Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի մամուլն իրանահայության մասին

Հոկտեմբեր 15,2021 18:11

(ուրբաթ 15 հոկտեմբերի)

Այսօր Իրանում ոչ աշխատանքային օր է և թերթ չի հրատարակվում: Կներկայացնենք երկու նյութ, որոնք հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներում և վերաբերում են իրանահայությանը:

Պետական լրատվական միջոցները հաղորդում են, որ Շվեյցարիայի Ազգային Ժողովի նախագահ Անդրեաս Այիբին Իրան կատարած այցելության ժամանակ 13 հոկտեմբերին եղել է նաև Սպահան քաղաքում և այցելել է Նոր-Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք: Հյուրին դիմավորել են Հայոց Առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմի առաջնորդ Տեր Սիփան եպիսկոպոս Քեչեճյանը, երկրի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, թեմի պատգամավորական ժողովի նախագահ Նոել Մինասյանը, թեմական խորհրդի նախագահ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Կրոնական Խորհրդի անդամներ և այլ անձինք. այս մասին մանրամասնություն է հայտնում թեմի առաջնորդարանի հանրային կապը:

«Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը անդրադառնալով իրանահայերի մշակութային եւ կրոնական ազատություններին, ասաց. Իրանի հայությունը 400 տարվա անցյալ ունի՝ իր եկեղեցիներով, դպրոցներով եւ հնագույն պատմությամբ ու ազգային արժեքներով. թեմիս առաջնորդը, ապա իր մտահոգությունը հայտնեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ: Նա նաեւ խոսեց Իրանի ջրի ճգնաժամի մասին եւ մատնանշելով հյուսիսային եւ հարավային շրջանների համեմատ երկրի կենտրոնում ջրի պակասին, Շվեյցարիայի ԱԺ նախագահին եւ այդ երկրի մասնագետներին դիմեց համագործակցել ջրի խնդիրը լուծելու համար: Այնուհետեւ արտահայտվեց պրն. Անդրեասը։ Նա նշեց, որ համաձայն չէ Իրանի դեմ պատժամիջոցների հետ եւ հույս հայտնեց, որ պատժամիջոցները կվերանան եւ երկու երկրները լիովին կհամագործակցեն: Նա հավելեց. «Մենք Շվեյցարիայում խոսում ենք չորս տարբեր լեզուներով եւ ուրախալի է, որ Իրանի հայ համայնքը ազատությամբ խոսում է մայրենի լեզվով եւ գնահատում իր լեզուն», հայտնում է առաջնորդարանի հանրային կապը:

Իրանի պետական բարձրաստիճան հյուրերի այցելության մշտական վայրերից է նաև Նոր-Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքը, որ և գտնվում է Իրանի կենտրոնական և նահանգային իշխանությունների ուշադրության կենտրոնում:

***«Նոգահե նո»/Նոր հայացք/ պարբերականն իր թիվ 130 համարում ներկայացրել է անվանի երաժշտագետ և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և շապիկի վրա հրապարակել է նրա նկարը: Պարբերականը հրատարակվում է 1991 թվականից և այս համարը բաղկացած է 260 էջից: Հոդվածագիրը ներկայացնում է «ամենաիրանցի իրանցուն». սա իրանահայ Ճգնավորյանի ամենադիպուկ բնութագիրն է, որ իրեն տվել են տեղի ԶԼՄ-ները: Պարբերականը ներկայացնում է իրանահայ արվեստագետի կյանքն ու գործունեությունը, իսկ հյուրը հուշեր է պատմում իր ստեղծագործական անցյալից՝ հետաքրքիր դրվագներ շահական և իսլամական վարչակարգերի ժամանակաշրջանից:

Լ. Ճգնավորյանը ծնվել է Իրանի Բորուջերդ քաղաք, սերում է արևմտահայ ընտանիքից. բարձրագույն ուսում է ստացել Ավստրիայում ու ԱՄՆ-ում, աշխատել է տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում: Ստեղծագործական խմբեր է ղեկավարել Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում, Երևանում և Թեհրանում: Նա Իրանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված է որպես խաղաղության դեսպան:

 

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031