Զորյան ինստիտուտում անցկացված քննարկման ամփոփում
Կազմեց Գուրգեն (Գրեգ) Սարգսյանը
Տորոնտո – Վերջերս Զորյան ինստիտուտը քննարկումներ անցկացրեց Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ տեղի ունեցող աշխարհաքաղաքական մրցակցության վերաբերյալ։ Քննարկումները վերաբերում էին Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, չին-թուրքական դաշինքին, դրանց ազդեցությանը աշխարհաքաղաքական պատկերի վրա, նրան, թե արդյոք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը համընկնում են, եւ այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը հանդիսանում է ճեպազդակ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դաշինքի համար․
««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը (ՄԳՄՃ), որը նախագահ Սի Ծինփինի հեղինակած արտաքին քաղաքականությանը վերաբերող նախաձեռնությունն է եւ աշխարհի ամենամեծ ենթակառուցվածքային ծրագիրը, մեծ մարտահրավեր է տնտեսական, քաղաքական, կլիմայի փոփոխության, անվտանգության եւ գլոբալ առողջապահական շահերի տեսանկյունից»,- Արտաքին հարաբերությունների խորհուրդ։
Կարդացեք նաև
Քննարկումների մեծ մասը վերաբերում էին Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով իրականացվող ծավալապաշտական նկրտումներին։ Քննարկման ընթացքում նշվեց, որ Չինաստանը օգտագործում է վերոբերյալ նախաձեռնությունը գործընկեր երկրների վրա ճնշում գործադրելու համար՝ ներքաշելով նրանց պարտքերի մեջ, այնուհետեւ առգրավվելով այնպիսի ռազմավարական արժեքավոր ակտիվներ, ինչպիսիք են նավահանգիստներ, բեռնարկղերի կայաններ, բնական պաշարներ՝ ի մեծ հիասթափություն Արեւմուտքի։
Ինչպես Ռուսաստանը դժկամությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի գերիշխանությանը եւ ՆԱՏՕ-ի ծավալապաշտությանը դեպի Արեւելյան Եվրոպա եւ Բալթյան երկրներ, նույնպես եւ Չինաստանը դժգոհ է Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ներկայությունից։
Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը եւ Ռուսաստանը համախոհ են Արեւմուտքի ազդեցությունը իրենց տարածաշրջաններում թուլացնելու առումով , այնուամենայնիվ քննարկման մասնակիցներից մեկը նկատեց․
«Ռուսաստանը պետք է զգուշանա Չինաստանի հնարավոր էքսպանսիայից, հատկապես դեպի այն տարածքներ, որոնք Ռուսաստանը 1860-ականներին Պեկինի պայմանագրով կարողացավ նվաճել Չինաստանից։ Այդ պայմանագրով Ռուսաստանին անցած հողը կազմում է ներկայիս Ռուսաստանի ավելի քան 75% -ը եւ երեք անգամ մեծ է Եվրոպայից»։
Ռուսաստանը ոչ միայն պետք է զգուշանա Չինաստանի՝ դեպի արեւմուտք էքսպանսիայից, այլ նաեւ պետք է գիտակցի Չինաստանի աճող ազդեցության ու Թուրքիայի հետ դաշինքի վտանգը։
Թուրքիայի ձգտումն ընդլայնելու իր ազդեցությունը թրքախոս Կենտրոնական Ասիայում՝ տարածաշրջանը թրքացնելու նպատակով, փոխլրացնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության քաղաքականությունը։
Թուրքիայի կախվածությունը Չինաստանից ֆինանսական պարտավորությունների տեսակետից եւ վերջինիս ֆինանսական աջակցությունից ապահովում է Կենտրոնական Ասիայի կախվածությունը Չինաստանից, ուստիեւ միացյալ Կենտրոնական Ասիան կնպաստի Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։
«Թուրքիայի եւ Չինաստանի ընդհանուր շահերը դրդեցին Էրդողանին ուժի ցուցադրությանը հատկապես Կիպրոսում, ինչպես նաեւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության սատարմամբ։ Թուրքիան միջամտում է բոլոր ուղղություններով, ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլ նաեւ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կիպրոսը եւ Միջերկրական ծովը, որը հղի է Հունաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հնարավոր բախումներով։ Նույնիսկ եղբայրական մահմեդական Իրանը սկսել է անհանգստանալ իր հյուսիսում սուննիական շրջապատմամբ եւ թուրքական ամուր գոտու առաջացմամբ»։
Հաշվի առնելով վերոբերյալ նկատառումները՝ չին-թուրքական դաշինքը պետք է նշանակալի գործոն հանդիսանա Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները գնահատելիս: Ավելին, հնչեց առաջարկ առ այն, որ Արեւմուտքը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Դա չի նշանակում, որ ակնհայտը չի քննարկվել․
«Ոչ ոք Ռուսաստանին չի համարում Արեւմուտքի կատարյալ դաշնակից: Արեւմուտքն արդեն տեսել է, թե ինչպես է Ռուսաստանը արձագանքում Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ -ին անդամակցելու ձգտումներին եւ այն գինը, որ այդ երկրները վճարեցին իրենց տարածքների կորստով»:
Այդուամենայնիվ, Ռուսաստանը եւ Արեւմուտքը կարող են ունենալ ընդհանուր շահ Չինաստանի աշխարհաքաղաքական էքսպանսիան կանխելու առումով։
Բոլորովին վերջերս, Չինաստանի սահմանային բախումները մեկ այլ տարածաշրջանային գերտերության՝ Հնդկաստանի հետ, ներկայացնում է Չինաստանի ծավալապաշտական քաղաքականության մեկ այլ ճակատ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նշվեց, որ ԱՄՆ-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունը հակամարտության ընթացքում նոր բարձունքների հասավ.
«Միացյալ Նահանգներն ու Հնդկաստանը միասին աշխատում են մեր ժամանակների շատ ու շատ կարեւոր մարտահրավերների շուրջ․․․ Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի միջեւ գործընկերությունը կենսական է, ամուր է եւ աստիճանաբար ավելի արդյունավետ է դառնում»,- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն։
Հնդկաստանը եւ Ռուսաստանը եւս ունեն «Հատուկ եւ արտոնյալ ռազմավարական գործընկերություն»: Այս հարաբերությունները վերահաստատվեցին Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ նույն բախումների ժամանակ, երբ Ռուսաստանը համաձայնեց ընդառաջել Հնդկաստանի խնդրանքին՝ արագացնելու Ս-400 ՀՕՊ համակարգերի առաքումը:
Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ խնդրահարույց հարաբերությունները եւ Հնդկաստանի ամուր հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ կարող են Հնդկաստանին միջնորդի եզակի դեր շնորհել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարելավման առումով։
Առջեւում հետաքրքրաշարժ դիվանագիտություն է սպասվում։
Ամբողջական հոդվածն ընթերցելու համար հետեւեք հղմանը