Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության նկատմամբ հարգանքի հիման վրա»,- ասել է Բայրամովն իր ելույթում:
Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, ադրբեջանցի նախարարը Հայաստանին կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց՝ նշված սկզբունքներին հետևելով:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններին, այդ թվում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությանը: Նա համոզմունք է հայտնել, որ «հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային նախագծերում»:
Կարդացեք նաև
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղապահների ջանքերին, այդ թվում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ