Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի հիվանդություններ, քաղցկեղ ունեցողները, հղիանալ պատրաստվողները պե՞տք է պատվաստվեն, թե՞ հակացուցում ունեն. Մեկնաբանում են բժիշկները

Հոկտեմբեր 14,2021 16:04

Սրտանոթային հիվանդություններ ունեցող քաղաքացիները շատ ավելի խոցելի են կորոնավիրուսի հանդեպ եւ ավելի ծանր են տանում, ելքն էլ անբարենպաստ է լինում: Այսօր այս մասին ասաց Սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը:

«Արմենպրեսի» մամուլի սրահում բժիշկ-մասնագետները ներկայացրին՝ որ դեպքում են պատվաստման հակացուցումները, որ դեպքում՝ անհրաժեշտ, որ մարդն անպայման պատվաստվի:

Համլետ Հայրապետյան

Ըստ սրտաբանի, խոսքը, մասնավորապես վերաբերում է հիպերտենզիայով, սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդություններ ունեցող մարդկանց: Բժշկի խոսքով, վիրուսը կարող է ազդել սրտամկանի վրա՝ ընդհուպ առաջացնելով կաթված: Համլետ Հայրապետյանն ասաց, որ նման խնդիրներով քաղաքացիների համար պատվաստման հակացուցում չկա՝ բացառությամբ, եթե հիվանդության սրացման փուլում է: Այդ դեպքում էլ խորհուրդ է տրվում պատվաստումը հետաձգել:

Հայկուհի Գյոկչյան

«Կորոնավիրուսը ունի տրոպիզմ, այսինքն՝ ազդում է նյարդային բջիջների վրա, նաեւ հեմատոէնցեֆալիկ պատնեշն է թուլացնում: Դրա պատճառով մենք ունեցանք որոշակի հիվանդներ, որոնց մոտ քովիդ տանելուց հետո գրանցվեց գլխուղեղի մեթաստազավորում, ինչը մենք անմիջապես կապեցինք քովիդի հետ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:

Նրա խոսքով, պատվաստումը կարող է հակացուցում լինել ոսկրածուծի փոխպատվաստման փուլում գտնվող անձանց կամ՝ ծանր վիրահատության պատրաստվող հիվանդների եւ բջջային թերապիա անցնող հիվանդների համար, որոնց խորհուրդ է տրվում որոշակի ժամանակով հետաձգել պատվաստումը. «Մնացած բոլոր դեպքերում, անկախ այն բանից, հիվանդը ստանում է քիմիաթերապիա, ստանում է հորմոնոթերապիա, ստանում է թիրախային բուժում կամ ուղղակի գտնվում է դինամիկ հսկողության տակ, պետք է պատվաստվեն, որպեսզի COVID-ի նման չարիքով չհիվանդանան»:

Գեորգի Օկոեւ

Հարցին՝ արդյոք պատվաստումն ազդո՞ւմ է վերարտադրողական գործառույթի վրա, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւն ի պատասխան ասաց՝ արդեն 1 տարուց ավելի է այդ հիվանդությունը կա, պատվաստանյութը կա, բայց բավականին քանակով կան ծննդաբերություններ, հղիություններ՝ պատվաստանյութն օգտագործելուց հետո:

Բժիշկ Օկոեւն ասաց, որ Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել՝ անկախ հղիության ժամկետից հղի կնոջը նույնպես պատվաստել: Ըստ նրա հակացուցում չկա նաեւ կրծքով կերակրելու դեպքում: Իսկ հղիություն պլանավորող քաղաքացիներին էլ բժիշկը խորհուրդ տվեց երկու դեղաչափը ստանալ՝ նոր միայն հղիանալ, քանի որ պատվաստանյութը 40-42 օր հետո է արդյունավետ լինում: Գեորգի Օկոեւը նաեւ վստահեցրեց, որ պատվաստված բուժառուներ ունի, որոնք հղիացել են եւ հղիությունը նորմալ տարել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031