Լրահոս
Օրվա լրահոսը

Օքրո Օքրոյանը՝ հավերժի մեջ ապրող հեղինակ

Հոկտեմբեր 15,2021 12:30

Ինձ միշտ ուղեկցել են
խորհրդավոր
Թիկնապահներ, ինձ թիկունք
են կանգնել
Ջավախքի լեռները……

Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ ու մանկավարժ Օքրո Օքրոյանը լինելով դասական մշակույթի շառավիղներից՝ լիակատար հեղինակություն՝ «նվիրում էր» իր թողած գրական ժառանգությամբ ոչ միայն խորունկ Աստվածային հավատով, մեծասքանչ քրիստոնեական առաքինությամբ էր արարում իր ստեղծագործական աշխարհը, այլեւ հասարակական կյանքում, կրթական, գիտական ոլորտներում նշանակալի գործիչ էր:

Օքրո Օքրոյանը ծնունդով պատմական Ջավախքի Տուրցխ գյուղից էր, ցավալիորեն ինքն ապրեց կարճատեւ՝ 64 տարի, բայց հարուստ գրամշակութային վաստակ թողեց, որոնք գրականության մեջ մնայուն արժեքներ են, դրանք արձակ ու չափածո գործեր են (էսսեներ ու պատմվածքներ, հեքիաթներ ու առասպելներ, բանաստեղծական ժողովածուներ, գրականագիտական, մանկավարժական աշխատություններ): Օքրո Օքրոյանի տպագրած «Հանդիպում ուղեծրում», «Արջացած շնագայլեր», «Աստված սեր է», «Երկնաբնակը», «Նռան հատիկ», «Բաց նամակ գրչակից ընկերոջս», եւ այլեւայլ իր խոհերի, մտորումների հուզաշխարհում առաջնահերթը Աստվածային արարչական երեւույթներն էին, որոնք արդար լույսի պես ճառագայթված են նրա տաղանդի արարումներում: Նվիրումով էր պոետ Օքրոյանը գրում, ու լիներ այն սիրո թեմա, թե հայրենի Ջավախքում ապրող ավանդապահ լեռնահայի կյանք, աշխատող հնձվորի, հողի աշխատողի չարչարանք, նա չափազանց հոգատար էր օտարազգի իշխանության ներքո առկա հայեցի դպրոցի ուսումնակրթական խնդիրների հանդեպ: Օքրոյանն իր գրչընկերոջ՝ Արտակ Ոսկանյանին ուղղված խոհա-փիլիսոփայական էսսե նամակներում արտահայտել է Արցախյան հայոց պայքարի բարոյական հաղթանակը, հայ ժողովրդի ճշմարտացի ազատատենչությունը:

Օքրոյանն իր պոեզիայում անդրադարձել է բնության աստվածաստեղծ զորավոր ուժի, սիրո, գեղեցկության մասին: Նրա ստեղծագործական պատկերային գունեղության մեջ արտահայտված են ծննդավայրի շաղախուն խորհուրդներով լի Ջավախքի բնությունը՝ յուրահատուկ կոլորիտով: Եվ հենց տեղանքն այդ նրան պարգեւել է պոետականությանը շունչ տվող քնարականություն: Նույն մտախոհական «սավառնումները» բանաստեղծի տողերում ջերմ զգացումներ են փոխանցել ընթերցողին.
Գույն-գույն են մեր սարերը, ձորերը խորունկ,
Գույն-գույն են մեր քարերը եւ վանքերը՝ խորունկ…
Նրա ստեղծագործական ակնաղբյուրը Աստվածային հայրենի բնությունն էր, նաեւ՝ բարի ու ներբողելի էակը՝ կինը, ամենասերը, ամենավեհաշուքը, ողջ տիեզերքի քնքուշ մեղեդին…

Օքրո Օքրոյանը էությամբ որքան պոետ էր, Աստվածաբան, այնքան եւ՝ մանկավարժ, գիտնական, հասարակական գործիչ: Նրա առաքինի, Աստվածամերձ մտքերը առլեցուն են մարդասիրությամբ. «Բարություն արա, առանց հասցե տալու…»-պատգամել է ինքը՝ մայր բնությունն իր մեջ ներհյուսած պոետը: Նա իր մարդկային ողջ էությամբ, գրչով, Աստվածահաճո առաքինությամբ քարոզել է՝ մարդը մարդու հանդեպ լինել անշղարշ խղճով, հարգանքով: Եվ այս մաքրամաքուր հատկանիշների բանաձեւումը նույնն է՝ ապրել Աստվածաշնչյան արժեքներով, օտարին, հեռավորին մերձեցնել, չարին տեղ չտալ, կատարելության կոչել ոչ միայն ծանոթներին, այլեւ՝ «տրորված ճամփաներում քայլող մոլորյալներին»: Օքրո Օքրոյանի ծո՜վ բարությունն է կյանքի ակոսվող իմաստ դարձել եւ նրա քրտնաջան աշխատանքը առօրյայում եղել ուրիշներին, «փայ ու բաժին»: Նա շարունակ աշխատում էր (ստեղծագործելուն զուգընթաց) հայրենի Տուրցխ գյուղի դպրոցում որպես տնօրեն, հետո՝ Ախալքալաք քաղաքում ժող. Կրթության բաժնի վարիչ: Նա իր գրչակից ընկերոջը՝ գրող-հրատարակիչ Արտակ Ոսկանյանին գրած նամակներից մեկում գրել է. «մանկավարժությունը շատ մոտիկ է Աստվածային խորհրդին. եւ մեծ է նրա շնորհը, որը ձգտումների, լեզվի, ճաշակի լավագույն պարգեւիչն ու դատավորն է…»:

Օքրո Օքրոյանն իր ծննդավայրի սիրո հրավառության կամրջակով բացում է պոետական «դուռ» եւ փառաբանում ողջը: Օքրոյանը Ջավախք աշխարհը որպես մի քարե մասունք՝ գովերգում է հանց մի հավատավոր ճամփորդ եւ կատարելության կոչում իր երկնայիններին ու բոլոր մարդկանց շշնջալով՝ «Աստծո սեր, արժանապատվություն, ազատություն, անդորր ու երանություն»: Բոլորին հայտնի է՝ նրա ներշնչված հնամենի երկրաշխարհի նույն ճամփաներով անցել են այնտեղ ծնված մեծանուն այրերը՝ Վահան Տերյանն ու Դերենիկ Դեմիրճյանը, Ջիվանին ու Հավասին, Մկրտիչ Սարգսյանը, Սուրենյանցը, Ռուբեն Տեր-Մինասյանը ու բազում այլ մտավորականներ:

Օքրո Օքրոյանը, այո՛, Աստծուն, իր բնաշխարհը, իր ընտանիքին, իր համաերկրացիներին պաշտելով՝ խոստովանում էր. «Երկինքն է հիմա իմ տունը. Աստծո որդուն եմ ես ժառանգակից»: Բանաստեղծը հայոց դասական գրականության հայ պոեզիայի թագակիր ակունքներից է «սնել» իր պոեզիան, նրա պոետական աշխարհընկալումը որքան պարզ, նույնքան եւ բարդ ըմբռնումներով է առլեցուն: Նա քաջածանոթ լինելով Նարեկացու, Թումանյանի, Սայաթ-Նովայի, Աբովյանի, Չարենցի, Տերյանի, Մեծարենցի, Իսահակյանի, Վարուժանի օրհներգություններին՝ ունի Քրիստոսին նվիրած աղոթք օրհնության արտահայտումներ: Իհարկե, դրանք պարզունակ հավատի խոհեր չեն, այլեւ՝ գերհզոր զգացումների բարձր մոտիվացիաներ («Աղոթք տուրցխեցիներին»), որոնք նաեւ բարու, հավատքի, ազնիվ մարդկայնության սիրո դրսեւորումներ են: Օքրոյանի սերը հայրենիքի, Արցախի, Ջավախքի ու ողջ Հայաստանի հանդեպ Աստծո սիրուց անդինն է: Պոետի իր տիկնոջ հանդեպ սերը առանձնանում է նրա մտորումներում. ակրկնելին, անզուգականը իր տիկինն է դարձյալ ու նորից՝ գեղեցկուհի Անիչկան, ում ձոնել է պոետը այս տողերում.

Սեր իմ, հմայում է քո կանչը, ոսկե զանգ է հնչում,
Սեր իմ, հմայում է քո երգը, արծաթ գետն է կանչում…
Արդ կարեւոր է հավելել այն, որ Օքրո Օքրոյանի բանաստեղծությունները Թբիլիսիում վրաց արժանավոր պոետների գործերի կողքին տեղ են գտել նրա պոետական մրցանակի արժանացած «Քսաներորդ դարի վրացական պոեզիայի անթոլոգիայում»: Պոետի «Մասրենու բուրմունք» խորագիրը կրող ժողովածուն վրացերենով թարգմանվել է Թբիլիսիում «Սախելեբի» հրատարակչությունում:
Թարգմանիչ՝ վաղամեռիկ գրող, Օքրոյան բանաստեղծի նվիրյալ Անահիտ Բոստանջյան եւ վրացի բանաստեղծուհի Նանա Ակոբիձե: Նշենք, որ գրքի առաջաբանը գրել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու ընկերության նախագահ, ակադեմիկոս Միխեիլ Քուրդիանին: Եվ, ի դեպ, Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամը տարիներ առաջ Ախալքալաքում հիմնեց Օքրոյան բանաստեղծի կիսանդրին, իսկ նրա ծննդավայր Տուրցխում՝ Տիրամոր եւ մանուկ Հիսուսի հարթաքանդակը՝ փորագրված հենց Օքրոյանի տողերով: Պոետի թողած ստեղծագործական հարուստ ժառանգությունը հանձնեցին նրա ուսյալ ընտանիքի անդամները՝ տիկինը եւ երկու որդիները, ի պահպանություն ոսկեֆոնդի՝ որպես բացառիկ գրական-մշակութային արժեքներ:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ
Ջավախք-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
14.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031