«2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթացել են աննախադեպ մրցակցային պայմաններում և նույնպիսի լարվածության մթնոլորտում։ Ընտրական վարչարարությունը և գործընթացները հիմնականում համապատասխանել են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերին և ապահովել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը: Այդուհանդերձ, արձանագրվել են մի շարք խնդիրներ և ռիսկային գործոններ՝ երբեմն պայմանավորված ընտրական օրենսդրության բացերով»,- սա «Ականատես» դիտորդական առաքելության վերջնական եզրակացությունն է մոտ չորս ամիս առաջ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրած 60 եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրած 580 դիտորդների վերջնական եզրակացությունները:
«Ականատես»-ը ներգրավել է նաեւ շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խմբերի, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան 150 ընտրատեղամաս՝ հսկելով իրավիճակը դրանց ներսում և հարակից տարածքներում, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական շտաբների մոտակայքում: Ըստ դիտարկման արդյունքների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլն, ընդհանուր առմամբ, ընթացել է մրցակցային պայմաններում, սակայն այս ընտրությունն աչքի է ընկել ատելության խոսքի ծայրահեղ դրսևորումներով։
Առաքելության արձանագրմամբ, ԿԸՀ-ի նիստերը շարունակում են ընթանալ առանց բովանդակային քննարկումների և միաձայն քվեարկության պայմաններում՝ աննշան բացառություններով: Հանձնաժողովի մի շարք որոշումներ բավարար վերլուծված և պատճառաբանված չեն եղել, ինչի հետևանքով որոշ քաղաքական ուժերի կողմից վիճարկվել են դատարանում: Շարունակում է խնդրահարույց լինել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող դիմում-բողոքների ընդունումը և քննությունը:
Կարդացեք նաև
Ընտրություններին մասնակցող 25 կուսակցություններից միայն 4-ի նախընտրական ծրագրերն են հրապարակվել ԿԸՀ կայքում, 12-ը չունեն սեփական կայքեր, և նրանց գաղափարախոսությունն ու ծրագրերը պատշաճ կերպով հասանելի չէին ընտրողների համար:
Առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման ընթացակարգերում նկատելի են մի շարք խնդիրներ, որոնք գործնականում չեն երաշխավորում ընտրական գործընթացների հանրային վերահսկողության անկողմնակալությունը, ուստի և կարող են կասկածի տակ դնել դրանց գնահատականների արժանահավատությունը:
Շարունակում է մտահոգիչ մնալ որոշ տարածքային ընտրական հանձնաժողովների շենքային, տեխնիկական, հաղորդակցության և արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ այլ պայմանների բացակայությունը։ Նկատվել է, որ մի շարք հանձնաժողովի անդամներ զուգահեռաբար զբաղեցնում են պետական կառավարման ոլորտի այլ պաշտոններ, ինչը պարունակում է վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկեր: Խնդրահարույց է տարածքային ընտրական հանձնաժողովներում համակարգիչ մուտքագրելու պարտականություն ունեցող ԿԸՀ աշխատակիցների ներգրավումը, ինչի հետևանքով փաստացի աղճատվում է այս հանձնաժողովների անկախության սկզբունքի իրացումը:
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ