Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները քննում են Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության միջադեպը. Զախարովա

Հոկտեմբեր 14,2021 18:45

Լեռնային Ղարաբաղաում ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը համապատասխան քննություն է անցկացնում՝ կապված Մարտակերտի շրջանում խաղաղ հայ բնակչի սպանության հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից կրակից մահացու  վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ: Մենք ցավակցում ենք զոհվածի բոլոր հարազատներին և մերձավորներին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ուղղությամբ ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակում են անխափան գործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ:

Զախարովան նշել է, որ նման ողբերգական միջադեպերը էլ ավելի են ընդգծում երեք երկրների առաջնորդների բոլոր հայտարարությունների և առաջարկների պահպանման կարևորությունը:

«Մենք կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ հաղթահարել փոխադարձ գրգռիչները մարդասիրական դաշտում, փոխանակել ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և լիարժեք կերպով փոխանակվել ականապաշտ դաշտերի քարտեզներով»,- ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման օգտին:

«Մենք ակնկալում ենք, որ այդպիսով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում առկա բարդ երկկողմ հարցերի լուծման համար»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նաև պատասխանել է երեք երկրների հոգևոր առաջնորդների հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիպման մասին հարցին՝ նշելով, որ դա ևս մեկ կարևոր ձևաչափ է խնդիրները հաղթահարելու և վստահության մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև հա-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար:

«Այս հանդիպումն առաջինը չէր, կրոնական առաջնորդների միջև շփումները տասնամյակներ շարունակվում են: Դրանք տարբերվում են վստահության աստիճանով, համենայն դեպս դա հետևում է իրենց իսկ տված գնահատականներից,- ասել է Զախարովան: – Մենք, անկասկած տեսնում ենք, որ սա բացառիկ ձևաչափ է, որը կնպաստի կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջդավանաբանական երկխոսության խթանմանը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, այդ թվում վստահության ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031