Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խումբը «Դեպի բռնապետություն. հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկում էր կազմակերպել: Խմբի անդամ Էլինար Վարդանյանը ներկայացրեց, թե ինչ մարտահրավերներ կան մեր երկրում ժողովրդավարական արժեքների համար. «Խնդիրներ ունենք խոսքի ազատության, ոստիկանության հետ: Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչպես են երեխաների ներկայությամբ բռնի ուժ գործադրելով բերման ենթարկում նրանց հորը: Առաջնային մասում արտաքին մարտահրավերներն են: Մենք մնում ենք մեր տեսակետին, որ պետք է ստեղծել պետական տեռորի դեմ դիմադրության համակարգեր»:
Նախկինում ՄԻԵԴ դատավոր, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, դատական համակարգի խնդիրների մասին խոսելիս, ասաց. «Ինձ համար կարեւոր է առաջին հերթին ունենալ դատավոր, որն ունակ է անկախ լինելու, դա հոգեվիճակ է: Հաճախ որոշ դատավորների մեջ երբեմն իշխանության շահը ընկալվում է որպես պետության շահ: Ոչ թե նրանք ցանկանում են կամակատար լինել, այլ իրենց թվում է՝ դրանով պետության շահն են պահում: Դատավորների մոտ շփոթմունք է առաջանում՝ պետության շահ ասելով՝ հասկանում են իշխանությանը կամակատար լինելը: Այն դատավորները, որոնք այսօր իշխանահաճո որոշումներ են կայացնում, նրանք երեկ էլ են կայացրել, համոզված եղեք, վաղն էլ են կայացնելու: Դա մի հանգամանք է՝ հոգեվիճակի: Երկրորդ հանգամանքը նրա անվստահությունն է վաղվա օրվա նկատմամբ: Դատավորը մտածում է, որ եթե այլ կերպ վարվի, պաշտոնից կզրկեն, կհետապնդեն, վաղը ինքը աշխատանք չի ունենա, կզրկվի ֆինանսական, տնտեսական հնարավորություններից ու հասարակության ավելի աղքատ խավի մեջ կդասվի: Որքանո՞վ են դատավորները ապահովված, որ այդպիսի վախեր չունենան»:
Կարդացեք նաև
Գյուլումյանն ասաց, որ հաճախ լսում է հարցադրումներ՝ իսկ ինչո՞ւ պետք է դատավորը բարձր կենսաթոշակ ստանա. «Մտերիմներիցս մեկը, որը բարձր ինտելեկտ ունի, մի օր ինձ ասում է՝ դու չնեղանաս, բայց ես մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է վաղը դու ավելի բարձր թոշակ ստանաս, քան ես, որ բժիշկ եմ աշխատում ու մարդկանց եմ փրկել: Միգուցե իր ասածի մեջ տրամաբանության կա այսօրվա մեծ ճեղքի պատճառով: Բայց դատավորի այդ կարգավիճակը, սոցիալական ապահովվածությունը առաջին հերթին իր իրավունքն է ապահովելու, որովհետեւ այդ դատավորն ավելի համարձակ է լինելու իր իրավունքները պաշտպանելիս: Դատավորի անկախությունը առաջին հերթին հասարակության իրավունքն է ոչ թե արտոնություն դատավորի համար»:
Հետո Գյուլումյանն անդրադարձավ այն հարցին, թե որքանով է մեր հասարակությունը առողջ` դատավորների անկախության կարեւորությունը հասկանալու համար. «Եթե հասարակության մեջ մեզ թույլ ենք տալիս առաջնորդվել գլադիատորների մարտերի նման, ասել՝ կախել, կամ թողնել, որ ապրի, երբեմն մենք սոցիալական հարթակներում կարդում ենք, կարծես այս հասարակությունը որեւէ դատավճռի կարիք չունի, ինքը դատավճիռը կայացնում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ