Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ աղմուկ, իրարանցում Գյումրու քաղաքապետարանում․ աշխատակիցների բողոքն ու համայնքի ղեկավարի նորանշանակ ժ/պ-ի պարզաբանումը

Հոկտեմբեր 14,2021 22:44

Aravot.am-ը տարբեր ահազանգեր է ստանում այն մասին, որ կադրային ջարդ է սկսվել Գյումրու քաղաքապետարանում․ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Ալբերտ Մարգարյանը Գյումրու համայնքի ղեկավարի ժ/պ նշանակվելու հենց առաջին օրը սկսել է կրճատումներ անել ու ազատված աշխատակիցներին ՔՊ-ականներով փոխարինել։

Նա, մասնավորապես աշխատանքից ազատել է հայեցողական պաշտոններ զբաղեցնող Լենա Ջիլավյանին, որը երկար տարիներ եղել է քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստը, այժմ Սամվել Բալասանյանի խորհրդականն էր, համայնքապետի մյուս խորհրդական Հրաչ Մելքոնյանին, գործավարուհուն՝ Թամարա Զաքարյանին, վարորդ Գարիկ Պետրոսյանին, առաջին հարկում՝ անցակետում հսկողություն իրականացնող ընդհանուր բաժնի երկու կին աշխատակցուհիների։

Ավելին, ըստ ահազանգերի, անցակետում նոր մարդկանց են ընդունել, որոնք քաղաքապետարանի աշխատակիցներին ներս թողնելը պատմություն են դարձնում, ցուցակում ժամերով անուններ են փնտրում, ճշտում։

Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը՝ Արա Մաթևոսյանը, նույնիսկ այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել ու ըստ էության ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել իր ձևակերպմամբ՝ խուլիգանական մի արարքի մասին։

Նա գրել էր, որ առավոտյան ժամը 8․57-ին ներկայացել է քաղաքապետարան, որտեղ նորանշանակ մի աղջնակ իրեն ներս չի թողել, հարցրել է անուն-ազգանունը, որպեսզի իր ձեռքի տակ եղած ցուցակով ճշտի, նոր թույլատրի մուտք գործել աշխատավայր։

«Ներկայանում եմ աշխատանքի՝ Գյումրիի քաղաքապետարան: Անցակետի երկու դռնակներն էլ փակված են, անցակետում մեր ճանաչած երկու աշխատակցուհիները՝ մեկ կին և մեկ աղջիկ, տեղում չեն։ Նրանց փոխարեն մեկ այլ աղջիկ է՝ անծանոթ, կողքին էլ երկու երիտասարդներ, աղջիկը հարցրեց իմ անուն-ազգանունը, ապշեցի՝ նման բան 21 տարվա ընթացքում չէր եղել, ասի անունս, աղջկա ձեռքի տակ ինչ-որ ցուցակ էր, հարցրեցի՝ սա ինչպե՞ս հասկանալ:

«Այս աղջիկը այսօրվանից պետք է այստեղ աշխատի, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է ասել», -պատասխանեց երիտասարդներից մեկը։

Աղջիկն այնպես արագ գտավ իմ անունը, կարծես թե սպասում էին ինձ, ցուցակ, և կայծակնային գտնվեց իմ անունը։ Քաղաքապետարանի աշխատակիցներս 234 հոգի ենք, նշանակում է՝ ցուցակը պետք է լիներ մի քանի էջանոց, սակայն աղջկա ձեռքի տակ մեկ հատ թուղթ էր՝ այն էլ հավանաբար ՍԵՎ ՑՈՒՑԱԿ, միևնույն պահին՝ նկատեցի, որ խորքում շփոթահար կանգնած էին իմ գիտեցած երկու աշխատակցուհիները: Դռնակը բացեցին, ներս մտա, այդ պահին իմ ետևից գալիս էր փոխքաղաքապետը, վերջինս այդ աղջկանից պահանջեց հրամանը, հասկանալի է՝ նման հրաման չկար ու չէր կարող լինել, փոխքաղաքապետի պահանջով այդ աղջիկն ու երիտասարդները լքեցին անցակետը՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով հանդերձ»,- մասնավորապես գրել է Արա Մաթևոսյանը։

Մեզ ահազանգած աշխատակիցները նշում են, որ իրենց ազատում են՝ վիրավորելով։

«Ալբերտ Մարգարյանին դեռ պաշտոնապես չէին ներկայացել, իր հետ եկած մի ջահել աղջիկ պոկեց Սամվել Բալասանյանի առանձնասենյակի պատին փակցված ցուցանակը։ Գործավարուհին հարցրել է՝ ինչո՞ւ ես պոկում, այս ցուցանակները մի շաբաթից կփոխվեն, համբերի, հո Բալասանյանի անունը չի մնա ու նորից կախել է։ Այսօր նորից պոկել են, տվել գործավարուհու ձեռքը, իրեն էլ ասել են՝ ազատված ես աշխատանքից։ Գործավարուհին հարցրել է՝ ի՞նչ հիմքով, ներկայացրեք հիմքերը, ասել են՝ չես կատարել պարտականություններդ ու վիրավորել։ Սա վերջը պետական կառույց է, սա ի՞նչ պահվածք է, դեռ իշխանության չեկած՝ էս ինչեր են իրենց թույլ տալիս, խորը վիրավորված ենք բոլորս, սա փոքր քաղաք է, վերջը մեկը մյուսի աչքերի մեջ պիտի կարողանա նայի»,-վրդովված պատմում էին մեր խմբագրությանը ահազանգած անձինք։

Գործավարուհի Թամարա Զաքարյանի հետ մեզ զրուցել չհաջողվել, նրա հեռախոսն անհասանելի էր, սակայն զրուցեցինք աշխատանքից ազատված Լենա Ջիլավյանի հետ։

Տիկին Ջիլավյանը պատմեց, որ իրեն համայնքապետի ժ/պ Ալբերտ Մարգարյանը աշխատանքից ազատել է հենց եկած օրը։

«Հենց իրեն ներկայացրեցին, դրանից անմիջապես հետո՝ նույն օրը ինձ ազատեց աշխատանքից։ Ժամը 18․30 էր, եկա տուն, կադրերի բաժնից զանգեցին, թե տիկին Ջիլավյան, դուք ազատված եք աշխատանքից։ Ինձ Մարգարյան Ալբերտը ո՛չ տեսել է, ո՛չ խոսել է իմ հետ, ընդամենը ազատել է։

Ինձ ասին ՝ սենյակն ազատի, ես գնացի Ալբերտ Մարգարյանի մոտ և ասի՝ չեմ կարող սենյակն ազատել․ փաստաթղթերը մեջն են, ինձ սենյակ տվեք, որ տանեմ այնտեղ, վերջը 9 տարվա ֆինանսատնտեսական փաստաթղթեր են կուտակված, ես չեմ կարող այդպես թողնել ու դուրս գալ։ Ասի՝ ինձ սենյակ տվեք, տեղադրեմ այնտեղ, ընդունման-հանձման ակտով դուրս գամ։ Անմիջապես տրամադրեց սենյակը։

Ես ֆինանսական հարցերի գծով խորհրդական եմ, հայեցողական պաշտոն էի զբաղեցնում, ամեն մի քաղաքապետ իր խորհրդականին ինքն է ընտրում, ինձ կարող էր ազատել, բայց շատ տհաճ է, որ հենց առաջին օրը առաջին գործը դա է եղել՝ ինձ ազատելն՝ առանց իմ հետ զրուցելու։

Ասենք մի քանի օրից ընտրություններ են, հաղթեք, էլի կազատեք, իհարկե, համայնքային ծառայողներին իրավունք չունեն ազատելու։Ես 46 տարի քաղաքի համար ծառայել եմ, բայց առանց զրուցելու, մեկ էլ զանգում են, թե ազատմանդ հրամանը տրված է, վիրավորած եմ շատ»։

Ի դեպ, խոսվում էր այն մասին, Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը ևս աշխատանքից ազատված է, սակայն պարզեցինք, որ այդ տեղեկությունն իրական չէ։

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացանք նաև Գյումրու համայնքի ղեկավարի ժ/պ Ալբերտ Մարգարյանից։

«Ես աշխատանքից ազատել եմ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին՝ խորհրդական, օգնական, գործավար, վարորդ, որի իրավունքը ունեմ, ՏԻՄ օրենքը թույլ է տալիս։ Քաղաքապետի լիազորությունները դադարելու դեպքում մեկամսյա ժամկետում իրավունք ունեմ փոխարինել ուրիշ մարդկանցով, օրենքի կետը կա։ Ես համայնքային ծառայող չեմ ազատել, ես ինքս, երկար տարիներ լինելով քաղծառայող, ես չգիտե՞մ որ նման իրավունք չունեմ։ Խորհրդականներից մեկը՝ Հրաչ Մելքոնյանն այսօր եկավ, զրուցեցինք, հասկանալով միմյանց՝ բաժանվեցինք։

Երբ մարզպետ է փոխվում, ամեն մեկն իր գործավարուհուն, օգնական, խորհրդականին չե՞ն բերում, դրա իրավունքը կա օրենքով, նույնը՝ քաղաքապետի դեպքում։

Գործավարուհու հետ կապված պարզաբանեմ․ առաջին օրը, երբ ինձ պաշտոնապես ներկայացրեցին, ասացինք՝ Սամվել Բալասանյանի ցուցանակը հանեք, ես առանձնասենյակում եմ նստած՝ ճիշտ չի լինի Սամվել Բալասանյանի անուն-ազգանունը մնա, քաղաքացիները չգան, շփոթության մեջ ընկնեն, հատկապես որ Սամվել Բալասանյանի լիազորությունները դադարել են։ Ցուցանակը հանեցին, տարան, պահեցին։

Երկրորդ օրը գնացի աշխատանքի, նորից էր փակցված Սամվել Բալասանյանի անուն-ազգանունով ցուցանակը։ Նոր օգնականները գնացել, գործավարուհուն ասել են՝ հանի էլի, ներսը ուրիշ մարդ է նստած, ճիշտ չէ այդպես, նորից հանեցին։

Այսօր առավոտ նորից գնացի, էլի է փակցված Սամվել Բալասանյանի անուն-ազգանունը։ Երրորդ օրն է՝ նույն պատմությունը, ամեն առավոտ գնում եմ աշխատանքի՝ էլի նորից տեղն է Սամվել Բալասանյանի ցուցանակը։

Սա է եղելությունը, աղմուկն ավելի շատ է, քան կատարվածը։ Ես օգտվել եմ օրենքով վերապահված իմ իրավունքից, ավել բան չեմ արել, օրենք չեմ խախտել։

Վարորդի պահով ևս ուզում եմ պարզաբանում տալ, նրան բնականաբար պիտի ազատեի, Սամվել Բալասանյանի լիազորությունները դադարել են, Սամվել Բալասանյանն էլ ծառայողական մեքենա չունի, նա իր անձնականն է օգտագործել, վարորդին ինչպես կարող եմ աշխատավարձ տալ այս դեպքում։ Նա չի կարող համայնքի փողը ստանալ, երբ մեքենա չի քշում։ Եթե ես վարորդին պահեմ, աուդիտ որ գա, չի՞ ասի՝ ինչու ես աշխատավարձ տվել, ինքը չի աշխատել, հիմա էլ Երևանում է։

Իսկ սև ցուցակի պահով, իրոք զարմացած եմ, ի՞նչ սև ցուցակ, ես ցուցակ չունեմ և չեմ ունեցել, այդպիսի բան գոյություն չունի»,-պարզաբանեց Ալբերտ Մարգարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031