Նախընտրական քարոզչությունը փաստացի սկսվել է ընտրությունների պաշտոնական մեկնարկից՝ 2021 թվականի հունիսի 7-ից մոտ 2.5 ամիս առաջ. նման արձանագրում է կատարել «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ընտրությունների դիտարկման վերջնական եզրակացության մեջ՝ արձանագրելով, որ տվյալ ժամանակահատվածում հավասար մրցակցության կանոնակարգումների բացակայության պատճառով այն եղել է բավականին հախուռն, և, ի սկզբանե ուղեկցվել վարչական ռեսուրսի չարաշահման երևույթներով:
«Նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր չսահմանված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման հետ կապված՝ հաճախ ստեղծելով խտրական պայմաններ և փաստացի աշխատելով որոշ քաղաքական ուժերի օգտին: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտարկվել են վարչական ռեսուրսի չարաշահման, հավաքներին ու միջոցառումներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու, վարչական լծակների միջոցով ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելու բազմաթիվ դրսևորումներ, ընդ որում՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից: Նախընտրական միջոցառումների ընթացքում բազմիցս նկատվել է պաշտոնատար անձանց, դպրոցների, մշակույթի կենտրոնների ներկայացուցիչների ոչ իրավաչափ մասնակցություն: Նախընտրական ժամանակահատվածում դիտարկվել է բարեգործական գործունեության ակտիվացում՝ ակնհայտորեն միտված ընտրողների որոշման վրա ներգործելուն»,- ասված է եզրակացության մեջ։
Առաքելության արձանագրմամբ, քարոզարշավի ընթացքում ատելության բառապաշարը հասել է ծայրահեղ վտանգավոր ծավալների. «Ընդ որում՝ այն լրացուցիչ սնուցվել է քաղաքական ուժերի դեմ երրորդ անձանց կողմից իրականացվող հակաքարոզչությամբ: Թշնամանքի և ատելության տարածման համատեքստում սովորականից ավելի հաճախակի են եղել մրցակիցների քարոզչանյութերի կամ գույքի դիտավորյալ վնասման դեպքերը»:
Նախընտրական քարոզչության ֆինանսավորմանն առնչվող հատվածում, առաքելության եզրակացությամբ ամրագրված է, որ կարգավորումներն ու պրակտիկան պատշաճ չեն ապահովել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ֆինանսների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և արդարացի մրցապայքարը. «Ֆինանսական հաշվետվություններում չեն արտացոլվել այնպիսի խոշոր ծախսեր, ինչպիսիք են ընտրական շտաբների գրասենյակային ծախսերը, քարոզարշավում տարբեր գործառույթներով ներգրավված անձանց վարձատրությունը, տրանսպորտային, միջոցառումների կազմակերպման և մի շարք այլ ծախսեր: Բացի դրանից՝ կանոնակարգված չէ երրորդ անձանց ֆինանսական աջակցությունը, ինչը թույլ է տալիս քարոզարշավի ֆինանսավորման իրական պատկերի աղավաղում: Ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի նախընտրական ծախսերի վերլուծությունը բացահայտում է դրանց միջև առկա հսկայական տարբերությունները։ Ի լրումն դրա՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածից դուրս վարչական ռեսուրսի կիրառումը և երրորդ անձանց կողմից իրականացվող՝ սահմանափակումների ու հաշվետվողականության չենթարկվող քարոզչության հնարավորությունը ի չիք են դարձնում նախընտրական քարոզչության համար օրենքով սահմանված՝ հավասար մրցակցության ապահովման երաշխիքները:
Կարդացեք նաև
Պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործիքակազմը և պրակտիկան բավարար չեն՝ ապահովելու պատշաճ պետական վերահսկողություն նախընտրական քարոզարշավի, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման նկատմամբ»:
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ