Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծրատիպ, որից պետք է ազատվել՝ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ ռուս խաղաղապահներն այստեղ են». Գեղամ Բաղդասարյան

Հոկտեմբեր 15,2021 17:06

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` արցախա-ադրբեջանական շփման գծում երեկ տեղի ունեցածը պատահական չէր՝ տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող զարգացումների ֆոնին, ինչին Ադրբեջանը ցավագին-հիվանդագին է արձագանքում:

«Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ, Գեղամ Բաղդասարյանը խոսեց կարծրատիպերի մասին, որոնցից Արցախում չեն կարողանում ձերբազատվել: Առաջինը՝ անվտանգության քաղաքական բաղադրիչն է, ինչի մասին, ըստ բանախոսի թե Արցախում, թե Հայաստանում չեն սիրում խոսել: Անվտանգության ռազմական բաղադրիչն, ըստ նրա, անմխիթար վիճակում է, բայց նա հուսով է, որ մեր մտքին հասու կլինեն այնպիսի բաներ, որոնցով հնարավոր կլինի դիրքի կահավորումը, որ հնարավոր չլինի ականանետի մեկ հարձակումով վեց զինվոր խոցել:

Այս համատեքստում անդրադառնալով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի վերջին հավաստիացումներին, թե պատերազմ հնարավոր չէ, քանի որ ռուս խաղաղապահներն այստեղ են, Գեղամ Բաղդասարյանն արձանագրում է, որ նման մտածողությամբ, մենք լավ տեղ չենք հասնի եւ եթե նույնիսկ իշխանությունը ներքուստ համոզված է, որ մոտակա տարիներին պատերազմ չի լինելու, պետք է հանրությանը պատրաստել այլ սցենարի: Ինչ վերաբերվում է նման կեցվածքի դեպքում խուճապ առաջացնելուն, Գեղամ Բաղդասարյանը հակադարձում է՝ խուճապից վատ է վաղվա օրվա նկատմամբ անտարբերությունը եւ ինքնապաշտպանության բնազդի բթացումը:

ՌԴ-ից հնչող այն ազդակները, որ ներկայիս հիմքերը բավարար են Արցախի հակամարտության կարգավորման համար, Գեղամ Բաղդասարյանը նույնպես պատահական չի համարում՝ աշխարհի մյուս ծայրից հնչող՝ հարցի կարգավորման քաղաքական բաղադրիչի եւ Արցախի սուբյեկտայնության պահպանման ֆոնին: Գեղամ Բաղդասարյանին մտահոգում է, որ այս ծանր իրավիճակում, Արցախում քաղաքական միտք չկա, խորհրդարանը, երկրի քաղաքական ղեկավարությունն ի վիճակի չեն ադեկվատ արձագանքելու իրողություններին: Քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու համար, ըստ նրա, պետք է նախ հանրային նոր օրակարգ ձեւավորել, բայց դա հնարավոր չէ, եթե ի սկզբանե ասում ենք՝ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ ռուս խաղաղապահներն այստեղ են. ռուս խաղաղապահները մի օր դուրս կգան եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ իրավիճակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031