Հոկտեմբերի 17-ին Դիլիջան համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի համայնքի ավագանին ու կընտրվի ղեկավար:
Ընտրություններին մասնակցող ուժերից «Քաղաքացու որոշում» կուսակցությունը Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Արա Մարտիրոսյանին:
Մարտիրոսյանը Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի ղեկավարության ժամանակ երկար տարիներ աշխատել է Դիլիջանի համայնքապետարանում:
Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ 1997-2000 և 2000-2004 թվականներին եղել է Դիլիջանի կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնի տնօրեն, 2005-2019 թվականներին զբաղեցրել է Դիլիջանի Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, իսկ 2019-2021 թվականներին եղել է Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ:
Կարդացեք նաև
Զրուցել ենք Արա Մարտիրոսյանի հետ՝ նախընտրական ծրագրերի և նախկինում կատարած իրենց աշխատանքների մասին:
Անդրադառնալով Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի ժամանակաշրջանում կատարված աշխատանքներին՝ Մարտիրոսյանը պնդեց, որ նախկին ղեկավարության ժամանակ համայնքապետարանը արել է այն, ինչ եղած ֆինանսական հնարավորությունները թույլ են տվել․ «Եթե տեսնեիք 2005 թվականի Դիլիջանը և 2018 թվականի, կհասկանայիք, որ դրանք իրարից շատ տարբերվող քաղաքներ էին: Մեր ամենամեծ թերացումը եղել է այն, որ մենք մեր արածը չենք ներկայացրել: Մենք մեր գործն արել ենք, պարզապես չենք հրապարակել կամ անընդհատ ցույց տվել, թե ինչեր ենք անում: Սա է եղել մեր 15 տարվա ամենամեծ թերությունը»:
Խոսելով նախընտրական ծրագրերից՝ Արա Մարտիրոսյանն անդրադարձավ մյուս ուժերի ծրագրերին և նշեց, որ բոլորն իրենց ծրագրերը կազմել են օրենքով համայնքապետի լիազորության շրջանակներում․
«Օրինակ՝ ՔՊ -ի նախընտրական ծրագիրը եթե դնես օրենքի կողքը և կարդաս՝ ոչ մի բանով չի տարբերվի: ՄԵր ծրագրի գլխավոր խնդիրը կրթության զարգացումն է՝ սկսած շրջակա միջավայրը մաքրելու և այն մաքուր պահելու գիտակցական մակարդակը բարձրացնելուց, մինչև տեսակավորված աղբ ունենալու մշակույթի զարգացումը:
Մենք փորձելու ենք տեսակավորված աղբ ունենալ թղթի, պլաստիկի, սովորական աղբի և սննդի համար, վերջինով մենք կկարողանանք լուծել նաև թափառող շների հարցը, քանի որ մեր թաղամասերից մեկում բնակիչներն արդեն կիրառում են այդ մեթոդը և սովորական աղբից առանձնացնում են սնունդն ու դնում առանձին՝ թափառող շների համար: Արդյունքում շները դադարել են աղբը քրքրել և տարածել փողոցով մեկ: Մենք սանիտարական մաքրման հեղափոխությունը սկսելու ենք Դիլիջանից և մյուս քաղաքները գալու են և օրինակ են վերցնելու»:
Մարտիրոսյանի համոզմամբ՝ բնակիչները ոչ միանգամից, բայց ժամանակի ընթացքում կկարողանան ընդունել տեսակավորված աղբի մշակույթը և հենց դրա շնորհիվ 5 տարում հնարավոր կլինի 70 տոկոսով կլուծվի աղբահանության խնդիրը:
Թեկնածուի համոզմամբ՝ իրենց կհաջողվի բնակիչների մոտ արթնացնել սեփական քաղաքի, գյուղի և համայնքի հանդեպ սրտացավ վերաբերմունքի և ունեցածին տեր կանգնելու գիտակցումը:
Հարցին թե ինչո՞ւ պետք է Դիլիջան համայնքի բնակիչներն ընտրեն ՔՈ կուսակցությանը, Մարտիրոսյանը նշեց․ «Հեղինակության համար, քանի որ մեր ցուցակում բոլորն անբասիր կենսագրություն ունեցող և հարգանք վայելող մարդիկ են: Ճիշտ է՝ կիրթ լինելը մեզ երբեմն խանգարում է, քանի որ մենք կատարում ենք մեր գործը, սակայն չենք կարող ամպագոռգոռ խոսել դրա մասին»:
Իսկ այն հարցին, թե արդյոք այսօր ընտրություններում ժողովուրդն ունի՞ ազատ ընտրության հնարավորություն, Մարտիրոսյանը նշեց՝ մասամբ․
«Այն որ ներկա իշխող ուժը օգտագործում է վարչական ռեսուրսները նախընտրական քարոզարշավի համար՝ արդեն առաջանում է անհավասար հնարավորություններ ուժերի միջև: Խոսում էին նախընտրական ասֆալտից, հիմա իրենք դա են անում, որն, ի դեպ, ծրագիր էր, որը հաստատվել էր մեր ժամանակ, պարզապես իրենք են իրականացնում: Իսկ լուսավորության հարցը, որն անընդհատ բարձրացվում է՝ մենք տարիների ընթացքում դրել ենք լուսավորության սյուները և լույսեր, իրենք եկել են լամպերն են փոխում ու ասում են՝ լուսավորության հարց է լուծվում: Էլի լավ է, որ փոխում են, բայց ասֆալտը և դա ինչո՞ւ է արվում նախընտրական քարոզարշավի ժամանակ, չէ՞ որ դուք մեղադրում էիք նախկիններին նախընտրական ասֆալտի համար, բայց հիմա դուք էլ եք անում: Նաև այն, որ ՔՊ-ի ցուցակում բոլորը գյուղապետեր են ևս վարչական ռեսուրսի չարաշահում է»:
Չնայած այս ամենին, Արա Մարտիրոսյանը չբացառեց, որ ավագանի ընտրվելու դեպքում իրենք կհամագործակցեն ուժերի հետ:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ