ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է ՀՔԾ։
Խնդիրն այն է, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ և առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երեւան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա.Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։
Հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինը չի ստուգել «Շանթի Յուրայի» ցուցմունքները ու շտապել է դրանց հիման վրա միանգամից մեղադրանք առաջադրել Ա. Հովսեփյանին։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գործի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրի Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին՝ պարզելու, թե արդյո՞ք այն քրեական գործերով, որոնցով Վարշամ Ղարիբյանը հանդես է եկել տարբեր դատավարական կարգավիճակներով, Աղվան Հովսեփյանը, զբաղեցնելով այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հովանավորչություն իրականացրել է՝ Վարշամ Ղարիբյանի համար այդ քրեական գործերով ցանկալի ելք ապահովելու առումով, թե՝ ոչ։