ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում էլ է փակցված վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուստամ Բադասյանը։ «Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետեւ այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգեր կան։ Որեւէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, եւ այդ կարգը պահպանվում է»,-ասաց ՊԵԿ նախագահը։ Թե ինչպես է որոշվել այդ կարգը, Բադասյանն ասաց․ «Բնականաբար, կառավարությունում է որոշվել»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր նման կարգին,եւ այդ մասին նա հայտարարել էր, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Այդ մասին նա ասում էր Հատուկ քննչական ծառայության քննիչի մոտ, որը քննում էր այնպիսի գործ, որը պոտենցիալ կարող է պետական պաշտոնյաներին առնչվել։ ՊԵԿ քննչական մարմինների գործառույթներն էական տարբերվում են ՀՔԾ-ից կամ Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՊԵԿ քննչական վարչությունում որեւէ նկար տեղադրված չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ