«Քովիդ-19-ով վարակվելու պարագայում քրոնիկ հիվանդների հոսպիտալացվելու եւ անգամ մահանալու շանսերը շատ ավելի բարձր են, քան առողջ օրգանիզմում»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ պե՞տք է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստվել քաղցկեղի, շաքարային դիաբետի դեպքում, հղիության շրջանում: Բժշկի խոսքով, խելացի մարդը պետք է հասկանա՝ պետք է պատվաստվի եւ վերջ. «Մնացածն արդեն մասնագետները կասեն՝ քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների համար ինչպես դա կազմակերպվի: Պատկերացրեք՝ մարդը գնացել է վիրահատության, սկսել է քիմիաթերապիայի ծանր կուրսերը ու հանկարծ այդ կուրսերի կեսից վարակվում է: Աշխատանքի կեսից ավելին ջուրն է ընկնելու, որովհետեւ չի կարողանալու շարունակել, հիվանդը ծանրանալու է, անգամ կարող է մարդուն ոչ թե ուռուցքային հիվանդությունից կորցնես, այլ քովիդից»:
Ըստ Վահե Տեր-Մինասյանի, հակացուցումներ կարող են լինել, եւ դրա մասին հիվանդի բուժող բժիշկը պետք է ասի:
Սրտաբան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Սուսանին ասաց, որ սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն ամենամեծ ռիսկի խմբում են:
Կարդացեք նաև
Բժշկի խոսքով, սրտանոթային հիվանդությունների դեպքում պատվաստվելու հակացուցում գրեթե չկա. «Պատվաստանյութից կարող է տասը հազարից մեկը ինչ-որ բարդություններ ունենալ, իսկ քովիդից կարող է ամեն երրորդը մահանում է: Հիմա որի՞ն հավատալ, բժիշկներին, թե՞ այն ստախոսներին, որոնք տարածում են այդ լուրերը: Կրկնում եմ՝ սրտանոթային հիվանդները՝ նախավիրահատական, հետվիրահատական, եթե ամեն ինչ նորմալ է, պիտի պատվաստվեն»:
Առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Նաիրա Գոգյանն ասաց, որ շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ կորոնավիրուսը ընթանում է մի քանի անգամ ծանր, քանի որ նրանք դիմադրողականության խնդիրներ ունեն. «Եվրոպացի, ռուսաստանյան, ամերիկյան մասնագետները եկել են այն եզրակացության, որ թե առաջին եւ թե երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողները պետք է պատվաստվեն: Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի պատվաստումները, շաքարային դիաբետ ունեցողների համար նույնն ազդեցությունն ունեն, ինչ սովորական գրիպի պատվաստումը»:
Վահե Տեր-Մինասյանն անդրադարձավ նաեւ շրջանառվող այն լուրերին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջացնում է անպտղություն: Ասաց, որ հակապատվաստումային միֆերն ու շարժումներն ամբողջ աշխարհում են եւ նոր երեւույթ չեն. «Դրանք մոտ 200 տարվա պատմություն ունեն: Մի շարք չակերտավոր մասնագետներ նշում էին, որ հեսա ձեր երեխայի մոտ պոզեր կամ պոչեր է աճելու կամ մարդկանց մոտ կզարգանա անպտղություն: Բայց կարծես թե երկիր մոլորակի բնակչությունը միայն ու միայն աճում է՝ չնայած, որ արդեն 200 տարի է՝ պատվաստումները կան: Ամենալավ օրինակը Ծաղիկ հիվանդությունն է, որից 500 միլիոն մարդ է մահացել, իսկ միայն պատվաստման արդյունքում այդ հիվանդությունն ամբողջությամբ հաղթահարված է»:
Պատվաստումների՝ հայկական միֆերի մասին էլ բժիշկ Տեր-Մինասյանն ասաց, որ գործ ունենք «խայտառակ կերպով մեդիա անգրագիտության հետ», երբ մարդիկ մոլորեցման մեջ են ընկնում. «Գուցե բժիշկների մեղքն է, ավելի շատ ժամանակ ու ջանք չենք տրամադրել մեր քաղաքացիներին օգնելու, բացատրելու, որ ոչ մի բժիշկ մեր ժողովրդի թշնամին չէ»:
Ըստ Վահե Տեր-Մինասյանի, բոլոր այն մարդիկ, որոնք այսօր վարում են հակապատվաստումային գործունեություն, նրանք բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն գրանցված ամեն մի մահի մեջ. «Միայն քովիդից հինգ մայրական մահ ենք ունեցել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի