Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Ադյանի կենսագրությունը գրականությունն էր

Հոկտեմբեր 15,2021 10:15

Կյանքից հեռացել է մեծ հայը՝ արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ Լևոն Ադյանը, որի ապրած կյանքի ամեն ակնթարթ գրքի հատոր է՝ ցավի, կարոտի, կորստի, ափսոսանքի, ապրելու և արարելու տարբեր հետագծերով: 

Լևոն Ոսկանի Ադյանը ծնվել է 1940թ.-ին, Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Լևոն Ադյանի ստեղծագործական կյանքն անցել է Բաքվում, նա եղել է «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագիրը։ Ադյանը ճանաչված մտավորական էր դեռևս 1960-ական թվականներից, երբ ընթերցողներին ներկայացավ մի շարք ժողովածուներով, որոնցից են օրինակ` «Կյանքի ճանապարհին», «Աշնանային ցրտեր», «Դարձ ի շրջանս յուր», «Իմ երկրի մարդիկ», «Այն հեռավոր ամռանը», «Իրիկնային աղջամուղջ», «Անձրևից հետո» և այլն։ Ամեն ժողովածուում հեղինակը հոգի է դրել, ճկուն նկարագրություններ կատարել, ստեղծել ճշմարիտ գրականություն, չնայած որ դժնդակ և ցավոտ օրեր էին սպասվում։ 80-ականների դեպքերով պայմանավորված նա բռնագաղթում է Բաքվից։ Չապրող ու տանջված հավատի, կիսատ մնացած ու անկատար երազանքների չմեռնող, բայց արնաքամ լինող շերտերն են 1990 թվականին գրված ու ուշացումով (շուրջ 25 տարի հետո) ընթերցողին հասած «Հեռացող եզերք» վեպում, որը գեղարվեստորեն հագեցած պատմում է իրականությունը` ամենատարբեր դրսևորումներով։ Վեպը պատմական ժամանակահատվածի վավերագրություն է, որտեղ ներառված են 20-րդ դարասկզբից մինչև դարավերջի իրադարձությունները, 80-ականների վերջին բռնկված Արցախյան շարժումը։ 

Լևոն Ադյանի գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով ու այդ ներկայությունը, որն ամենուր է՝ ադյանական շնչով, մտքերով, պատկերներով, հույս ունեմ, որ կմնա ընթերցողի անբաժանելի ընկերը, որովհետև, իսկապես, Ադյանը մարմնավորել է անցյալն ու ներկան, սթափեցնող ընդգծումներ է արել իր ստեղծագործություններում: Նրա տողը թռչելու կարողություն ունի, ունակ է ինքնամաքրվելու և իմաստուն դառնալու: Ամենակարևորն այն է, որ Լևոն Ադյանը կարողացավ հիշողությունը դարձնել գրականություն, իր ապրածը փոխանցել ուրիշներին՝ երբեք չկամենալով նույն ճակատագիրը, բայց ծանոթացնելով սեփական ապրած ու տառապած կյանքին: 

 Արդարև, ամենատարբեր ապրումների խտացում է նրա արձակը՝ ժամանակի հետ քայլող, ժամանակի դասերը առաջ քաշելով և որ ամենակարևորն է՝ հիշեցնելով: Այո, անցյալը չմոռանալով և մշտամորմոք վերքի համար մի չնչին սպեղանի դառնալու նպատակով: 

 Շատ հետաքրքիր են ադյանական գրական համաձուլվածքները՝ շնչող և կենսունակ, զգացական տարբեր շերտերով հագեցած, հյութեղ և գունեղ, տարբերվող և ամբողջական: Կարդալով նրա ստեղծագործությունները, տեղափոխվում ես այլ իրականություն, որտեղ և ապրել է գրողը: 

Շատ հետաքրքիր կերպարաստեղծումներ է արել Լևոն Ադյանը, որը ինչպես ընդհանրական գաղափարներով էր հանդես գալիս, այնպես էլ առանձին, բայց փայլուն, ապրված, եղելության մեջ հաստատուն ու կուռ դարձած: 

Պետք է անպայման առանձնացնել Ադյանի արձակի արտահայտչականությունը, որը նաև կյանքի փորձի, երկար ճանապարհի արդյունք է: 

Համամարդկային առանցք ունեցող նրա բոլոր գրական գործերում էլ գեղեցիկ համադրություն կարելի է տեսնել, գրականության իրական մակարդակ, սևեռուն դիմապատկերներ, որոնք ոչ միայն բնաշխարհի հետ են կապված, այլ նաև մարդկանց, նրանց ապրած կյանքի:

Լևոն Ադյանի մասին պատմում են մտավորականները, ընկերներն ու ընթերցողները(Վ.Ա.): 

 

Միքայել Հաջիյան, Արցախի «Պատիվ ունեմ» թերթի գլխավոր խմբագիր: Շուրջ երկու շաբաթ շարունակ պիտերցի բժիշկների ջանքերը, նաև մեր բոլորի՝ Լևոնի ընկերների, հարազատների, հազարավոր ընթերցողների առ Աստված ուղղված աղոթք-պաղատանքները, ավաղ, ի զորու չեղան մահվան ճիրաններից փրկելու մեզ համար անչափ թանկ ու սիրելի մարդուն, մեծ գրողին, զտարյուն մտավորականին, հայրենի Արցախի նվիրյալին: Այսօր, ցավոք, այլևս ստիպված եմ անցյալով խոսել ավելի քան կեսդարյա մտերմությամբ կապված ընկերոջս մասին, ում մեր հանդիպումների ժամանակ և կամ նամակագրության մեջ դիմում էի ոչ այլ կերպ, քան՝ Մեծ ախպեր։

Լևոն Ադյանն արդի հայ գրականության անվանի դեմքերից էր։ Նրա գործերը (վեպեր, վիպակներ, պատմվածքներ, մանրաքանդակներ), լինելով հայ ժամանակակից արձակի ակնառու ձեռքբերումներ, իրավամբ, սեղանի գրքեր են և որոնց թեմատիկան բացառապես հայրենի բնաշխարհն է՝ Արցախն ու նրա ժողովուրդը։ Ադյանը վաղուց ի վեր սիրված և սպասվող հեղինակ է Արցախում, և ոչ միայն Արցախում։ Այդ ստեղծագործություններով, սկսած անցյալ դարի վաթսունականների սկզբից, սերունդներ են աճել ու դաստիարակվել։

Ծնունդով արցախցի գրողը, որի մանկությունն ու պատանեկությունն անցել են Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում, հանգամանքների բերումով հետագա տասնամյակներում բնակվելով Սումգայիթում, Բաքվում, իսկ 80-ական թվականների վերջերի հայտնի իրադարձություններից հետո՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում, մշտապես եւ ամենուրեք հոգու ու սրտի բազում թելերով կապված է եղել հայրենի եզերքին։ Եվ ուր էլ որ նրան տարել են բախտի խառնուղիները եւ ինչ խաչմերուկներում էլ առժամանակ հանգրվանել է՝ նրա հոգու ու մտքի մշտարթուն, տրոփուն ուղեկիցներն էին հայրենի բնաշխարհի անզուգական գեղեցկությունն ու նրա մարդիկ՝ իրենց մեծ ու փոքր ուրախություններով, բազում հոգս ու ցավերով, տառապանքներով, տվայտանքներով, նվիրական իղձ ու երազանքներով, անմոռաց հիշատակներով։ Ու ոչ այլ կերպ, քան հենց հայրենի Խաչեն ու Թարթառ սրընթաց գետերի պես հորդաբուխ ու վարար՝ Ադյանի շնորհաշատ, բեղմնավոր գրիչը նրբահյուս վերակերտել է Մայր հայրենիքից՝ Հայաստանից բռնազատված ու երամից դուրս մնացած կարապի պես անհեռանկար թեւածող Արցախ լեռնաշխարհի իրական ու գեղարվեստական պատկերը՝ բազմաբարդ կյանքի բոլոր տեսանելի եւ անտեսանելի կոլիզիաներով հանդերձ։

Հանգամանքների պարտադրանքով բնակվելով օտար ափերում ու մշտապես ապրելով հայրենի եզերքի հոգսերով ու խնդիրներով, նա ջանքեր չէր խնայում նպաստելու դրանց լուծմանը։ Ամեն տարի պարբերաբար այցելում էր Արցախ՝ փորձելով թեկուզ փոքր ինչ մարել մանկութ արահետների, սար ու ձորերի իր անշեջ կարոտը։

Ժաննա Բեգլարյան, բանաստեղծուհի, բ.գ.թ.: Ճշմարտության առաջ թզաչափ անգամ մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ Լ.Ադյանը ևս մեր ժողովրդի սերմացու զավակներից մեկն էր՝ իր գրական վաստակով, մարդկային անբասիր նկարագրով: Նա անհերքելի ազգային արժեք էր՝ արժանի մեծարումների: Նա մեր ավագ ընկերն էր ու գրական ընտանիքի անդամը: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի գրականագիտական վերջին հոդվածներից մեկը Լ. Ադյանի «Հեռացող եզերք» վեպին էր նվիրված, որտեղ արժևորվում են վեպն ու գրողը որպես արդի հայ գրականության ինքնատիպ արտահայտություններ:

Արձակագրի ստեղծած գրականությունը բացարձակ հնարավորություն է ընձեռնում գրականագիտական լուրջ վերլուծությունների ու եզրահանգումների: Գրողը չափազանց ինքնատիպ ոճ ունի, որտեղ ամբողջանում են նրա գեղագիտական սկզբունքները, աշխարհայացքը, կենսական հարցադրումներն ու դրանց հնարավոր պատասխանները:

Մշտապես կենսունակ է այն աղբյուրը, որտեղից սնվել էր Լ. Ադյանը: Դա մեր ժողովրդի կյանքն է՝ իր լուսավոր և ստվերոտ կողմերով, իր բազմաշերտությամբ, հայրենի բնությունն էր, որի ձայների անկրկնելի թարգմանիչն էր գրողը, ծննդավայրն էր և սուրբ հիշատակները, որոնք անընդհատ գրողի հիշողության մեջ էին: Այդ չլռող հիշատակներն են, որ հեռուներից գրողին տուն էին կանչում ու բերում նախնինների գերեզմաններին այցի:

Նվարդ Ալեքսանյան, արձակագիր, լրագրող: Իր ստեղծագործություններից հառնող հայրենի գյուղի աննման հուշերին, ցավոք, ավելացել են նաև ավերի ու բռնության, տան ու օջախի, հարազատների կորստի անանց ցավը, Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում ազերու կազմակերպած նախճիրին զոհ գնացած ընկերների հիշատակի առջև ունեցած կսկիծը, որի համար անցնող օրը մխիթարանք չունի…

Իբրև աննկուն ոգի, ի հեճուկս իրեն պատուհասած բոլոր ողբերգությունների, գրողը մի նոր ներշնչանքով է հրապարակ հանել նոր գործեր, որոնք թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, արաբերեն: Այդ ամենի առանցքը վերստին իր պաշտելի հայրենիքն էր՝ իր ապաստանն ու հոգևոր նեցուկը: Դրանով ինքը անպարտ էր, անխոցելի և իր ծննդավայրի՝ սիրելիներով բնակեցված աշխարհից էր սկսվում ամեն օրը: Եվ հենց հավերժող հայրենիքի հավատով էր իր վերջին նամակներում փորձում մեր հոգիներում հույսի լույս վառել հաղթահարելու 44-օրյա պատերազմի մղձավանջը:

Լևոն Ադյանի բոլոր արարումները նվիրված էին իր հայրենիքին, որոնք էլ նրա տողը փնտրող ամեն ընթերցողի շնորհիվ կդառնան անվերջ վերադարձի ղողանջներ… Իր գովերգած մանկության արահետն, անշուշտ, հիմա մորմոքով ուղեկցում է նրա հեռացող ստվերին, իսկ Կաղնախաչի ունկերում մոտակա թփում թաք կացած միրհավի տխուր կանչն է… Հեռացողը իրենց անխոնջ երգիչն է, իրենց պատվանուն զավակը…

Սոֆյա Սարգսյան, արձակագիր, «Ստեփանակերտ» թերթի խմբագիր: Ինձ բախտ է վիճակվել անձամբ ճանաչելու լրագրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Լևոն Ադյանին: Նրա հեղինակային և թարգմանչական ավելի քան 30 գրքերը մեծ ժողովրդականություն են վայելել՝ ընթերցողին գրավելով իրենց գաղափարական բովանդակությամբ, ասելիքի խորությամբ ու այժմեականությամբ: Նրա լիրիկական վիպակները, պատմվածքները, ակնարկները, էսսեները, մանրաքանդակները, վեպ-ռեքվիեմներն ուրույն գրական կոթողներ են՝ ազգային խնդիրների արծարծմամբ ու Ադյանական ինքնատիպ լուծումներով: Նա հայ գրականության մեջ կերտեց իր հաստատուն դիմագիծը: Բազում սերունդներ դասեր կքաղեն նրա մատուցած գրականությունից:

Նատաշա Պողոսյան, վաստակավոր ուսուցչուհի: Ադրբեջանական գեհենից փրկված գրողը երբևէ չլռեց այս տարիներին` իր ակտիվ գործելաոճով, իր բազում հրապարակումներով, իր հեռավոր եզերքով, որոնցով դատապարտում էր դարավերջի ոճրագործությունը…
Նա օտարության մեջ մնաց որպես Մեծ արցախցի` իր մարդկային տեսակով, իր խոսքի ոճով, մեր ապրած պատերազմական դառնակսկիծ օրերը, մեր բոլոր կորուստներն իր սրտում կրելով։

Անցած ճանապարհ ուներ, որ դառնությամբ լիքն էր, բայց երբևէ չի կորցրել իրեն` գեղեցիկը զգալու իր մեծ ընկալումով, իր ձևավորած կերպարներով, որոնց երբևէ միայնակ չի թողել, նրանք իր հետ էին, իրական թե անիրական նրանց ապրումների վկան էր, ով իր բարձրարժեք խոսքարվեստով նրանց սիրելի է դարձրել մեզ, թույլ տվել, որ մենք էլ արտասվենք, մենք էլ թեթևանանք մեր ուսերին առած ծանր բեռից։

Հողը, հայրենիքը, հայրենի բնությունը շնչավորված էին նրա գրչով, հայերեն էին շարվում նրա բառերը, որոնք ամերիկաբնակ հայուհու` Նելլի Ավակովայի նվիրական աշխատանքի շնորհիվ թարգմանվում էին ռուսերեն։ Գրողը հայրենի գյուղին, հողի մարդկանց կարծես տիրություն էր անում հեռուների` իր բարձրության պատվանդանից։

Հավերժական մի կյանք թողեց Ադյանը ապրողներիս` իր գրքերի բազմազանությամբ, իր մտքերով, թողած գրական ժառանգությամբ, որ այնքան արցախոտ էին` Արցախի համով, Արցախի բույրով, Արցախի ցավով…

Նա գնաց` իր արցախական խոսքով մնալով բազում ընթերցողների սրտերում, մեզ նորից հիշեցնելով, որ մարդու կյանքն անցողիկ է, թողած գործը` անմահ։

 

Մարգարետ Ասլանյան, գրող, թարգմանիչ, «Երևանյան էսքիզ» հրատարակչության հիմնադիր: Աշխարհից ամեն օր պակասում է հերթական եզակի գույնը` դատարկ թողնելով կյանքի ներկապնակը:

21-րդ դարի մարդն ապրում է կոլապսի ու ահարկու քաոսի մեջ` շատ հաճախ չհասցնելով մարսել լույսի արագությամբ իրար հաջորդող իրադարձությունները, մենանալ ցավի հետ, վերլուծել ապրումները, նույնիսկ մի կարգին սգալ իր վիշտն ու կորուստները. զարգացումները խելահեղ են, մարդկային հոգին` ունայնություն ունայնության…

Լևոն Ադյանի կորուստը` իբրև մեծ մտավորականի, բացառիկ արձակագրի, զտարյուն հայի` անմխիթար է, թեպետ անգնահատելի է այն գրական ժառանգությունը, որը նա թողեց մեզ` իբրև սպեղանի, բայց նման մարդիկ այս օրերում մեզ պետք են որպես կենդանի օրինակ, կենդանի վկայում, իբրև կենդանի մշակույթի տրոփող զարկերակ:

Զարինե Սառաջյան, բ.գ.թ., լրագրող: Ես բախտ եմ ունեցել Լևոն Ադյան գրողի, մտավորականի հետ հարցազրույց վարելու, որն առիթ էր՝ ինձ համար բացահայտելու նրա մարդ և մտավորական տեսակը։ Մեծ հոգու տեր մարդ էր, միշտ հայրենիքի ցավը սրտում, իր արած գործերով միշտ հայրենիքին սատար կանգնող թե՛ իր գրական, թե՛ թարգմանական, թե’ հասարակական գործունեությամբ։ Նա իր ստեղծագործություններում գծագրում է հայի ճակատագիրը, շեշտում պատմաքաղաքական փաստեր, ըմբոստության ձայն բարձրացնում ընդդեմ մեր ինքնությունը բնաջնջել փորձողների և լավատեսական հավատով զինում իր ընթերցողներին։ Նա այն մտավորականն է, ում մասին կարելի է ասել. «Հայրենիքից հեռու էր ապրում, բայց միշտ հայրենիքի հետ էր»։ Ու պատահական չէր նրա հետ ունեցած իմ հարցազրույցի խորագիրը, որը վերնագրեցի նրա հորդորով.«Իմ սիրտը միշտ այն հեռու սարերում է…»։ Նկատի ուներ իր հայրենի գյուղի լեռները։

Տաթևիկ Ղահրամանյան, ԱրՊՀ ուսանողուհի: Ադյան արձակագիրն իմ դպրոցական տարիների լավագույն բացահայտումներից էր։ Մի գեղեցիկ առիթով Ադյանից նվեր ստացա իր գիրքը` ծանոթանալով իմ բնաշխարհի` Մարտակերտի շրջանի հարազատ զավակի տաղանդին։ Ադյանի լեզվամտածողությունը, արցախյան համով֊հոտով հումորը, հայրենական կարոտաբաղձությունը հոգիս շոյեցին յուրատիպ ջերմությամբ` օրերս շաղկապելով նրա արձակին։ Նրա հայրենի գյուղում` Չլդրանում, չլինելով հանդերձ` քնարական սիրով սիրեցի և միայն այնտեղ լինելուց հետո հասկացա` այն չքնաղ բնության ծնունդը պետք է ստեղծագործ լիներ։ Ադյանի գրքերը իր անձնական տառապանքի, հայրենի եզերքի անանց խորությունների, բնաշխարհի մարդկանց ապրումակցման մի գեղեցիկ շղթա են ներկայացնում` սերունդների համար մնայուն հուշագիր դառնալով։ Ընկերուհիս, ով Լևոն Ադյանի համագյուղացին է, արդեն ամրակայված գեղեցիկ ավանդույթով ամեն տարի` ծննդյանս օրը, նվիրում է Ադյանի գրքերից։ Ավանդույթի խորհրդով ես էլ իմ սերունդներին կնվիրեմ Ադյանի գրքերից` որպես պարտավորեցնող քայլ առ մեր սիրելի հայրենակցի գործը։

Սնեժանա Թամրազյան, «Փախստականների միավորում հանուն արդարության» հկ նախագահ: Լևոն Ադյանի ստեղծագործությունների հետ իմ առաջին ծանոթությունը «Հեռացող եզերք» վեպից է սկսվել։ Գիրքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա: Դա ոչ միայն վեպ է, այլ 1988-90թթ-ի այդ իրադարձությունների պատմական փաստաթուղթ և կարևոր արխիվ։

Ափսոս, որ ես չհասցրի անձամբ հանդիպել նրան։

Կազմակերպությունը, որը ես ներկայացնում եմ, և որն ունի փախստականների հետ կապված ուղղվածություն, Լևոն Ադյանի նման մարդիկ մեծ ավանդ ունեն։

Ցավալի է, որ հեռանում է այն սերունդը, որը ականատես է եղել Բաքվի և Սումգայիթի ջարդերին։

Պատրաստեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031