Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր քննարկում «Արցախի հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով:
Արցախի ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ներկայացրեց, թե ինչու չի հաջողվել տարհանել ամբողջ ժառանգությունը. «Մենք տարհանել ենք թանգարանի արժեքների մեծ մասը: ԿԲ-ի կողմից թողարկված հուշադրամներ են եղել թողարկված, եղել են դրամագիտական արժեքներ: Տարհանումն իրականացրել ենք հոկտեմբեր ամսվա վերջին, պատերազմի ընթացքում ձեւավորել ենք շտաբ: 4000-ից ավելի դրամագիտական նմուշեր ենք տարհանել ու ցուցադրված արժեքների մեծ մասը: Իհարկե, որոշ նմուշներ մնացել են: Այդ ժամանակ Շուշին անվտանգ չէր ու մեր աշխատակիցները, որ այնտեղ էին գտնվում` իրենց անձնական իրերը թողել են, բայց զբաղվել են թանգարանի իրերը տարհանելով»:
«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասաց, որ այսօր շատ հեշտ է խոսել չտարհանված արժեքների մասին ու փորձել մեղավորներ փնտրել. «4 թանգարանների 26 աշխատողներից մեծ մասը կանայք ու աղջիկներ էին, որոնք պատերազմի առաջին ու երկրորդ օրերին իրենց երեխաների հետ տարհանվել էին Երեւան, իսկ տղամարդիկ դիրքերում էին: Փաստորեն, թանգարանն ամբողջությամբ մնացել էր ինձ վրա: Պատկերացրեք, ինտենսիվ ռմբակոծության տակ միայնակ կինը ինչպես կարող է տարհանել երկրաբանական թանգարանի հանքաքարերը՝ բարեկարգման ծառայությունից խնդրելով «Կամազ», որ դույլերով տեղափոխենք միներալները թանգարանի: Շուշիի ռմբապաստարաններում թաքցրեցինք ցուցանմուշները, բայց որեւէ մեկը Շուշիի անկման մասին պատկերացնել չէր կարող: Եթե կա մեկը, որ գիտեր, թող բարձրաձայնի: Ես ինքս իմ տան գույքը, ինձ հարազատ իրեր տեղափոխել եմ Շուշիի ռմբապաստարաններ, որոնք ապահովագրված էին յուրաքանչյուր տեսակի ռմբահարումից: Պատկերացրեք մենք ինչի միջով ենք անցել, եթե ես մեղավոր եմ, որ չեմ պատկերացրել՝ Շուշին ուր որ է կընկի…: Մենք մեր գործն արել ենք հավուր պատշաճի: Պատկերացրեք Երկրաբանության թանգարանը ինչ հեռավորության վրա է Շուշիի կերպարվեստի թանգարանից: Ինձ մարդ է տեսել Շուշիում, ասում է՝ չե՞ս վախենում, դիվերսանտները Շուշիում են, ի՞նչ գործի ես, բայց ես ու քանդակագործ Արմեն Պետրոսյանը երկու հոգով դույլերով տեղափոխել ենք Գաբրիելյանցի թանգարանի միներալները: Ես հասցրել եմ նկարահանել, թե ինչ արկղի մեջ ինչ եմ դրել: Որ դրանք Շուշիից չեն տարհանվել… ոչ մեկը չէր պատկերացնում: Տարհանում եղել է երկրաբանության ողջ ֆոնդը, բայց՝ Շուշի»:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը պատասխանեց, որ որոշ հարցեր կան, որ պետք է զգույշ լինել ու հանրային քննարկման ժամանակ չբարձրաձայնել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Լուսինե Գասպարյանին ասաց. «Մեզանից որեւէ մեկը այստեղ չի ուզում ձեզ մեղավոր կարգել կամ մեղավորներ փնտրել: Մեր խնդիրն է հասկանալ՝ համակարգային ի՞նչ խնդիր է եղել: Գուցե տեղեկատվության ապահովման դեպքում ուրիշ կերպ լիներ: Անգամ Շուշիում ապրողները չեն իմացել մինչեւ վերջ Շուշիի անկման մասին: Մինչեւ վերջին օրը մեզ ասում էին՝ Շուշիում մարտերը շարունակվում են, Շուշին պայքարում է»: Ըստ Էլինար Վարդանյանի, քրեական գործերը վախենանք որեւէ հարցի պատասխան չտան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ