Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութ էր տեղադրել, որտեղ երեւում է ոստիկաններն ինչպես են բիրտ ուժ կիրառում քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ, իսկ 3 մանկահասակ երեխաները բարձրաձայն ու աղիողորմ լաց են լինում՝ հետեւելով, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ ասֆալտին փռել իրենց հորը եւ հայհոյախառն, ժարգոնով հրահանգում են՝ «պառկըցրեք, կոխեք ավտոն…»:
Ոստիկանությունից հետագայում հայտնեցին, թե կատարվածի վերաբերյալ ծառայողական քննություն է անցկացվում։ Ռաֆայելյանի 3-ամյա երեխան տեղափոխվել էր հիվանդանոց։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին հարցրինք, թե ինչպես է մեկնաբանում ոստիկանության գործողությունները: Իոաննիսյանն ասաց` եթե ոստիկանները հաշվի առնեին երեխաների ներկայությունը եւ ուժ չկիրառեին, ապա այսուհետ բոլորը բերման ենթարկվելիս իրենց երեխաներին կբերեն-կկանգնեցնեն տարածքում։
«Իսկ ի՞նչ պիտի աներ ոստիկանը, երբ քաղաքացին դիմադրություն է ցույց տալիս, պետք է ոչինչ չանի՞։ Պատկերացնում եք, չէ՞, որ եթե մի դեպքում ոչ մի բան չանի, վաղը իրավախախտները, որոնց գան բերման ենթարկելու, կբերեն իրենց երեխաներին կկանգնեցնեն․․․, բայց, մյուս կողմից, ոստիկանությունը պետք է զգույշ եւ ուշադիր լինի այս հարցերում, այսինքն՝ ոստիկանությունը չի կարող անտեսել այն, որ անչափահաս երեխաներ են ականատես լինում։ Դա, իհարկե, ծնողի պարտականությունն է, առաջինը ծնողն է դիմել ուժի, ոստիկանությունն այդտեղ առաջինը չէ ուժի դիմել։ Առաջինը ծնողն է ուժի դիմել, ոստիկանությունն էլ ի՞նչ պիտի աներ, պիտի պատասխան ուժ կիրառեր։ Հիմա ով էլ նայում է, ոստիկանությունը պետք է պատասխան ուժ կիրառի, այսինքն՝ պիտի ծնողը մտածի, որ իր երեխաների ներկայությամբ ուժի է դիմում, եւ, բնականաբար, պիտի կանխատեսի, որ դրան պատասխան ուժ է լինելու, որին ականատես են լինելու իր զավակները…»,- ասաց Իոաննիսյանը։
Կարդացեք նաև
Բայց քաղաքացի՞ն է ուժ կիրառողը, նրան էին գնացել բերման ենթարկելու։ «Դե, կադրերում ինչքանով որ երեւում է, իրեն փորձում են բերման ենթարկել, ինքը դիմադրում է, ես այդպես եմ հասկանում, հիմա գուցե ինչ-որ բաներ կան, որոնք այդ կադրերում չեն եղել»,- պատասխանեց Իոաննիսյանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում