Լրահոս
Օրվա լրահոսը

«13-րդ դարում Սեւ լիճը Սեւաջուր է հիշատակվում». Սյունիքի եւ Ղարադաղի քարտեզագրման հեղինակ

Հոկտեմբեր 14,2021 16:30

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսել է քարտեզագրել պատմական Սյունիքի հին և նոր բնակավայրերը: Քարտեզագրման հեղինակը Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի անդամ Սերգեյ Ջհանգիրյանն է, որն արդեն ամբողջացրել է Ղարադաղի հայկական բնակավայրերի քարտեզը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ջհանգիրյանը նշեց, որ նախկինում զբաղվել է Ղարադաղի բնակավայրերի տեղորոշմամբ եւ քարտեզագրմամբ. «Զբաղվում էի Ղարադաղի պատմության ուսումնասիրությամբ: Գիտական շրջանառության մեջ Ղարադաղի քարտեզ կար՝ ազգագրական, բանահյուսական գրքին կցված, որը որոշակի թերություններ ուներ: Դրա համար որոշեցի ինքնուրույն քարտեզագրել, քանի որ ուսումնասիրության արդյունքում բավականին շեղումներ էի գտել:

Ղարադաղի բնակավայրերի տեղորոշմամբ եւ քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մհեր Քումունցի խորհրդով որոշեցինք կանգ չառնել: Այս պահին քարտեզագրել ենք Սյունիքի առկա բնակավայրերն ու լքված գյուղատեղիները, բայց մեր նպատակը Ստեփանոս Օրբելյանի 13-րդ դարի բնակավայրերի քարտեզագրումն է՝ արդեն գոյություն ունեցող տեղորոշումների հիման վրա:

Ի դեպ, բավականին անվանի պատմաբաններ՝ Մորուս Հասրաթյանը, Ղարագյոզյանը, Գրիգոր Գրիգորյանը, Հախվերդյանը զբաղվել են տեղորոշումներով, դրանով զբաղվել է նաեւ Մհեր Քումունցը: Մի խոսքով, որոշել ենք տեղորոշումների հիման վրա ստանալ 13-րդ դարի Սյունիքի քարտեզը»:

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցը փաստեց, որ ժամանակի ընթացքում բավականին տեղանուններ են աղավաղվել՝ սկզբում թուրքական հնչեղություն ստացել, հետո մեր կողմից երկու փուլով վերանվանվել: Նա նշեց, որ առաջին փուլով 1949թ խորհրդային տարիներին բավական բնակավայրեր փոխարինվել են անհասկանալի անուններով, ապա անկախացումից հետո թուրքական հնչողությամբ անունները փոխանակ վերականգնվելու հին հայկականով՝ այլ անուններ են ստացել:

Նա օրինակ բերեց. «Օրինակ Շհարջիկը Օրբելյանի հիշատակած Շեկքն է: Թուրքերը Շեկքը դարձրել են Շհարջիկ, մենք էլ վերցրել ու անկախացումից հետո փոխել ենք Շղարշիկ, որը ոչ մի բանի հետ չի առնչվում: Եվ եթե հիմա թուրքերն ասեն, որ ձեր Շղարշիկը մեր Շհարջիկից է առաջացել, մենք ստիպված ենք լինելու բազմաթիվ հակափաստարկներ փնտրել, մինչդեռ ունենք այդ բնակավայրի միջնադարյան հայկական անունը:

Հաջորդը Աչաղուն է՝ ըստ Օրբելյանի: Աչաղուն թուրքը բնակեցրել ու դարձրել էր Աչախլու: Ի դեպ, դա բավականին հիշատակված բնակավայր է, բայց մենք վերցրել ու Աչախուն դարձրել ենք Համլետավան՝ մեր իսկ ձեռքով ջնջելով եւ աղավաղելով մեր պատմությունը, ջուր լցրել թշնամու ջրաղացին:

Մի օրինակ եւս՝ Համո Սահյանը բազմիցս հիշատակել է Գյազբել լեռը, մենք հավանաբար, մտածել ենք, դա թուրքական անուն է եւ անկախացումից հետո անվանակոչել ենք Գեղաքար, մինչդեռ Օրբելյանի մոտ լեռը հստակ հիշատակված է Գազբույլ մաքուր հայկական անունով»:

Սերգեյ Ջհանգիրյանը Սեւ լճին էլ անդրադարձավ, որի մի հատվածում ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանցիները: «Վերջին օրերին շատ է խոսվում Սեւ լճի մասին, որ գտնվում է Իշխանասարի մոտ: Խորհրդային քարտեզներում այն Ղարագյոլ է ներկայացված: Վստահ եմ, որ շատերը մտածում են, թե Սեւ լիճը Ղարագյոլի թարգմանությունն է, մինչդեռ Օրբելյանի մոտ Տաթեւի վանքապատկան տարածքների սահմանները նշելիս՝ հստակ գրված է Սեւաջուր: Սեւ լիճը կրել է հին հայկական Սեւաջուր անվանումը»,-հղում անելով հայ պատմագիր, աստվածաբան, բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ, արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի պատմությանը՝ ասում է Ջհանգիրյանը:

Նա հավելում է, թե շատ կցանկանար, որ Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի լսարանը մեծանար, ավել շատ մարդիկ իմանային իրականությունը: Նաեւ նշում է, որ աշխատում են Google Earth Pro ծրագրով, որի հնարավորությունները և առցանց դարձնելը ունեն որոշ սահմանափակումներ, բայց ծրագիրը նաեւ բավականին դրական կողմեր ունի՝ ստանում են PDF քարտեզ, որի մասշտաբը մեծացնելիս, անգամ շենքներն են երեւում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Սեւ լիճը կամ ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սեւաջուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031