«Այս սրահը պատահական չի ընտրվել, որովհետեւ հենց այս թանգարանում կախված են երկու անվանի ֆրանսահայ արվեստագետների` Ժանսեմի եւ Գառզուի աշխատանքները»,- «Հայաստան-Ֆրանսիա. Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցադրության երեւանյան փուլից առաջ հրավիրված ասուլիսում նշեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը: Նա ներկայացրեց, թե ինչպես են ԿԳՄՍՆ դրամաշնորհով եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացրել նախագիծը, որը մարզերում մեծ ուրախությամբ է ընդունվել:
«Մենք շատ մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի այդ մեծ արվեստագետները ճանաչելի լինեն նաեւ մարզերում»,-ասաց տիկին Ավետիսյանը: Մանրամասնեց, որ ցուցադրվել է նաեւ արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող` անգլերեն ենթագրերով տեսաֆիլմ, որի հեղինակը Արամ Սուքիասյանն է, ցուցադրությունն ուղեկցվել է ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրություններով: Գյումրիում ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան), Վանաձորում` Վանաձորի կամերային նվագախմբի լարային քառյակը` Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Նունե Ավետիսյանի խոսքով, նախագծի շրջանակներում արվեստաբան, նկարիչ, ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանն անցկացրել է «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» թեմայով աշխատարան, որին մասնակցել է շուրջ 80 պատանի: Իսկ ընդհանրապես, մարզային միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2500 այցելու:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ ուրախ են հենց այս նախագծի` հանձնաժողովի ուշադրությանն արժանանալու համար:
Կարդացեք նաև
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, որն իր խոսքը սկսեց հայերեն, ասաց, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն եւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու կապերը` մշակույթի եւ մշակութային ժառանգության ոլորտում: Նա նշեց, որ ուրախ են համագործակցել ոչ միայն ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, այլ ընդհանրապես մշակութային կառույցների ու հաստատություններ միջոցով իրականացված նախագծերի հետ:
Խոսելով Գառզուի ու Ժանսեմի մասին` Գիյոմ Նարժոլեն ընդգծեց, որ երկու անվանի հայազգի արվեստագետները` ծնված լինելով Սիրիայում եւ Թուրքիայի տարածքում գտնվող Սոլոզ գյուղում, որը նաեւ Սերժ Ավետիքյանի պապերի գյուղն է, հետագայում դարձան ֆրանսիացի ու յուրատեսակ կամուրջ հանդիսացան Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ: «Իսկ նմանն կամուրջները շատ են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Հայաստան-Ֆրանսիա. Մշակութային երկխոսություն» նախագծին, որին աջակցել է դեսպանատունը նաեւ պատկերագիրք տպագրելու առումով, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականն ասաց, որ հպարտ են աջակցել նման ծրագրի, արվեստին ու մշակույթին, եւ որ Ֆրանսիան կարեւորում է մշակույթն ու մշակութային ժառանգությունը:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին` Գիյոմ Նարժոլեն ասաց, որ այլ թանգարանների հետ էլ են համագործակցում` մասնավորապես Կոմիտաս թանգարան-ինստիտուտի եւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի: Վերջինիս հետ համագործակցությամբ ֆրանսերեն են թարգմանում Չարենցի բանաստեղծությունները, թարգմանությունն իրականացնում է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի առաջատար մասնագետներից մեկը, եւ հատորը լույս կտեսնի 2022թ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանն էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի ցուցահանդեսի երևանյան փուլը, որի շրջանակներում կիրականացվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագրքի շնորհանդեսը, ապա միջոցառումը կեզրափակվի «Կադանս» երաժշտախմբի համերգային ծրագրով:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 24-ը, ամեն օր` ժամը 11-18-ը, որը կեզրափակվի հայ և ֆրանսիական կոմպոզիտորների դասական երաժշտության համերգով` Սարյանի անվան լարային քառյակի և միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի մասնակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ