Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի հրամանը կարելի է իրագործել լրիվ անվճար

Հոկտեմբեր 15,2021 13:00

Այսօր աշխարհի ողջ մարդկության, մասնավորապես Հայաստանի ժողովրդի առջեւ շատ ավելի մեծ մարտահրավեր է նետել կորոնավիրուսը (քովիդ), քան Ադրբեջան-Թուրքիա տանդեմի սանձազերծած նենգ պատերազմը: Հետեւաբար, այդ պանդեմիայի դեմն առնելու կանխարգելիչ, առաջնային քայլերն, ըստ առողջապահության նախարարի հրամանի, պետք է լինեն անվճար պատվաստումները կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստերի հանձնումը, որի համար պետք է վճարի ժողովուրդը (ամսական միջինը մոտ 15 000 դրամ): Մեր ժողովրդի մի մասն, իրոք, շատ աղքատ է եւ եթե հնարավորությունները թույլ տային, ապա նա հաստատ չէր ափսոսա այդ գումարն ու օրինավոր կերպով կվճարեր այդ թեստերի գումարը, մանավանդ որ, դա զուտ իր եւ իրեն շրջապատող մարդկանց առողջական խնդրի հարցն է: Սակայն կույրին անգամ տեսանելի է, որ երկրի այս պայմաններում՝ պատերազմական վիճակ, գործազրկություն, գների սարսափելի աճ եւ այսպես շարունակ, ժողովուրդը լրիվ անվճարունակ է ու չի կարող այս գերկարեւոր խնդրին լուծում տալ:

Ինչպես վերը նշվեց, երկրի, ժողովրդի համար սա ավելի մեծ վտանգ է, քան պատերազմը, իսկ պատերազմի բոլոր ծախսերը պետք է եւ հոգում է պետությունը (իհարկե, ցանկալի կլիներ ժողովրդի ունեւոր հատվածի օգնությունը): Բայց դե, այդ դեպքում պետությունը ժողովրդին չի ասում, դուք ձեր ունեցած-չունեցած գումարները պետք է ներդնեք, որպեսզի կարողանանք պատերազմը վարել, այլապես պետությունը ձեր նկատմամբ կկիրառի տարաբնույթ պատժամիջոցներ: Նա իր վրա է վերցնում այդ ծախսերը եւ փորձում բոլոր հարցերը լուծել: Բնական է, որ այդ պարագայում պետությունը միջոցներ ունի, թե ոչ, դա ոչ մի նշանակություն չունի, քանզի պարտավոր է այսպես, թե այնպես այդ միջոցները հայթայթել ու ծագած խնդիրները լուծել:

Ճիշտ նույնատիպ իրավիճակ է առաջանում քովիդի դեմ պայքարի հարցում. պետությունն ինքն է պարտավոր լուծել այդ հարցերը, այլ բան է, եթե ունեւորներն իրենք կատարեն իրենց վճարումները: Կրկնում եմ, սա պետք է դառնա պետության թիվ մեկ՝ ազգային անվտագության խնդիրը եւ պետությունն ինքը պետք է լուծի այս համազգային խնդիրը: Խոսքը մոտ մեկ միլիոն չունեւոր մարդու՝ մոտ 500 000 թոշակառուի, նպաստառուի եւ մոտ այդքան էլ մնացած չունեւորների մասին է, որն իհարկե, մեծ թիվ է, սակայն նման սպառնալիքի դեպքում կարելի է գոնե առաջիկա մի քանի ամիսներին պոլիկլինիկաներում իրականացնել անհրաժեշտ քսուքների վերցնումը, դրանց մի մասն ուղարկել պետական, իսկ մյուս մասն էլ մասնավոր լաբորատորիաներ՝ դրանք անվճար իրականացնելու համար, պայմանով, որ մասնավորների կատարած ծախսերը կփոխհատուցվի պետության կողմից՝ հետագայում վճարվելիք հարկերի չվճարման հաշվին, որպեսզի այդ լաբորատորիաների բնականոն աշխատանքները չխաթարվեն: Սա է այս խնդրի լուծման միակ անցնցում ճանապարհը:

Բա, ի՞նչ անենք, մարդիկ, ովքեր հասկանում եւ ցանկանում են, սակայն միջոցներ չունեն, վերջին հացի փողը տա՞ն ու թեստավորվեն, իսկ հետո սովի մատնվեն ու մահանա՞ն: Նորից եմ կրկնում, եթե պետության համար՝ անգամ այս պարզունակ եւ իրագործելի առաջարկությունն ընդունելի չէ, ապա պետության համար գոյություն ունեն միջոցներ հայթայթելու բազմաթիվ այլ ճանապարհներ, որով կարող են իրականացնել նշված լաբորատորիաների ֆինանսավորումը, մանավանդ որ, խոսքը չի գնում աստղաբաշխական գումարների եւ դրանց ամբողջական ու միանգամից, այլեւ աստիճանական հայթայթման մասին: Զարմանալի է, որ պետությունը կարողանում է բազմաթիվ այլ հարցերում, այս գումարից պատիկներով ավելի մեծ գումարները գտնել, սակայն այս ամենաառաջնային հարցում դժվարանում է նման գումարներ ներդնել եւ պարտադրում է, որպեսզի այդ վճարումները կատարի սոված ժողովուրդը, սոված մարդը:

Իհարկե, առողջապահության նախարարի նման հրամանը վկայում է, որ պետությունը մտահոգ է ժողովրդի առողջության անվտանգության համար, սակայն կրկնում եմ, դա հնարավոր է մի դեպքում միայն, եթե ժողովուրդը վճարունակ լինի, քանզի խոսք է գնում ոչ թե միանվագ, այլեւ 14 օրը մեկ պարբերաբար վճարվելիք գումարի մասին: Հարց եմ ուղղում պետությանը. ո՞նց եք պատկերացնում, որ մինիմալ կենսաթոշակ՝ 26 000 դրամ ստացող կենսաթոշակառուները կարողանան ամսական մինիմում 15 000 դրամ վճարել թեստերի համար եւ դա այն դեպքում, երբ ստացած 26 000 դրամն անգամ չի բավարարում նրանց մինիմալ ծախսերի համար: Այդ դեպքում պետությունը ո՞նց է պատկերացնում, թե նրանք ինչպե՞ս կարող են տարբերության՝ 11 000 դրամով կատարել գոյություն պաշտպանելու համար անհրաժեշտ մնացած առաջնային ծախսերը: Եթե պետությունը պատասխան ունի, թող ճանապարհ ցույց տա, իսկ թոշակառուներն էլ հոժարակամ կատարեն այդ վճարումները, որով թեստերի հարցն էլ նորմալ լուծվի: Հակառակ պարագայում ստացվում է, որ պետությունն ամսական 15 000 դրամով իջեցնում է կենսաթոշակառուներին հատկացվող կենսաթոշակների գումարը եւ սա այն դեպքում, երբ այդ գումարներն առանց այն էլ շատ փոքր են եւ չեն բավարարում կենսաթոշակառուների նվազագույն ծախսերի համար: Ավելին, կենսաթոշակներն այնքան ցածր են, որ կենսաթոշակառուները վայրկյան-վայրկյան երազում են, թե ե՞րբ մի քանի կոպեկով կբարձրանան կենսաթոշակները:

Փաստացի, սա ոչ այլ ինչ է, քան մեծագույն աբսուրդ…
Իհարկե, պետությունը կարող է ասել. «սիրելի ժողովուրդ, հենց դրա համար էլ ձեզ առաջարկվում է նաեւ այլընտրանքային ճանապարհ. կարող եք անվճար պատվաստվել, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, դրան ինչո՞ւ չեք համաձայնում, սրան ի՞նչ կասեք»:

Դրան եւս հիմնավոր պատասխան կա. շատերը խուսափում են պատվաստումից, քանզի նրանք լիարժեք հետազոտված չեն եւ հնարավոր է, որ պատվաստանյութի նկատմամբ ունենան լուրջ հակացուցումներ: Ինչպես նաեւ, մարդիկ լարված հետեւում են, թե պատվաստումների արդյունքում որքան վատ հետեւանքներ են լինում, որի պատճառով վախենում են՝ թեկուզ անվճար պատվաստվել, քանզի վախի ինստինկտը եւս լրիվ բնական երեւույթ է:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031