Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդու վզից՝ զրահաբաճկոնից վերեւ, կախվելու են ժանգոտ կողպեքներ, իսկ ճակատին դաջվելու է «մամուլի թշնամի» դրոշմը». Աղվան Վարդանյան

Հոկտեմբեր 15,2021 16:39

«Երբ թույլ, վախկոտ մարդն իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, հասարակության համար դառնում է վտանգավոր: Նման դեպքերում հասարակությունը պաշտպանվելու քիչ միջոցներ ունի»,- այսօր «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանը այսպիսի գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, որ ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից» եւ դատական համակարգում Գագիկ Ջհանգիրյանից հետո եւ ընթացքում բնական է, որ հաջորդ թիրախը լինելու են ԶԼՄ-ները եւ խոսքի ազատությունը:

Աղվան Վարդանյանն ասաց, որ ռազմական դրության եւ արտակարգ դրության պայմանները հնարավորություն են տվել իշխանությանը է՛լ ավելի սրել օղակը: Ըստ պատգամավորի, ԶԼՄ-ների ֆինանսական հոսքերը կրճատում են՝ սկսած գովազդներից, մինչեւ տուգանքներ. «Կազմակերպված արշավ է մամուլի դեմ, սոցցանցերում»:

Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը վիրավորանքը քրեականացնող հոդվածը ուժը կորցրած ճանաչելուն է ուղղված. «Խոսքի ազատության բազմաթիվ պաշտպաններ, ՀԿ-ներ, որոնք տարիներ շարունակ իբր այդ առաքելությամբ են հանդես եկել եւ տարիներ շարունակ այդ անվան տակ ստացել են տասնյակ միլիոնավոր դոլարների գրանտներ, աջակցություններ, իրականում այդ միլիոնները երբեք էլ մամուլին չեն ծառայել ու նրանք այսօր բացարձակ չեն խոսում սահմանափակումների մասին»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ սա մեկ անձի իշխանություն է ու նրա հրահանգով են ամեն ինչ անում. «Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդու վզից՝ զրահաբաճկոնից վերեւ, կախվելու են ժանգոտ կողպեքներ, իսկ ճակատին դաջվելու է «մամուլի թշնամի» դրոշմը»:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է մամուլի դեմ, խոսքի ազատության, ու հասարակության դեմ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031