Նախորդ օրը հանրապետությունում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդությունից 43 մարդու մահ: Գերազանցվեց, ըստ էության, ամենօրյա լուրաշարի վերնագիր դարձած 20-ից ավելի մահերի թիվը, իսկ առողջապահության նախարարը ՖԲ էջում վայրկյաններ անց շտապեց գրառում կատարել. «Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից…»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, որ համաճարակային խառնաշփոթի օրերին փակվի բուժկետ, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների սպասարկման կենտրոնում:
Երեկ «Առավոտին» են դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշվանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տասնութ բնակիչներ:
Նրանք հայտնում են, որ սոցկենտրոնում 35 տարի շարունակ գործել է բուժկետ. «Բուժկենտրոնի անձնակազմը հոգատար է սոցկենտրոնում ապրող բնակիչների հանդեպ: Այստեղ ապրում են աշխատանքի վետերաններ, Ադրբեջանից, Արցախից տեղահանված հայեր, որոնք կարիք ունեն ամենօրյա բուժօգնության, խնամքի: Մինչ շտապօգնությունը կգա, առաջին օգնությունը, առաջին դեղահաբը տալիս է տեղի բժշկուհին, բուժքույրը»:
Տարեցները տեղեկացնում են, որ իրենք կորոնավիրուսի պայմաններում անվճար ստացել են դեղորայք, ամեն օր չափվել է նրանց ջերմությունը, ստուգվել թոքերը, տրվել է ձեռնոց, դիմակներ, ալկոգել, հետեւել են իրենց բնակավայրի սանիտարահամաճարակային իրավիճակին:
Կարդացեք նաև
Այս օրերին էլ բուժկետի խնամքի տակ էր Վահանուշ Պատուրյանը, ով երեք ամիս է՝ անկողնային հիվանդ է, ընկել էր պոլիկլինիկա գնալու ճանապարհին, իսկ Լալա Շահինյանը տառապում է երեւանյան հիվանդությամբ, ճնշումը տատանվող է, ունի շաքարային դիաբետ:
«Մենք՝ ծերերս զարմացած ենք՝ ում հրամանով են փակել բուժկետը, որից ստանում ենք կյանք, հույս: Բուժկետի փակմամբ մենք անհանգստացած ենք»,- գրել էին նրանք:
«Առավոտի» տրամադրության տակ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Ս. Մուրադյանի գրությունն ուղղված տարեցների կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Ս. Արզումանյանին:
Այդ գրությամբ նախարարությունը տեղեկացնում է գալիք տարվա պետական բյուջեի հաստատման մասին, որով նախատեսված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում խնամքի ծառայություններ տրամադրել. «Նախատեսվում է «բուժքույրերի ծառայությունը դադարեցնել՝ շահառուների համար բուժական ծառայությունների մատուցումը տրամադրելով համայնքում, ինչի համար խնդրում ենք զգուշացնել աշխատակիցներին»: Իսկ ամենակարեւորը հանրային սահմանափակումների ֆոնի վրա հետեւյալ իրազեկում-միջոցառումն է. «ԱՊՀ տարածքում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ մասնակիցներին օդային տրանսպորտով մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցում» եւ «Աջակցություն ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության» հետ կապված ակնկալում ենք ձեր ակտիվ ներգրավվածությունը»:
Ըստ այս պաշտոնական գրության, այս տարի սպասարկման համար չի հատկացվելու 3, 8 հաստիքային միավոր աշխատողի աշխատավարձը: Եվ այդ աշխատողը-աշխատողները մարդիկ ենք, ովքեր ձմռան շեմին հայտնվելու են գործազրկության շեմին, հաշվի չի առնվել անցած մեկ տարվա ծանրագույն իրավիճակում նրանց ցուցաբերած մարդասիրական գործունեությունը:
Տարեցների կարծիքով, իրենց նկատմամբ առկա է բժշկական հասանելիության վերաբերյալ խտրականություն:
Մենք սիրում ենք տարեցների իրավունքների վերաբերյալ հղումներ կատարել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Սոցիալական ապահովության կոնվենցիային» (1952 թ.) եւ «Հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցրածների նպաստների կոնվենցիային»: (1967 թ.), Եվրոպայի խորհրդի սոցիալական խարտիայի եւ սոցիալական պաշտպանության տարեցների իրավունքի համար սահմանված պարտավորություններին, որը Հայաստանի կողմից վավերացվել է 2004 թվականին: Առկա է նաեւ 2017թ. ԵԽԽՎ 2168 բանաձեւը՝ տարեց մարդկանց իրավունքների եւ նրանց համապարփակ խնամքի մասին: Տարեց անձանց վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքների մեջ նշվում է. «Տարեցները պետք է ապահովված լինեն համապատասխան սնունդով, ջրով, ապաստարանով, հագուստով եւ բժշկական ապահովագրությամբ, պետք է ապրեն մի միջավայրում, որը պետք է հարմարեցված լինի նրանց անձնական նախասիրություններին, նրանք պետք է ունենան բժշկական ապահովություն, որը կօգնի նրանց պահպանել ֆիզիկական բարեկեցություն եւ կկանխի հիվանդությունների առաջացումը»: Գուցե արժե վերանայել բուժկետի փակման որոշումը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2021