Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմավարի պուրակի փակումը Հայաստանի դիմումի միակ առարկան չէ». պրոֆեսոր Սալոնիդասը՝ Հաագայի դատարանում

Հոկտեմբեր 15,2021 15:15

«Ռազմավարի պուրակի փակումը Հայաստանի դիմումի միակ առարկան չէ»,- Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայտարարեց հայկական կողմի տեսակետները ներկայացնող փորձագիտական խմբի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդասը:

Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Հոկտեմբերի 15-ին շարունակվեցին լսումները: Հայկական դիրքորոշումը ներկայացնող հեղինակավոր պրոֆեսորները ներկայացրին ծանրակշիռ փաստեր՝ պնդելով, որ ադրբեջանական կողմի հակադարձումները հիմնականում քաղաքական էին:

Կոնստանտինոս Սալոնիդասը հայտարարեց. «Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին դիմում է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնպահ մնալ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումից: Ռազմավարի պուրակն այդ ատելության մի դրսևորումն է: Մյուսը պետական մակարդակով տարածվող ատելության խոսքն է: Նաև դատարանին դիմում ենք պարտավորեցնել Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը ձեռնպահ մնալ պետական մակարդակով ատելության խոսքի տարածումից»:

Պրոֆեսորը շեշտեց՝ ատելության խոսքի գագաթնակետը ռազմավարի պուրակն էր, որի ստեղծումով պետական մակարդակով գովաբանում են հայատյացությունը: Ի պատասխան ադրբեջանական կողմի հնչեցրած այն վստահեցումներին, թե այդ պուրակն իրենք հիմնել են պատերազմում զոհվածների հիշատակի համար, Կոնստանտինոս Սալոնիդասը դատարանի անդամներին հորդորեց լսել այդ պուրակի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիևի ելույթը, որում ոչ մի խոսք այդ մասին չկա:

Պրոֆեսոր Քոփի հավաստմամբ՝ Ադրբեջանը դրդում է դատարանին դառնալ կողմ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանն իր պաշտպանությունը կառուցում է այն տեսակետի վրա, որ Հայաստանն է խզել բանակցությունները, դրանք տարել դեպի փակուղի: Սա է նրանց հիմնական փաստարկը: Մեկ կողմը չի կարող բանակցություններից հրաժարվել: Դա երկկողմանի գործընթաց է: Հասկանո՞ւմ եք, որ Ադրբեջանն ուզում է անել այնպես, որ դատարանը գնահատի, թե ինչու են բանակցությունները խզվել: Մի՞թե դա է դատարանի գործառույթը: Ադրբեջանը դատարանին ստիպում է դառնալ կողմ և գնահատել, թե ինչու են բանակցությունները ձախողվել»:

Հայ ռազմագերիներին՝ որպես հանցագործներ ներկայացնելու՝ ադրբեջանական պնդումներին ի պատասխան՝ հայկական տեսակետը ներկայացնող պրոֆեսորները փաստեցին, բոլոր այն ռազմագերիները, որոնք պահվում են Ադրբեջանում, այդ երկրի տարածքում են հայտնվել հրադադարի համաձայնագրից հետո: Հետևաբար` նրանք չեն կարող պատերազմական հանցագործություններ կատարող լինել, քանի որ պատերազմական գործողություններ չեն եղել: Ուստի նրանք ռազմագերիներ են և օգտվում են միջազգային իրավունքի տրամադրած բոլոր այն երաշխիքներից, որոնք վերաբերվում են ռազմագերիներին:

Եղիշե Կիրակոսյան

Հաագայի դատարանում ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց՝ ադրբեջանական կողմն օգտագործում է քաղաքական հռետորաբանություն և խեղաթյուրում պատմական փաստերը, ինչը ոչ մի կապ չունի այդ գործի հետ: Նա եզրափակեց ու նշեց, թե որոնք են ՀՀ-ի դիմումում արձանագրված պահանջները. «Ադրբեջանը պետք է միանգամից ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին, այդ անձանց պետք է վերաբերվի իր՝ միջազգային իրավունքով սահմանված հանձնառությունների համաձայն: Պետք է ապահովի նրանց անվտանգությունը, բժշկական օգնություն ստանալու հասանելիությունը, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումից, փակի այսպես կոչված ռազմավարի պուրակը: Պետք է պատշաճ կերպով պահպանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, թույլ տա հայերին այցելել այդ վայրեր: Այնուհետև վեց ամիսը մեկ Ադրբեջանը դատարանին պետք է հաշվետվություն ներկայացնի բոլոր այս պարտավորությունների կատարման մասին»:

Այսպիսով, ավարտվեց հայկական կողմի տեսակետների ներկայացումը: Դատարանը Երևանի ժամանակով ժամը 19:00 կրկին կլսի ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Այնուհետև կավարտի լսումները:

Հաագայի դատարանը Հայաստանի միջնորդության հետ կապված որոշում կկայացնի մեկ-մեկուկես ամսից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031