Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Քրեական օրենսգիրքն ասում է. բարեգործության անվան տակ ընտրողին ինչ-որ բան տալը հանցագործություն է»

Հոկտեմբեր 15,2021 17:51

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ, կայացավ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանն ընդդեմ 2021 թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի եւ մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների կողմից մեկ օրական հավի ճտեր, իբրեւ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ հանցագործության կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի եւ Լոռու մարզի դատախազի կողմից քրեական գործ չհարուցելու որոշման բողոքարկման նիստը:

Էդգար Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը ժամանակին դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի վերջինները քրեական գործ հարուցեն Լոռու մարզում մարզպետի կողմից ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ հանցագործության փաստի առիթով, որը այդ ժամանակ եղել է ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու:

Նրա փոխանցմամբ, նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում «Արաքս» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի կողմից մեկ օրական ճտեր են հատկացվել, որոնք բերվել են մարզպետարանի մոտ եւ մարզպետարանի աշխատակիցները, մասնավորապես, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, գյուղատնտեսության բաժնի պետը, այդ բաժնի մի աշխատակից եւ մարզպետի օգնականը մարզպետի հրահանգով սկսել են մարդկանց ցուցակագրել, ցուցակներում նշել նաեւ նրանց հեռախոսահամարները եւ ճտերը բաժանել: «Սա ընտրակաշառքի դասական օրինակ է, որ մենք լսել ենք, թե ժամանակին ինչպես է բաժանվել: Սակայն այս անգամ դա արվել է այն տարբերությամբ, որ ընտրակաշառքը սովորաբար հասարակ մարդիկ են բաժանել, իսկ այս դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը: Այսինքն, եւ ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ հանցագործություն են կատարել, եւ քրեական օրենսգրքի 309 հոդվածով իրենց պաշտոնական պարտականություններից դուրս գործողություններ են կատարել ակնհայտ շահադիտական նպատակներով, որովհետեւ մարզպետը եղել է պատգամավորի թեկնածու: Ընդ որում, դա էլ իրականացրել է նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում, երբ արդեն ընտրության օրն էլ էր հայտնի, կուսակցություններն էլ էին գրանցվում: Մարզպետը նաեւ ոստիկանությանը բացատրություններ է տվել, որ ինքը տեղյակ է եղել, իրեն զեկուցել են, ինքն է հանձնարարել, որ անեն: Բայց բոլորի թեզն այն է, թե սա իբրեւ բարեգործություն է: Մինչդեռ, քրեական օրենսգիրքն արգելում է նախընտրական շրջանում անգամ բարեգործության անվան տակ թեկնածուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ինչ-որ բան բաժանելը: Իսկ բարեգործության մասին օրենքով արգելվում է, որ դա անեն առեւտրային կազմակերպությունները եւ պետական կառավարման մարմինները: Այսինքն, ըստ բարեգործության մասին օրենքի, բարեգործությամբ կարող են զբաղվել միայն ոչ առեւտրային բարեգործական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ պետական կառավարման մարմինը իրավունք չուներ մասնակցել մասնավոր ընկերության ծրագրերին»:

Էդգար Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս նույն երեւույթը որպես ընտրակաշառքի զանգվածային դրսեւորում, նախընտրական շրջանում կատարվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում, որտեղ մարզպետները եղել են «Քաղաքացիական պայմանագրով» պատգամավորի թեկնածու: «Սա իրական փաստ է ամբողջ երկրում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար:

Ասում են, թե ճտերը տվել են անապահով խավին: Եթե ընդունում ես, որ բաժանել ես անապահովներին, տրամաբանական հարց է առաջանում՝ բա ընտրակաշառքը հո միլիոնատերերին չե՞ն բաժանում: Մեր երկրում սոցիալական պաշտպանության մասին օրենք կա, որով գնահատվում է յուրաքանչյուր ընտանիքի կարիքավորության աստիճանը՝ մաթեմատիկական թվով: Եվ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ըստ կարիքավորության աստիճանի յուրաքանչյուր ընտանիքի տալիս է աղքատության ընտանեկան նպաստ»:

Էդգար Ղազարյանը նաեւ պահանջում է, որպեսզի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցի մարզի դատախազի, մարզի ոստիկանապետի նկատմամբ, որ ընտրախախտման ակնհայտ փաստերի առկայության դեպքում իրենք իրենց ծառայության շահերին հակառակ են գործել՝ քրեական գործ չեն հարուցել:

Դատական նիստին Էդգար Ղազարյանը ներկայացրեց քրեական օրենսգրքի հոդվածների խախտումները ինչպես ընտրակաշառքի փաստով, այնպես էլ՝ իրենց պաշտոնական դիքը չարաշահելու իմաստով: Նաեւ հիմնավորեց, որ սխալ են մեկնաբանում նաեւ բարեգործության մասին օրենքը՝ մասնավորապես նշելով իբր բարեգործություն, մինչդեռ, քրեական օրենսգիրքն ասում է՝ բարեգործության անվան տակ ընտրողին ինչ-որ բան տալը հանցագործություն է: Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ իր ներկայացրած փաստերը հիմնավորում են այն ենթադրությունը, որ կատարվածը էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 23-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031