«Ականատես»-ի դիտարկման համաձայն՝ 2021 թվականի, հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ և ակտիվ մասնակցության պայմաններում։ Քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
Դիտորդական առաքելությունը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր վերջնական եզրակացությունը:
Ըստ այդմ, քվեարկությունը հիմնականում ընթացել է խաղաղ, ընտրող քաղաքացիների լայն ու շահագրգիռ մասնակցությամբ. «Գործընթացները մեծամասամբ եղել են կազմակերպված և օրենքին համահունչ։ Որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն՝ հիմնականում կողմնակի անձանց ներկայության, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման, ուղղորդումների և
քվեարկության վերահսկողության դեպքերի հետ կապված»։
Կարդացեք նաև
Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը եւս, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին: Տարածքային ընտրական հանձնաժողովներում էական խնդիրներ չեն արձանագրվել, և հետընտրական գործընթացների կազմակերպումը հիմնականում դրական է գնահատվել առաքելության դիտորդների կողմից:
Ընտրատեղամասերից ընտրական փաստաթղթերի ու պարագաների պարկերի՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ հանձնման գործընթացը մեծամասամբ եղել է սահուն. մի քանի հանձնաժողովներում արձանագրվել են խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրական փաստաթղթերի պարկի վրա ստորագրությունների բացակայությանը և պատշաճ փակված չլինելուն:
Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման գործընթացի խախտման դեպքեր նույնպես չեն արձանագրվել։ Դիտորդների աշխատանքի խոչընդոտման, բռնության, ճնշման կամ սպառնալիքի դեպքեր հիմնականում չեն արձանագրվել՝ բացառությամբ մեկ տարածքային ընտրական հանձնաժողովի։ Ձայների զուգահեռ հաշվարկի համաձայն՝ դիտորդներից ստացած տվյալների վիճակագրական վերլուծությամբ հիմնականում հաստատվել են ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները և այդպիսով՝ նաև դրանց արժանահավատությունը:
Ըստ եզրակացության, հետընտրական գործընթացները նույնպես սահուն են եղել.
դիտարկված 5 տարածքային ընտրական հանձնաժողովներում արդյունքների վերահաշվարկի գործընթացներում խախտումներ չեն արձանագրվել:
«Ականատես»-ի կողմից հետընտրական ժամանակահատվածում ներկայացվել է․
- 20 դիմում թվով 20 տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ ընդհանուր 56 ընտրախախտումների վերաբերյալ,
- 5 բողոք ԿԸՀ՝ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ, և առանձին մեկ դիմում՝ տեղամասային հանձնաժողովների անդամների՝ ընթացակարգերից անտեղյակությամբ պայմանավորված խախտումների վերաբերյալ,
- 1 հայցադիմում ՀՀ վարչական դատարան՝ դիտորդի գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում չարձանագրելու հիմքով հանձնաժողովի քարտուղարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով,
- 1 դիմում ՀՀ գլխավոր դատախազություն՝ թվով 21 միջադեպերի վերաբերյալ, որոնք պարունակել են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։
Ինչպես տարածքային ընտրական հանձնաժողովների, այնպես էլ ԿԸՀ-ի կողմից, հերթական անգամ դիտորդական կազմակերպությունները չեն ճանաչվել, որպես դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, և ներկայացված առանձին խախտումների առնչությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել:
Վարչական դատարան և իրավապահ մարմիններ ներկայացված դիմում-բողոքների մի մասի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման շնորհիվ բացահայտված խնդիրների վերլուծության արդյունքում, «Ականատես» դիտորդական առաքելությունն առաջարկում է վերանայել ընտրական օրենսդրությունը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման պրակտիկան ու մոտեցումները:
Ընտրական հանձնաժողովներ
- վերանայել տարածքային հանձնաժողովների ձևավորման կարգը, հատկացվող ռեսուրսները՝ ծանրաբեռնվածության նվազման հանգամանքը հաշվի առնելով, ինչպես նաև աշխատանքային պայմանները՝ ապահովելու վերջիններիս անկախությունը և պրոֆեսիոնալիզմը.
- վերանայել տեղամասային հանձնաժողովների ձևավորման կարգը` ապահովելու որակյալ, անկողմնակալ և պատասխանատու աշխատանք․
Կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ)
- ձևակերպել պահանջներ՝ ապահովելու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կայացման նախադրյալները, գաղափարական զարգացման հենքը, թափանցիկ և հաշվետու գործունեությունը․
- նպաստել ձևավորվող խորհրդարանի առավելագույն ներկայացուցչականությանը.
Ընտրողների ցուցակներ
- վերջնականապես ճշգրտել ու հստակեցնել ընտրողների հասցեները, ապահովել բոլոր տեղամասերում ընտրողների տվյալների համադրումը՝ բազմակի քվեարկությունը ՀՀ ողջ տարածքում բացառելու նպատակով․
Դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրում
- խստացնել դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման պահանջների նկատմամբ վերահսկողությունը՝ ապահովելու հանրային վերահսկողության քաղաքական անկողմնակալությունը․
Նախընտրական քարոզարշավ
- սահմանել «նախընտրական քարոզարշավ» եզրույթը՝ ներառելով քաղաքական ուժերի կողմից իրականացվող միջոցառումների ողջ համալիրը.
- խստացնել քարոզչական նյութեր տարածելու կանոնակարգումները, ամրապնդել հավասար մրցակցության ապահովման երաշխիքները և ընդլայնել ծախսերի թափանցիկության նկատմամբ հսկողության հնարավորությունը․ Վարչական ռեսուրս
- խստացնել նախընտրական քարոզչության իրականացմանն առնչվող սահմանափակումները պաշտոնատար անձանց համար․
Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում
- վերանայել կուսակցությունների հաշվետվողականության բովանդակային պահանջները, պարբերականությունը և ձևաչափը.
Երրորդ անձանց ներգրավման կարգավորում
- նախատեսել նախընտրական քարոզարշավում ներգրավվող երրորդ անձանց կողմից իրականացվող ծախսերի սահմանափակումներ և հաշվետվողականություն.
Վերահսկիչ-վերստուգիչ գործառույթ
- պետության վերահսկիչ-վերստուգիչ գործառույթն ընդլայնել և հստակեցնել համապատասխան եզրակացությունների նկատմամբ բովանդակային պահանջները.
Քվեարկության օրվա գործընթացներ
- ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու բոլոր տեղամասերի մատչելիությունը տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար.
- վերանայել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները սահմանափակող կարգավորումները․
Քվեարկության արդյունքների ամփոփում
- նախատեսել մեխանիզմ, որով ընտրական հանձնաժողովները իրավապահ մարմիններից կստանան անհրաժեշտ տեղեկատվություն քրեական վարույթների նյութերից․
Բողոքարկում
- ճանաչել դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդների սուբյեկտիվ իրավունքների խախտումների և ընտրական գործընթացներում օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ վարույթներով․
- դիտորդների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և քաղաքացիների համար սահմանել համապատասխան տեղամասերում քվեարկության արդյունքները վիճարկելու իրավունք․
- խթանել բողոքարկմանն առնչվող վարչարարությունը՝ ամրագրելով էլեկտրոնային ստորագրությամբ դիմում-բողոքներ ընդունելու հնարավորությունը, վերացնելով ընտրական բոլոր գործընթացներին առնչվող հայցերով պետական տուրքի վճարման
պահանջը․
- վերանայել բողոքարկման և ընտրական հանձնաժողովների կողմից որոշումների կայացման ժամկետներին և ընթացակարգին վերաբերող իրավակարգավորումները՝ ապահովելու դրանց նպատակին ծառայելու հիմքերը․
Ընտրական գործընթացների թափանցիկություն
- կատարելագործել ԿԸՀ կայքը՝ առավել թափանցիկ դարձնելով տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը և հնարավորինս բաց տվյալների ձևաչափով հրապարակելով վերաբերելի տեղեկատվությունը.
- առավել արդյունավետ դարձնել քվեարկության գործընթացի տեսանկարահանման, հեռարձակման և տեսանյութերի հասանելիությանն առնչվող պայմանները և հնարավորությունները.
Իրավապահ մարմիններ
- ապահովել, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում պարզեն ընտրական հանցագործությունների կատարման փաստը, ծավալները և դրանց առնչվող նյութերը փոխանցեն իրավասու մարմիններին՝ ընտրական խախտումների քննության համար:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ