«ԱՀ քաղաքացի Արամ Տեփնանցի սպանությունը էթնիկ հիմքով տարբերակված թիրախավորմամբ ահաբեկչություն էր, որն ուղղված է առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակչության դեմ». «Առավոտի» զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
– Անվտանգային չլուծված հարցերն Արցախում նոր դրսեւորումներ են ստանում. գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչներն են թիրախավորվում, դրանք չեն շրջանցում նաեւ Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող խաղաղապահներին էլ: Ի՞նչ փուլում ենք հիմա, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե մարդասիրական առումներով եւ ի՞նչ անակնկալների սպասենք:
– Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը զուգահեռ, ԱՀ-ն պարտադրված է հետեւողականորեն բարձրացնելու անվտանգության մեխանիզմները: Պատերազմից հետո ստեղծված իրավիճակի պարտադրանքով, ԱՀ նախագահը ստորագրեց օրենք՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:
ԱՀ քաղաքացի Արամ Տեփնանցի սպանությունը էթնիկ հիմքով տարբերակված թիրախավորմամբ ահաբեկչություն էր, որն ուղղված է առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակչության դեմ: ԱՀ բոլոր բնակավայրերն այսօր գրեթե սահմանամերձ են, իսկ գյուղատնտեսական առումով պիտանի տարածքներն՝ անմիջապես սահմանակից: Այդ իմաստով, սպանության դեպքը Արցախի Հանրապետությանը տնտեսական կոլապսի հասցնելուն ուղղված կանխամտածված քաղաքականություն է նաեւ:
Կարդացեք նաև
Ի դեպ, Տեփնանցի սպանության աղմուկը ստվերելու համար հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը կանգ չառավ նույնիսկ միջանձնային վեճի արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողի սպանությունը որպես հայկական կողմից դիպուկահարի խոցում ներկայացնելու կեղծ տեղեկատվության առջև:
Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ԱՀ անցած իրավական ճանապարհը՝ ազգերի ինքորոշման ուղիով, եւ այդ իրավունքի իրացումն ու հարգումը, միջազգային հանրության կողմից հարցի համապարփակ լուծման միակ տարբերակն է: Աշխարհի կողմից դրա չճանաչումը՝ ուղիղ համեմատական է մի ամբողջ ժողովորդի բնաջնջմանը: Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատը դեռեւս Արցախի կարգավիճակի հստակեցման խնդիր ունի, բայց դա չպետք է որեւէ կերպ հակասի 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ սեփական կարգավիճակի հստակեցման նպատակով կազմակերպված հանրաքվեի արդյունքներին: Այս խնդիրները, կարծում եմ, պետք է առանցքային լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից տարածաշրջան եւ հատկապես Ստեփանակերտ նախատեսվող այցի ընթացքում: Այս առումով, չափազանց կարեւոր է գործընթացի վերսկսումը, քանի որ Ադրբեջանը հետպատերազմյան փուլում շեշտում էր հակամարտության վերջնական կարգավորման մասին: Գործընթացի վերսկսումը խոսում է նաեւ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող միջազգային ճնշումների մասին:
Միջազգային ճնշման ամենապրակտիկ օրինակն է, որ Ադրբեջանը հայտարարել է՝ ՀՀ պահանջով Բաքվի «Ռազմավարի պուրակից» հանվել են հայ զինվորներին ներկայացնող խամաճիկները և սաղավարտները:
Միջազգային հանրությունը պետք է վերջնականապես ընկալի այն հանգամանքը, որ անկախության ճանաչման խնդիրը քմահաճույք չէ, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ինքնանպատակ չէ, խնդրում գերակա է անվտանգության ապահովման բաղադրիչը՝ ճանաչման դեպքում դրա ամրագրումը միջազգային մակարդակի երաշխիքներով:
Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերությունները կարող են կարգավորվել, միայն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ ճանաչելու դեպքում, ինչը կարող է վերջ տալ տասնամյակներ շարունակվող «սողացող հակամարտությանը», երկու պետությունների բնակչությանը վերադարձնել բնականոն կյանքին:
– Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացիայի ռեժիմում գտնվող տարածքներում Ադրբեջանը հապճեպ գործընթացներ է ծավալում, ակտիվ շինարարական աշխատանքներ է իրականացնում. այս մասին ի՞նչ կասեք:
– ԱՀ-ն տարբեր մակարդակներով բազմիցս ահազանգել է, որ կան Ադրբեջանի կողմից տնտեսական, էներգետիկ, տրանզիտային շրջափակման վտանգներ: Մասնավորապես, որեւէ միջազգային կառույց չի կարող երաշխավորել, որ օրինակ՝ սույն թվականի նոյեմբերի 8-ին բացվելիք Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի ինքնաթիռները երբեւէ ռազմական նպատակներով չեն օգտագործվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ադրբեջանի կողմից թունելաշինության նկարներում թունելների կառուցվածքը, կառուցման տեղանքը եւս մտահոգությունների տեղիք են տալիս: Բաց աղբյուրներում առկա վերջին տվյալներով Ադրբեջանի ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում, իրականացվում են 555 կմ տրանզիտային ցանց իրականացնելու նախագծեր եւ ծրագրեր: Կան մտահոգություններ նաեւ էներգետիկ շրջափակման առումով: Այս բոլոր վտանգները միջազգային հանրության առջեւ բարձրաձայնելու մշտական պրակտիկան միայն կարող է որոշակիորեն զսպել Ադրբեջանին: Խաղաղ համակեցության կամ խաղաղաշինության մասին հիշատակող պետությունը, երբեւէ չեղած ամենաբարձր պարբերականությամբ, հատկապես ներքին լսարանին ուղղված ելույթներում, խոսում է դարձյալ «Երկաթե բռունցքի» մասին: Ինչ վերաբերում է արտաքին լսարանին, ապա այստեղ ադրբեջանական կողմը, ընդհանուր առմամբ, գոհ է ՌԴ խաղաղապահների գործունեությունից:
– Ի՞նչ տպավորություններ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպումներից, ի՞նչ զարգացումներ ակնկալել արդյունքում, մանավանդ, որ Բաքուն եւ Անկարան շտապողականություն են ցուցաբերում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց սկսելու հարցում, Երեւանն էլ դեմ չէ:
– Հիմք ընդունելով պաշտոնական լրատվությունը պետք է ասել, որ կողմերը քննարկել են Եռակողմ պայմանավորվածության կետերը: Ինչ վերաբերում է զարգացումներին, ապա հակամարտության կարգավորման առումով զարգացումները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից ակնկալել, իհարկե, հաշվի առնելով ՌԴ առանցքային դերակատարությունը: Իմ սուբյեկտիվ կարծիքով, ՀՀ-Ադրբեջան դեմարկացիան եւ դելիմիտացիան չպետք է ցավոտ հետեւանքներ ունենա ՀՀ-ի համար, եւ որեւէ կերպ չպետք է խոցելի դարձնի ՀՀ անվտանգային միջավայրը:
– Մոսկվան առաջարկում է 3+3 ձեւաչափը որպես տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ: Թուրքիան Արցախի հարցի լուծման նոր հարթակ է առաջարկում ձեւավորել: Վրաստանը միջնորդական առաքելություն է ստանձնել, զուգահեռաբար Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններն են օր-օրի լարվում, պաշտոնական Երեւանի կեցվածքն այս գործընթացներում բավական աննկատ է՝ հստակ դիրքորոշման առումով: Նման նոր հարթակի ձեւավորումը ինչի՞ կարող է հանգեցնել, արդյոք այն չի ստվերի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:
– Քանի դեռ խնդիրը քննարկումների փուլում է, ինձ իրավունք կվերապահեմ փորձագիտական գնահատական հնչեցնելու: «3+3»-ը բարձրացվել է տարածաշրջանային առումով հեղինակություն եւ իրականացման լծակներ ունեցող, իսկ աշխարհաքաղաքական առումով գերտերության՝ ՌԴ կողմից: 44-օրյա պատերազմից անմիջապես հետո 2020 թ. դեկտեմբերին Թուրքիան խոսում էր «վեցի պլատֆորմի» մասին, որպես տարածաշրջանի զարգացման մեխանիզմ: Բնականաբար, եթե խնդիրը փորձենք քննարկել մեր հակամարտության կարգավորման դիրքերից, ապա սա կարող է խնդիրներ ստեղծել հակամարտության կարգավորման մանդատ ունեցող կառույցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար:
«3+3» ձեւաչափում Արցախի Հանրապետության տեղը ՀՀ-ի եւ ՌԴ հետ մեկ դաշտում է: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում Իրանին եւս տեսնում են բնական դաշնակցի դերում, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. Իրանի հետ մինչեւ ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմն ունեցած սահմանագիծը, ինչպես նաեւ Արցախ-Իրան առնչությունները:
Իհարկե, այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են մեծ տարածաշրջանի՝ Արեւմտյան Ասիայի կոնֆլիկտային իրողությունների կարգավորմանը պետք է դրական գնահատել: Այս պահին «3+3» ձեւաչափն ուղղակի քաղաքական դիսկուրսի մակարդակում է, քանի որ «տարածաշրջան» անվանումն իր դասական, ակադեմիական եւ պրակտիկ բնութագրմամբ նշանակում է պետությունների միջեւ միջմշակութային, միջտնտեսական, միջքաղաքական կապեր: Մեր տարածաշրջանը հեռավոր եզրեր անգամ չունի տարածաշրջանի դասական ակադեմիական ընկալումների հետ: Հետեւաբար, կարծում եմ, որ այն առայժմ քաղաքական դիսկուրսում է մնալու: Բացի վերը նշածիցս, ավելացնեմ, որ տարածաշրջանում արդեն իսկ ձեւավորված Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համագործակցության ձեւաչափերից մեկն ունի տնտեսական, ռազմատեխնիկական, տրանզիտային միասնական հետաքրքրություններ: Որպես երկրորդ համագործակցության ամուր հարթակ կարող է լինել Հայաստան-Ռուսաստան-Իրան ձեւաչափը: Ինչպես ցույց տվեցին Ադրբեջան-Իրան վերջին իրողությունները, Իրանի նկատմամբ համահայկական միջավայրում բնական դաշնակցի վերաբերմունքի մեծ մակարդակ արձանագրվեց: Շատ կարեւոր է, որ վերջին շրջանում ուրվագծվում են նաեւ ԱՄՆ կողմից իրանական քաղաքական կուրսի որոշակի վերափոխումներ:
Իհարկե, «3+3» ձեւաչափի ՌԴ առաջարկը բխում է ՌԴ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերից, քանի որ այս դեպքում նա հավասարապես՝ դե յուրե եւ դե ֆակտո, կարող է ներկայացված լինել եւ ազդեցության լծակներ կարող է ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բլոկներն էֆեկտիվ են, եթե ունեն հակակշռման եւ զսպման մեխանիզմներ: Իհարկե, պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Վրաստանը՝ լինելով ՀՀ հետ գործընկերային եւ դրացիական հարաբերություններում, ՌԴ-ի հետ ունի սկզբունքային հակասություններ: Ընդհանուր առմամբ, այն քայլերը, որոնք ուղղված են բոլոր ժամանակներում մեր խնդրահարույց տարածաշրջանի հակասությունների հարթմանը, կայունությանն ու զարգացմանը, դրական կարելի է գնահատել, եթե դրանք բխում են մեր ազգային շահերից:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2021