Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է թմրաշրջանառության մեջ

Հոկտեմբեր 15,2021 15:48

30 տարի շարունակ Հայաստանն Իրանի հետ օգտագործել է «Ադրբեջանի օկուպացված տարածքները» դեպի Եվրոպա թմրաշրջանառություն իրականացնելու համար: Նման հայտարարություն այսօր արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Իրանին սահմանակից 130 կմ-անոց հատվածի վրա… մենք վերջ տվեցինք Իրանից Ադրբեջանի Ջեբրայիլի շրջանով դեպի Հայաստան և այնտեղից դեպի Եվրոպա թմրաշրջանառությանը: Դա խոսում է այն մասին, որ 30 տարի շարունակ Հայաստանը Իրանի հետ պայմանավորվածությամբ օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա թմրաշրջանառություն իրականացնելու համար: Օկուպացիայի տարիներին ես բազմիցս հայտարարել եմ, որ օկուպացված տարածքներն օգտագործվում են թմրաշրջանառության և ահաբեկիչներ պատրաստելու համար»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից առգրավված հերոինի քանակը իրանա-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում կրկնակի աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ալիևը Հայաստանին նաեւ մեղադրել է, որ վերջինս ոչնչացրել է կրոնական հուշարձանները և կտրել անտառները, իսկ փայտն ուղարկվել է Իրան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետպատերազմյան իրավիճակը հիմնականում հանգիստ է:

«Ասում եմ՝ հետպատերազմյան, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով պահանջվում էր հայկական զորքերի անհապաղ, առանց վերապահումների և լիարժեք դուրսբերում Ադրբեջանի տարածքներից, և Ադրբեջանը լուծել է հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ այս պահին Ադրբեջանում ընթանում են ականազերծման աշխատանքներ:

«Հիմնական խնդիրները, որոնք այսօր կանգնած են Ադրբեջանի առաջ՝ ազատագրված տարածքների ականազերծումն է և ավերված ենթակառուցվածքների՝ շենքերի, պատմական հուշարձանների վերականգնումը: Պատերազմից հետո Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացի է զոհվել կամ ծանր վիրավորվել ականների պայթյունից: Այն քիչ քարտեզները, որոնք փոխանցվել են Ադրբեջանին, ունեն մոտ 25% ճշգրտություն»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ նշել է, որ իրենք պատրաստ են բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ:

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա և պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է նա:

Ալիևը նշել է, որ իրենք՝ որպես հաղթող երկիր, պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: «Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այդ պատմական հնարավորությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031