Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պաշտոնավարման 5 տարին լրանալուն պես դադարեցրեց համայնքի ղեկավարի իր գործառույթները։ Նույն օրը Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Aravot.am-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից տեղեկանել, թե վերջինս ի՞նչ կարծիք ունի այս որոշման մասին եւ որքանո՞վ է իրավաչափ այս որոշումը. «Որոշումը բավականին խոցելի է, ՏԻՄ օրենքի մի քանի դրույթների հետ բացահայտ հակասություն կա»,- ասաց Ասլանյանն ու պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ է կարծում, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ քաղաքի համար, պատասխանեց. «Այս պահին քաղաքը չունի գործող ՏԻՄ մարմին` համայնքի ղեկավար եւ ավագանի, հետեւաբար նաեւ որեւէ գործընթաց առաջ գնալ չի կարող»:
Հիշեցնենք, որ մեր նախորդ հարցազրույցների ժամանակ Մամիկոն Ասլանյանը նշել էր, որ մի քանի կուսակցություններից ստացել է առաջարկություն, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցի հենց այդ կուսակցությունների կողմից։ Նրա խոսքով` այս պահին իր հետագա քայլերը դեռեւս հստակեցված չեն. «Իսկ պլանների մասին դեռ հստակեցումներ են, երբ կլինի վերջնական որոշում, կդառնա հրապարակային»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը` Մամիկոն Ասլանյանի ՖԲ էջից