Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը անկախ կինոյի զարգացման հրաշալի վայր է»

Հոկտեմբեր 15,2021 17:43

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը՝ հանրությանը ներկայացնելով կինոյի լավագույն աշխատանքները, հյուրընկալելով կինոոլորտի գործիչների, ինչպես նաև իրականացնելով ամենատարբեր միջոցառումներ Հայաստանի սրտում՝ Երևանում։ Փառատոնային ինքնատիպ ֆիլմերից էր իրանցի ճանաչված կինոգործիչ, ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Անձրևը գալիս է ուր ուզի» ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհի Սառան փորձառու և հարգված բուժքույր է Թեհրանի հիվանդանոցներից մեկում, որտեղ լռելյայն կյանքից զրկում է իր այն հիվանդներին, որոնք կորցրել են ապաքինման ամեն հույս: Սառայի կյանքում կարծես ամեն ինչ լավ է ընթանում, քանի դեռ նրան չեն խնդրել խնամել մի մասնավոր հիվանդի վերջինիս ծովափնյա առանձնատանը:

Ֆիլմը իրանա-կանադական համարտադրություն է, որն իրականացվել է Rainy Pictures-ի և The Other End-ի համագործակցությամբ։ Պրեմիերան կայացել է Ռոտերդամի 50-րդ միջազգային փառատոնի շրջանակում, այնուհետև մինչ հայկական փառատոնը ներկայացվել Դուրբանի միջազգային կինոփառատոնին։

«Իրանում անկախ կինոյի վրա աճող ճնշումների և սահմանափակումների պատճառով ծայրահեղ դժվար է դառնում մեր երկրում արտհաուսային կինոարվեստի ճանապարհը նախընտրելը։ Ֆիլմերի նկատմամբ քաղաքականության անընդհատ փոփոխությամբ և անկախ կինոնկարների բյուջեների նկատմամբ սրվող տնտեսական պայմանների հետևանքով մեր օրերում շատ դժվար առաքելություն է դարձել մեր երկրում արտհաուս կինոն բարձր պահելը»,- ասում է Մաջիդ Բարզեգարը, որը նաև անկախ կինոյի առաջատար պրոդյուսերներից է: Թեհրանում նրա Rainy Pictures-ի գրասենյակում արտադրված ֆիլմերից շատերի պրեմիերան կայացել է աշխարհի ամենանշանավոր փառատոններում, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Սան Սեբաստիանի, Բուսանի և Չիկագոյի միջազգային կինոփառատոնները:

Մաջիդ Բարզեգարի ֆիլմերից մի քանիսը նախորդ տարիներին ներկայացվել են «Ոսկե ծիրան» փառատոնին, կինոռեժիսորը մշտապես մասնակցում է փառատոնին։ «Անձրևը գալիս է ուր ուզի» ֆիլմը մեր երկրում ներկայացվեց կանադացի պրոդյուսեր Ամիր Էնդալահի կողմից, ով Տորոնտոյի առաջատար The Other End-ի ընկերության ղեկավարն է։ Վերջինս զբաղվում է անկախ կինոների առաջխաղացմամբ ամբողջ աշխարհում, կինոփառատոններ է կազմակերպում Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում՝ աջակցելով իրանցի կինոարտադրողներին։

«Շատ հաճելի է տեսնել, թե որքան մեծ սեր ու աջակցություն եք ներդնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպման գործում։ The Other End-ի ընկերությունում մենք ձգտում ենք ձայնի հնարավորություն տալ աշխարհի տարբեր երկրների անկախ կինոգործիչներին, և «Ոսկե ծիրան»-ի դեպքում էլ մենք տեսնում ենք, որ պրոֆեսիոնալ թիմ և ֆանտաստիկ մթնոլորտ են ձևավորված անկախ կինոյի շուրջը։ Շատ հուզիչ է հասկանալ, որ մեր ֆիլմը նման լավ ձեռքերում էր»,-նշում է Ամիր Էնդալահը, որը Տորոնտոյից Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու փառատոնին։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, հատեց եզրագիծը։ Փառատոնի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները տպավորված էին ոչ միայն փառատոնի մակարդակից, այլև ջերմ Երևանից։ Փառատոնային օտարերկրյա հյուրերն առանձնակի գոհ էին ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելու փաստից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031