«Հայաստանը ձեզ ոչ իրական պատկերն է ներկայացնում»,-Հաագայում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում, հայտարարեց Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամմադովը:
Նա վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած միջնորդությունն անհիմն է և այն պետք է մերժվի:
Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 14-ին՝ օրվա առաջին կեսին դատարանում ներկայացվեցին հայկական կողմի տեսակետները:
Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը էլնուր Մամմադովը վստահեցրեց. «Նախագահ Ալիևի քաղաքականության առաջնահերություններից է էթնիկ և մշակութային բազմազանության ապահովումը, մշակույթների համատեղելիությունը: Հայաստանը ներկայացնում է ձեզ ոչ ճշգրիտ պատկեր»:
Նա նշեց, թե իբր Հայաստանն է Ադրբեջանի դեմ պատերազմ սկսել՝ ներկայացնելով այն՝ որպես արցախյան:
Խոսելով Բաքվի «ռազմավարի պուրակի» մասին՝ նա հայտարարեց՝ այդ պուրակի որոշ ցուցանմուշներ, օրինակ՝ սաղավարտներն ու մանեկենները մշտապես հեռացվել են պուրակից:
Ադրբեջանի մյուս ներկայացուցիչները փորձեցին ներկայացնել, թե ինչու պետք է դատարանը մերժի Հայաստանի միջնորդությունը:
Փոխարենը նրանք հայտարարեցին, թե Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները: Որպես Ադրբեջանի՝ իր հանձնառությունների կատարում, ներկայացրին այն, որ 2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկել այն զինվորականներին, որոնք պղծել են հայկական գերեզմանները:
Խոսելով հայ ռազմագերիների մասին՝ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ անձինք գերեվարվածներ չեն, այլ կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ, այդ պատճառով էլ ընթանում է նրանց դատավարությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ