Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա խի՞ չեք ԱԺ-ում սոցիալական հեռավորությունը պահում, ոմանք այնքան մոտիկ են նստում, որ հայ-հայ է իրար գրկեն պաչեն՝ սեռից անկախ». Գեւորգ Պետրոսյան

Հոկտեմբեր 15,2021 17:14

Հարկադիր պատվաստման մասին այսօր «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանը ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ժողովուրդը ոչ թե վստահություն չունի պատվաստանյութի բաղադրության հետ կապված, այլ անվստահություն ունի իշխանության նկատմամբ. «Այնքան է իշխանությունը խաբել ժողովրդին, որ անգամ ամենալավ բանն էլ մեղավորության կանխավարկածով է ընդունվում: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն ունի ժողովուրդը, դրա համար փախեփախ է անում»:

Նա ասաց, որ Սահմանադրությունը իրավունք է տալիս մարդու հրաժարվել իր հանդեպ կասկածելի բժշկական փորձերից. «Այն, որ սա բժշկական փորձ է՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չկա: Չկա որեւէ միջազգայնորեն ճանաչված կազմակերպության պաշտոնական եզրակացություն, որ պատվաստանյութ ընդունելը բացառում է համավարակով վարակվելու հնարավորությունը… Անգամ բժիշկներն են խոստովանում ու այս պայմաններում մարդկանց պարտավորեցնել պատվաստվել հակամարդկային մոտեցում է, չեմ ասում հակասահմանադրական: Հիմա որոշել են մարդկանց հետ սպառնալիքների լեզվով խոսել: Դե Նիկոլ Փաշինյանը շատ զբաղված մարդ է, ժամանակ չունի կարդալ Սահմանադրությունը, որի 3-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն սահմանում է, որ հանրային իշխանությունը կաշկանդված է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով»: Այսինքն, նա իրավունք չունի հանրային իշխանությունը փաթաթել քաղաքացու վզին՝ նրա համար սահմանադրությամբ չսահմանված պարտականություն դնելով վրան»:

«Ասում են՝ չես պատվաստվում՝ վաղվանից գործի չգաս: Աշխատավարձ չենք տալիս, 30 օր հետո էլ ազատում աշխատանքից: Ենթադրենք, 10 հոգանոց կոլեկտիվ, մարդը չի պատվաստվում, հիմա այս մարդուն գործից հանում ես, գնում է հասարակության մեջ, հազարավոր քաղաքացիների վարակում է, հասկանո՞ւմ եք, չմտածված մեխանիզմ է»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով. «Ասում է՝ եթե պատվաստվել ես, էլ պետք չի թեստավորվես: Եթե պատվաստվել է, չի նշանակում չէ՞, որ վարակակիր չի: Եզրահանգման ենք գալիս, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը իրացնում է պատվաստանյութը իրացնելու պարտականությունը, ի՞նչ մարդու իրավունք»:

Անդրադառնալով ԱԺ-ում համավարակի կանոնների պահպանմանը՝ Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Ինչքա՞ն է պատգամավորների աթոռների հեռավորությունը՝ 15-20 սմ: Բա ինչի՞ չեք պատվաստում, այնտեղ մարդ կա՝ ցեխից հելել է, դառել է պատգամավոր, ուրեմն նա ավելի մաքուր է, քան մե՞նք, որ պատգամավոր չենք: Կամ կառավարության անդամների աթոռների հեռավորությունը՝ սոցիալական հեռավորություն ասվածը: Բա խի՞ չեք ԱԺ-ում սոցիալական հեռավորությունը պահում, ոմանք այնքան մոտիկ են նստում, որ հայ-հայ է իրար գրկեն պաչեն՝ սեռից անկախ»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ խտրականություն կա, ինչո՞ւ պետք է 68 հազար դրամ ստացող ուսուցչից պահանջեն պատվաստում կամ ՊՇՌ թեստ, իսկ «սպիդոմետրի վրա 250 հազար կասկածելի գրանցած» պատգամավորից չեն պահանջում, նրանց արյունն ավելի կարմի՞ր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031