Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի դաշնակիցն ու խաղաղապահը

Հոկտեմբեր 15,2021 12:00

Ինչո՞ւ Շոյգուն չցավակցեց Արցախում հայի սպանության կապակցությամբ, ինչո՞ւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը չայցելեց Եռաբլուր սեպտեմբերի 27-ին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Սա Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն էր այս տարվա ընթացքում: Մինչ հանդիպումը Կրեմլը կարճ հաղորդագրությամբ հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։

Ողջունելով Փաշինյանին՝ ՌԴ նախագահը նշել է. «Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաեւ այս անգամ, կխոսենք եւ ֆորմալ, եւ ոչ ֆորմալ մթնոլորտում: Կճաշենք միասին եւ կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ եւ նաեւ մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ եւ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով»: ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպման ամենակարեւոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, արձանագրել է Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման մեկնարկին. «Իհարկե, այժմ մեր տարածաշրջանում, նաեւ աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ եւ շատ կարեւոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն, ինչպես Դուք ասացիք՝ «ճշգրտեն ժամերը»: Ցավոք, մեր տարածաշրջանի հետ կապված դեռեւս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված եւ հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարեւոր են, առանցքային, եւ ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Այլ մանրամասներ նրանք չեն բացահայտել։ Հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում: Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը՝ հայ-ռուսական բանակցություններից ժամեր անց Twitter-ում գրելով. «Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը եւ իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

Նկատենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից մեկ օր առաջ Մոսկվայում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը: ՊՆ-ի փոխանցմամբ, քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այցից այլ մանրամասներ ոչ հայկական, ոչ ռուսական պաշտպանական գերատեսչությունները չհայտնեցին։

Փաշինյան-Պուտին հերթական բանակցություններն անցկացվեցին Հարավային Կովկասում իրավիճակի նոր լարվածության, իրանա-ադրբեջանական որոշակի սրված հարաբերությունների ֆոնին։ Իսկ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ մի հանցագործություն, որով Ադրբեջանը հետեւողականորեն ռուսական խաղաղապահ առաքելության «անորակությունն» է փորձում ապացուցել, ու ցավն այն է, որ ռուսական կողմին չի հաջողվում դուրս գալ թուրք-ադրբեջանական տանդեմի լարած ծուղակից:

Օրերս Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվեց քաղաքի 55-ամյա բնակիչը՝ Արամ Տեփնանցը: Արցախի մի քանի պաշտոնական գերատեսչություններ հայտնում էին, որ գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում արցախցին վիրավորվել ու տեղում մահացել էր։ Դեպքի պահին սպանված քաղաքացու կողքին՝ կրակահերթի տակ հայտնված տրակտորի մեջ եղել է նաեւ ռուս խաղաղապահ, որպեսզի երաշխավորեր Տեփնանցի անվտանգությունը:

Մեկ օր անց ՌԴ ՊՆ-ն վերջապես արձագանքեց՝ հաստատելով Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը։ «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով մահացու վիրավորում է ստացել Մադաղիս գյուղի քաղաքացիական անձը: Ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասվում էր ՌԴ ՊՆ կայքում: Նշվում էր նաեւ, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական կապ է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Նախ, ՌԴ ՊՆ-ն չի արձանագրել, որ դեպքը տեղի էր ունեցել ռուս խաղաղապահի աչքի առաջ, եւ ի՞նչ է նշանակում «ուսումնասիրում են գործը», «միջադեպը հետաքննվում է «երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»։ Եվ ընդհանրապես, ՌԴ ՊՆ-ն ինչո՞ւ չի դատապարտում Բաքվի ահաբեկչական քայլը ու ինչո՞ւ չցավակցեցին հայի սպանության կապակցությամբ: Թեեւ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական կողմն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռներ հարվածելու մի քանի դեպքերի առիթով բավարարվել է հարվածողների կողմից ցավակցականներ ընդունելով, փոխհատուցելու պատրաստակամության հայտարարություններով ու շարունակել է զարկ տալ «լոլիկա-խավիարային» քաղաքականությանը, կարել է ենթադրել, որ հայի սպանությունը՝ անգամ ռուս խաղաղապահի ներկայությամբ, մեծ կորուստ չէ Մոսկվայի համար:

Միակ խնդիրն այն է, որ Մոսկվան մխրճվել է թուրք-ադրբեջանական լարած ծուղակում, բայց նույնիսկ այս դեպքում պարզ չէ, թե Ռուսաստանի իշխանական վերնախավի համար դա խնդի՞ր է, թե՞ ոչ: Ակնառու փաստը մինչդեռ հետեւյալն է՝ ողջ աշխարհը աչքի առաջ ունենալով Հայաստանի օրինակը, հիմա հարց է տալիս ու պատասխանում իր իսկ հարցին, ինչպիսին չպետք է լինի ռազմավարական դաշնակիցն ու ինչպիսին չի կարող լինել խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունը, թեեւ դա հենց Մոսկվայի վաղեմի երազանքն ու նպատակն էր:

Իրականում այսպես են Բաքուն ու Անկարան լուծելու ՌԴ խաղաղապահ առաքելության «ճակատագիրը»՝ ողջ աշխարհին հասկացնել տալով, թե՝ «դա ի՞նչ խաղաղապահ առաքելություն է», «նրանց վերահսկողության գոտում սպանություններ են արձանագրվում»: Բաքուն չի հաստատելու ՌԴ խաղաղապահ առաքելության մանդատը, նա աշխատում է այդ առաքելության անպիտանիությունն ապացուցելու ուղղությամբ եւ ցավոք, դա նրանց առայժմ հաջողվում է: Իսկ մնացածն, ինչպես ասում են՝ ռուսների որոշելիքն է:

Եվ, իմիջիայլոց, ինչո՞ւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը չայցելեց Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: Սեպտեմբերի 27-ին օրվա վերջում միայն ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը, նշելով. «Ընդգծվել է, որ Ռուսաստանը հատկապես կարեւորում է այն փաստը, որ հայ բնակչությունը հնարավորինս շուտ հաղթահարի պատերազմի հետեւանքով առաջացած սթրեսը, իրեն ապահով զգա, ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերի»:

Հատկապես հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում տեղի ունեցած սարսափելի դեպքից հետո ռուսական կողմը արցախցիներից կարող է հետաքրքրվել, թե որքանով են նրանք հիմա իրենց «ապահով» զգում՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 14.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031