2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 1830-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատան աշխատակցին և հափշտակել գումար։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած կինը, ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով հարձակվել է վերոնշյալ դեղատան աշխատակցուհու վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակը պահելով նրա որովայնի շրջանում՝ հափշտակել է զգալի չափի՝ 159.000 ՀՀ դրամ գումար։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին