ԱԼՏ. Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացրել։ Խաղողի մթերման հերթը դեռ չի նվազում։ 100-ից ավելի խաղողով բեռնված բեռնատարներ, 5 օրից ավելի է, Լուկաշինում տեղակայված մթերող կազմակերպության դիմաց սպասում են իրենց հերթին։ Խաղողը որակազրկվել է, քաշը կորցրել, հյութը՝ ասֆալտով տարածվել։ Խաղողագործները փորձել են փակել Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը։ Գյուղացիներն ասում են, որ մթերման գործընթացը դանդաղ է ընթանում, ինչի պատճառով օրերով ստիպված են գիշերել գործարանի առաջ։ Գործարանը, որտեղ մթերում է կազմակերպել «Բագրատ գրուպ» ընկերությունը, նախ՝ տեխնիկական անսարքություն է ունեցել, ապա՝ տարաների պակասի պատճառով մթերման գործընթացը դանդաղել է։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։ Երկարատև բանակցություններից հետո խնդիրը կարգավորվեց հետևյալ կերպ՝ նույն ընկերությունը Արարատի մարզի Մրգանուշ գյուղում գտնվող իր կազմակերպությունում ևս կմթերի արմավիրցիների խաղողը՝ հերթերը թեթևացնելու և գործընթացն արագացնելու համար։ Բացի այդ, խաղողի մթերման պատրաստակամություն հայտնեց ևս մեկ կազմակերպություն։ Մարզի գլխավոր գյուղատնտեսի խոսքով, եթե գյուղացիները խաղողը տեղափոխեն այդ երկու կազմակերպություններ, խնդիրը կկարգավորվի։
Գյուղացիները տարակուսում էին խաղողը տեղափոխել Արարատի մարզ։ Դա նրանց համար հավելյալ ծախս է։ Գյուղացիներն ասում են՝ մարզի գյուղերից մինչև Լուկաշին բեռնատարը խաղողը տեղափոխում է 20-25 հազար դրամով, հերթին սպասելու մեկ օրը 500 դրամ է, իսկ եթե խաղողը տեղափոխվի Մրգանուշ, կպահանջվի ևս 20-25 հազար դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում