Այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը» «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկում էր կազմակերպել:
Արամ Վարդեւանյանն ասաց, որ նախկինում էլ դատական համակարգում խնդիրներ են եղել, բայց դրական տեղաշարժ է նկատվել, օրինակ, էլեկտրոնային մակագրության համակարգն էր ներմուծվել. «Էլեկտրոնային մակագրման համակարգը առգրավվեցին: ՀՀ-ն բացառիկ է այդ իմաստով: Այստեղ կարողանում են մակագրման համակարգն առգրավվել ու ամիսներով դա չլինի: Դատարանի նախագահները որոշում են՝ հենց իրենց մակագրեն, թե ուրիշին: Սա խաթարում է դատավորի անկախությունը: Մեզ մոտ մշակույթն այնպիսին չի, որ եթե դատավորը շփվեց դատարանի նախագահի հետ՝ որեւէ խնդիր չկա»: Ըստ Վարդեւանյանի, սա շատ վատ ազդեցություն ունի ՀՀ հեղինակության վրա ու դրա ազդեցությունը հետո տեսնելու ենք. «Մեզ ասելու են՝ դուք չե՞ք, որ դատարանների մուտք եք շրջափակում, դո՞ւք չեք, որ մակագրման համակարգն եք հանում»:
Խմբի անդամ Էլինար Վարդանյանը մատնանշեց դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասելով, որ երբեմն թվում է՝ նա Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի նկատմամբ քաղաքական պատվեր էլ չի անում, դա իր կամակորություններն են ու անձնական հակակրանքը, սեւեռվածությունը, որը ինքնաբացարկի անխուսափելի հիմք պետք է հանդիսանար:
Կարդացեք նաև
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դատավոր Դանիբեկյանն իրենց արգելում է ամեն ինչ, նույնիսկ արգելում էր հայտարարությամբ հանդես գալ ու նույնը շարունակում է Արմեն Գեւորգյանի նոր պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ. «Այն, ինչ իրականացնում է Աննա Դանիբեկյանը, չեմ կարող անուն տալ, դա ոչ միայն արդարադատություն չէ, ոչինչ է»:
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ պետք է հայելու մեջ նայենք ու մեր իրական դեմքը տեսնենք, ոչ թե առաջվա նման Բրեդ Փիթի նկարին նայենք ու մեզ թվա՝ մենք ենք. «Մեր իրական կնճիռները տեսնենք, մենք հազարամյակներ, հարյուրամյակներ չենք ունեցել արդար դատարանի ավանդույթ: Այնուամենայնիվ, ըստ Մելիքյանի, զարգացում եղել է. «Մենք արդեն չենք հիշում, որ դատարանի նախագահը ցմահ էր: 2015-ի Սահմանադրության ֆունդամենտալ փոփոխությունն այն էր, որ 3 տարի ժամկետով են լինում դատարանի նախագահ»:
Խոսելով ներկայիս խնդիրների մասին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ կան դատավորներ, որոնք իրավունք չունեն ընդհանրապես արդարադատություն իրականացնել, բայց արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցում Սերգեյ Մարաբյանի դեմ, մի դատավորի, որ երեւի աշխարհում չկա երկիր, որի դատական համակարգում Սերգեյ Մարաբյանը չէր փայլի իր գիտելիքներով, պահվածքով, իր արժեքներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ