Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հարցում կառավարությանը չեն վստահում

Հոկտեմբեր 15,2021 10:00

Հայաստանում կորոնավիրուսից շաբաթը մոտ 200 մարդ է մահանում: Հիմնական պատճառը պարզ է. պատվաստվածների ցածր տոկոսը՝ ամենացածրը մեր տարածաշրջանում: Անվիճելի է, որ պետությունը պետք է ավելի ակտիվ ջանքեր գործադրի այդ (եթե մեղմ բառ օգտագործենք) խիստ մտահոգիչ վիճակի զարգացումը կանխելու համար: Սա այն դեպքն է, երբ ընդհանուր շահն ավելի բարձր է, քան անհատական ազատությունը: Բայց դրա մասին ես կգրեմ հաջորդ վերլուծության մեջ:

Իսկ հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել մի հանգամանքի վրա, որն առաջին հայացքից զարմանալի է թվում՝ Հայաստանի բնակչությունն այս հարցում չի հավատում իշխանություններին:

Մեր քաղաքացիների վստահությունը կառավարության եւ անձնապես վարչապետի հանդեպ արտահայտվում է բացառապես «նախկինների» համատեքստում: Այստեղ գործում է հոգեբանության մեջ հայտնի ճոճանակի սկզբունքը՝ Փաշինյանը լավն է, որովհետեւ «նախկինները» վատն էին՝ դատողություն, որը ֆորմալ տրամաբանության տեսանկյունից մեկնության չի ենթարկվում: Այդ «ճոճանակային» տրամաբանության մեջ վարչապետի՝ որպես առանձին միավորի, մասին կարծիքն այնքան բարձր չէ. պատերազմում պարտվեցինք, որովհետեւ նախկիններին ծառայող եւ թալանչի գեներալները «խեղճ Նիկոլին» խաբեցին, ամեն ինչ թանկացել է, բայց Փաշինյանն ի՞նչ կապ ունի՝ Քոչարյանն ու Սարգսյանն են մեղավոր: Այսինքն՝ այդ տրամաբանության շրջանակներում Փաշինյանն այնքան էլ խոշոր քաղաքական գործիչ չէ՝ նա «լավն է» միայն «նախկինների» համեմատությամբ:

Բայց քանի որ կորոնավիրուսի ծագումն ու տարածումը դժվար է կապել «նախկինների» հետ, այդ հարցում վարչապետի հեղինակությունը չի աշխատում: Սակայն հենց այստեղ ես մեծ ցանկություն ունեմ հարցնելու. «Սիրելի համաքաղաքացիներ, եթե դուք այդքան վստահում եք Փաշինյանին, եթե նրա ասածները ձեզ համար համարյա աստվածաշնչյան ճշմարտություններ են, ապա ի՞նչն է պատճառը, որ դուք չեք ուզում նրան լսել, երբ նա կոչ է անում պատվաստվել: Ոչ միայն բանի տեղ չեք դնում վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ասածները, այլ հակառակը՝ հավատում եք հակապատվաստումային քարոզիչներին, որոնց փաստարկները հաճախ անհեթեթ են»:

Այդ իրավիճակը համընդհանուր օրինաչափության արտացոլումն է: Երբ առաջնորդներն ասում են՝ «մերժենք սրան, տապալենք նրան, անիծենք էն մյուսին», մարդիկ ուրախանում են, հրճվում են, «դմփ-դմփ-հու» են անում: Բայց երբ նույն իշխանությունն ասում է, օրինակ՝ ծխախոտի մնացորդները մի՛ գցեք մայթին, ամբողջ խանդավառությունը կորում է եւ այդ հարցերում իշխանության նկատմամբ խորը անվստահություն է առաջանում: Ով երեխաներ կամ թոռներ ունի, կհաստատի. շատ հեշտ է երեխայի ձեռքը մուրճ տալ եւ ասել՝ ջարդիր այս խաղալիքը: Իսկ որպեսզի սովորեցնես նրան խորանարդներից աշտարակ սարքել՝ դրա համար համբերություն է պետք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Ես մի բանում անվերապահ համոզում ունեմ՝ ցանկացած իշխանություն պետք է ենթարկվի օբյեկտիվ, անխնա քննադատության, այսինքն այնպիսի քննադատության, որից հայրենիքի մասին մտահոգվելու «հոտ» զգաս, դրանից առաջին հերթին կշահի իշխանությունը:
    Մեկ հարց էլ ինձ ունեմ՝ ավելի քան 20 տարվա պետության և ժողովրդի փչացման գործին լծված մեզ հայտնի խոպանչիներից հետո ի՞նչ էիք ուզում՝ հայտնվեին ինչ որ տեղից անսխալական և այլմոլորակային արժեհամակարգ կրող մարդի՞կ:

  2. Ալֆրեդ says:

    Կարելի է ենթադրել որ ընտրությունների արդյունքները կեղծ էին.այդքան մարդ նիկոլին ձայն չի տվել

  3. Քրիստափոր says:

    Դանիայում, Նիդեռլանդներում և այլ բազմաթիվ Եվրոպական /և ոչ միայն/, երկրներում շատերը չեն էլ իմանում, թե իրենց վարչապետը կամ նախագահը ով է, բայց բնակչության 80-90 տոկոսը պատվաստվել է: Մակարդակի հարց է: Ցավալի է, բայց մենք գտնվում ենք մարդկության ինտելեկտուալ սանդղակի ստորին մասերում, շատ ցավալի է, շատ: Մեր հերթ կանգնելը այսօր ցանկացած տեղ, ձեզ օրինակ:
    Հ Գ Վազգեն Մանուկյանը մի առիթով ասել է՝ Հայաստանում շատերը դեռևս ապրում են 18-19-րդ դարերում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031