Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն խնդիր լուծելի է եթե կա մեկ նախապայման՝ քաղաքական կամքը, ինչը ես առայժմ չեմ տեսնում»․ Սուսաննա Թադևոսյան. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 14,2021 20:03

«Հույսի կամուրջ» և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները Դիլիջանում անցկացնում են «Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն է վեր հանել կրթության կազմակերպման գործընթացի ներառականությանը խոչընդոտող ու խթանող գործոնները և տարբեր գործընկերների համատեղ ջանքերի ներդրմամբ աջակցել այդ գործընթացի ներառականության բարելավմանը՝ խթանելով ՀՀ-ում բոլոր երեխաների համար ներառական և հավասարապես որակյալ կրթությունը:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ներառական կրթության մասին ընկալումները հանրության լայն շերտերում այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հիմնականում կարծրատիպային ընկալում է, որ ներառական կրթությունը նորացված հատուկ կրթությունն է, ինչը չի համապատասխանում իրականությանը․

«Իրականում խոսքը գնում է կրթության գործընթացի այնպիսի կազմակերպման մասին, որտեղ ոչ մի երեխա կրթական գործընթացից դուրս չմնա: Մեր ուսումնասիրությունը նրա մասին է, թե 45 րոպե դասընթացի ընթացքում ինչքանով է երեխան ներառված և մասնակցում իր կրթության գործընթացին, ինչի շնորհիվ կարողանում է տեսնել իր ուժեղ և թույլ կողմերը:

Շատ կարևոր է, ուսումնասիրության ընթացքում անցկացված հարցմանը մասնակցել են ոչ միայն ուսուցիչները, այլ նաև բոլոր աշակերտներն անկախ նրանց ներառական կրթության կարիքից, դպրոցի տնօրենները և իհարկե աշակերտների ծնողները:

Ցավոք, արդյունքում ստացվեց մի պատկեր, որ անկախ նրանից, թե այդ մարզում երբ է ներդրվել ներառական կրթության համակարգը, պատկերն իրարից շատ չէր տարբերվում, ինչը շատ բան է ցույց տալիս մեր կրթության կազմակերպման գործընթացի համընդհանուր խնդրի մասին: Մեր նպատակն է համատեղ ուժերով կրթությունը դարձնել այնքան ներառական, որ դրանից օգտվեն մեր բոլոր երեխաները»

Թադևոսյանը նաև ընդգծեց, որ ներառական կրթության իրականացման գործում մեծ խնդիր է հատկապես շենքային պայմանները․

 

«Կապ չունի երեխան ունի այս կամ այն սահմանափակ հնարավորությունները, թե անսահմանափակ  ունակություններով օժտված երեխա է, քանի որ խնդիրը նրանում է, որ եթե կրթության կազմակերպման այս կամ այն բաղադրիչում կան արգելքներ ինչպիսին են, օրինակ, ուսուցչի վերաբերմունքը այս կամ այն երեխայի նկատմամբ, նշանակում է երեխան լիարժեք չի մասնակցում կրթության կազմակերպման գործընթացին:

Այդ խոչընդոտները հաղթահարելու դեպքում բոլոր երեխաները իրենց կարողությունների չափով հնարավորություն կունենան մասնակցել կրթության կազմակերպման  գործընթացին, այդ թվում նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաները:

Իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար շենքային պայմաններ ապահովելու հարցը հիմքային խնդիր է և քանի որ հնարավոր չէ այն արագ լուծել պետք է լուծել ողջամիտ հարմարեցման տրամադրմամբ»:

Սուսաննա Թադևոսյանն ընդգծեց, որ շենքային հավասար ապահովումը համակարգային խնդիր է, քանի որ ավելորդ է խոսել խնդիրների մասին, երբ երեխան ֆիզիկապես չի կարողանում մուտք գործել դպրոցի տարածք․

«Պետք է նշեմ, որ այս հարցում ամենախոցելի խմբերը ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներն են, որը անլուծելի խնդիր է թվում: Սակայն գոյություն ունի ողջամիտ հարմարեցման լուծման տարբերակը:

Խնդիր կա, որ տարրական դպրոցն ավարտելուց հետո դպրոցում այլևս սայլակ օգտագործող երեխա չենք տեսնում, իսկ դա նշանակում է, որ մենք հնարավորություն չենք տալիս այդ երեխային բացահայտել իր ներուժը:

Ես կարծում եմ, որ ամեն խնդիր լուծելի է եթե կա մեկ նախապայման՝ քաղաքական կամքը, ինչը ես առայժմ չեմ տեսնում»:

 

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031