Լրահոս
Օրվա լրահոսը

Այգի Գյումրիում, որի մոդելն օրինակ պիտի դառնա աշխարհի համար․ ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ծրագիրը սկսված է

Հոկտեմբեր 15,2021 00:05

Այսօր պաշտոնապես ազդարարվեց Գյումրու Շառլ  Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության այգու շինարարությունը։

Հիշեցնենք, որ տարածքը ներդրումներ կատարելու նպատակով տրամադրվել է ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին, այն կառուցում է «Քաղաքաշինության և զբոսաշրջության» TUF բարեգործական հիմնադրամը։

Պաշտոնական միջոցառմանը մասնակցում էր Ռուբեն Վարդանյանը,  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրու քաղաքապետի թեկնածուներ։

Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում այն անվանեց  մեծ, «ամբիցիոզ» ծրագիր, որն ունի մի քանի փուլ։  Շինարարության առաջին փուլը, ըստ նրա, կավարտվի մյուս տարվա աշնանը։

Նա նաև նշեց, որ  շատ կարևոր է ֆինանսավորմանը մասնակցեն տարբեր մարդիկ՝ տարբեր երկրներից,  քանի որ սա ընկերության այգի է։  Ու հույս հայտնեց,  որ ամառային այգուց բացի, այստեղ նաև ձմեռային այգի կհիմնվի։

Ըստ նրա, այգի կառուցելը ժամանակ է պահանջում, մի օրվա չի լինում, թեև շինարարությունը պիտի սկսկեին 2020 թվականին, սակայն թե՛ համավարակի, և թե՛ պատերազմի պատճառով մեկ տարով հետաձգվեց։

«Անելուց պիտի կամ շատ լավը անես, կամ չանես։ Եկեք այնպես անենք, որ իսկապես դառնա օրինակ աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի կամ աշխարհի համար։ Եվ երկրորդը, ուզում եմ ամեն ինչ անենք մենք, որ գյումրեցիները զգան՝ սա իրենց այգին է, իրենց միջով պիտի անցնի այս այգին, գյումրեցիների հոգին պիտի դրվի սրա մեջ։

Ես մի ճապոնացի ընկեր ունեմ, որ ամենահայտնի ճապոնական այգիներ է անում աշխարհում, ասում է՝  ոչ թե հիմա սիրուն պիտի լինի, այլ 10 տարի հետո պիտի դառնա այդպիսին։ Նուրբ բան է, սա շենք կառուցել չէ, ծառ տնկել չէ, հոգի պիտի դնես մեջը»։

Aravot.am-ին այն հարցի՝ ինչո՞վ է այգին տարածաշրջանում եզակի, Ռուբեն Վարդանյանն ասաց․  «Այն, որ Գյումրիի հոգին պիտի ունենա իր մեջ։ Նայենք ինչ ենք մենք փորձում անել, մի կողմից ներդրումներ անելով աշխարհի կողմից, ամենալավ բաները բերելով՝ մյուս կողմից պահպանելու ենք  քաղաքի և հայ հոգու գաղափարը։ Իրար միացնելը շատ դժվար է։ Ամեն տեղ կարելի է բերել և շատ չքնաղ ատրակցիոներ դնել, իտալական կամ ավստրիական ընկերությունն արտադրում է, դու դնում ես Փարիզում, Մոսկվայում կամ Դուբայում, բայց եթե մենք ուզում են այստեղ լինեն գյումրեցի նկարիչների գործերը, դա պիտի որոշվի, սա շինարարություն չէ, արվեստ է»։

Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այգում  կանաչապատ տարածքից բացի, տարատեսակ ժամանցի օբյեկտներ են գործելու, տարիքային տարբեր խմբերի համար կրթական տարբեր ծրագրեր են իրագործվելու։

Մասնավորապես այգում բացվելու է այգեգործության դպրոց, որը Հայաստանի համար ծառայելու է որպես մոդել, պատրաստելու է մասնագետներ կանաչապատ տարածքների ձևավորման և ճիշտ խնամքի համար, վերնիսաժի տաղավարներ են տեղադրվելու, ամֆիթատրոն է ունենալու։

Գնել Սանոսյանը նշեց, որ հիմնադրամի միջոցներով 900 միլիոն դրամի աշխատանքներ կկատարվեն և այգու հարակից տարածքն ամբողջապես կբարեկարգվի։  Նախարարի տեղեկացմամբ, 7,2 հեկտար է քաղաքը հատկացրել այգու համար։

Գյումրու քաղաքապետի ժ/պ, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Ալբերտ Մարգարյանն էլ ասաց․ «Այստեղ կառուցվում է այգի, որի նմանը չկա ողջ տարածաշրջանում և նման զբոսայգիներ ունեն միայն զարգացած երկրները, այստեղ ստեղծվում է մի միջավայր, որը հարիր է համաշխարհային քաղաքակրթությանը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031