեպքում էլ սանձողը խիստ կրավորական կեցվածք է ընդունում: Իլհամ Ալիևի վերջին հոխորտանքներին պատասխանել է պաշտոնաթող նախագահ Սարգսյանը, որոշակի անդրադարձեր կան նաև ՀՀ երկրորդ նախագահի խոսքում»:
Իսկ արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականություն կա՞, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն այս հարցի մասին ասաց. «Միջազգային հարաբերությունների տեսանկյունից դրդապատճառները և նախադրյալները մոտ, տեսանելի ապագայում լայնամասշտաբ նոր ռազմական գործողությունների ինձ համար փոքր են: Սակայն ներվը, մարտունակությունը և կամքի ուժն ու ադեկվատությունը չափող նմանօրինակ միջադեպեր, որոնք մեզ համար խիստ ցավալի են և կարող են անդառնալի կորսուստների պատճառ դառնալ, կլինեն շատ ու, ցավոք, հաճախակի, քանի դեռ առանցք, դիմագիծ և սուվերենություն չի ցույց տալիս մեր երկրի, ցավոք, քաղաքական ղեկավարությունը: Իսկ ռազմական ղեկավարությունը զբաղված է էժանագին PR արշավներով»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ու ի՞նչ ակնկալիքներ կան, Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ՔՊ-ական թեկնածուների քարոզարշավին, ասաց. «Էդ որ տենց անվերապահ ձեզ բոլորն աջակցում են, ինչո՞ւ է ամբողջ ՔՊ-ական պատգամավորական կորպուստը լծված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին: ԱԺ-ում մի իշխանավորի չես կարողանում հանդիպել. բոլորը մարզերում են»: Խոսելով ակնկալիքների մասին՝ պատգամավորը բերեց Գյումրիի օրինակը ու վստահեցրեց՝ իրենց թիմն ամենամրցունակն է Գյումրիում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ