«Հրապարակ». Գորիսում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցը այսօր ժամը 16.00-ին երթ է իրականացնելու, վաղ առավոտից ահազանգեր ենք ստանում համայնքի տարբեր հաստատություններից, որ մարզպետարանից հրահանգել են պարտադիր ներկա գտնվել երթին, հակառակ դեպքում սպառնացել են, որ կկորցնեն աշխատանքը, կամ խիստ կպատժվեն։
Եվ քանի որ հասկանալի պատճառներով որեւէ մեկը այդ մասին հրապարակային չի խոսի, մենք դիմեցինք իշխանությունների այսօրվա սիրելի իրավապաշտպան դանիելիոննիսյանական «մեթոդին» եւ Գորիսի թիվ 3 դպրոցի տնօրեն պարոն Կոստանդյանի հետ զրուցեցինք որպես ՔՊ շտաբի անդամ, տնօրենը հաստատեց, որ մարզպետարանից իրեն զանգել եւ տեղեկացրել են երթի մասին, ասաց, որ ինքը վատառողջ է, արձակուրդում է, բայց զգուշացրել է կոլեկտիվին, դասերից հետո իրեն «թիվ» կտան, թե քանի հոգի են մասնակցելու։
Հատկանշական է, որ տնօրենը զգուշացրել է նաեւ աշակերտներին, որոնց մասնակցությունը ընտրական քարոզարշավներին օրենքով է արգելված․ «Աշակերտներին էլ իններորդ դասարանից բարձր ասվել է»։