Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ցանկանում է, որ դատարանն իր որոշմամբ կանխի էթնիկ հայերի նկատմամբ բռնությունները, անմարդկային վերաբերմունքն ու ատելության խոսքը». Եղիշե Կիրակոսյան

Հոկտեմբեր 14,2021 17:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

ՀՀ-ի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը դատարանի դահլիճում վստահեցրեց՝ Հայաստանի գանգատը՝ ընդդեմ Ադրբեջանի հիմնված է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա: Այնուհետև հայտարարեց. «Հայաստանը դատարանին խնդրում է ոչ թե լուծել բոլոր խնդիրները, այլ իր որոշմամբ լուծել այն խնդիրները, որոնք մեր գանգատում ներկայացված են, դրանցից բխող հետևանքները: Մասնավորապես Հայաստանը ցանկանում է, որ դատարանն իր որոշմամբ կանխի էթնիկ հայերի նկատմամբ բռնությունները, անմարդկային վերաբերմունքն ու ատելության խոսքը»:

Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ ատելությունն էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակությունում փոխանցվում է սերունդ առ սերունդ ու հավելեց. «Էթնիկ հայերի սպանությունները, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը, ատելության խոսքի տարածումն իրականացվում է մշտապես: Եվ բոլոր նրանք, որոնք կփորձեն ատելության այս պետական դոգմային հակադարձել՝ պատժվում են»:

Եղիշե Կիրակոսյանն ահազանգեց՝ անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չնպաստեց նրան, որ Ադրբեջանը վերջ տա էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածմանն ու նրանց նկատմամբ հանցագործություններին: Ըստ նրա՝ ատելության այս գաղափարախոսության հուշարձանն էր Բաքվի ռազմավարի պուրակը:

Նա նաև ահազանգեց՝ Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական մշակութային ժառանգությունն այն հայկական տարածքներում, որոնք հայտնվել են այդ երկրի վերահսկողության ներքո: Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ չի ուզում դատարանին ծանրաբեռնել քաղաքական հայտարարություններով. դրանք իրավունքի հետ քիչ կապ ունեն, բայց նաև հավաստիացրեց՝ խնդրի հրատապությունը հաշվի առնելով՝ ՀՀ-ն կարևոր է համարում դատարանի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը:

Եղիշե Կիրակոսյանը եզրափակեց. «Դատարանի՝ ՀՀ-ի կողմից ներկայացված միջանկյալ միջոցի հետ կապված միջնորդության բավարարման կարևորությունը հնարավոր չէ բառերով նկարագրել: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով շարունակում է վատ վերաբերմունքը, ատելության խոսքի տարածումը էթնիկ հայերի նկատմամբ, ուստի միջանկյալ միջոցի կիրառումը հրատապ է, քանի որ Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը խոչընդոտ է նաև տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար»:

ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀՀ-ի կողմից հանդես եկան մի շարք միջազգային հեղինակավոր փորձագետներ: Պրոֆեսոր Քոփը հիմնավորեց, թե հատկապես այժմ ինչու է հրատապ, որ դատարանը միջանկյալ միջոց կիրառի:

Պրոֆեսոր Մարտին Մըրֆին փաստերով ներկայացրեց դատարանին, թե ինչ վերաբերմունքի են արժանանում Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձինք:

Պրոֆեսոր Լարի Մարտինը ներկայացրեց, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը:

Պրոֆեսոր Կոնստանտինոս Սալոնիդասը դատարանի դահլիճում իր ելույթում հայտարարեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «շներ», կամ ասում է, որ հայերը «հիվանդ են», կամ որ ռազմավարի պուրակ բացեց:

Մարտին Մըրֆին էլ, խոսելով հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, նկարագրեց, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները անմարդկային վերաբերմունքի ենթարկել Լյուդվիգ Մկրտչյանին՝ ոտքով կանգնելով նրա վերքի վրա:

Պրոֆեսոր Լարի Մարտինն էլ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին խոսելով՝ հիշեցրեց, որ այս ոլորտում դատարանն ունի նախադեպային որոշումներ Իտալիայի և Ուգանդայի հարցով: Եվ հորդորեց որոշում կայացնելիս հաշվի առնել այդ նախադեպային որոշումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031