Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ պետական բյուջեից նորաստեղծ ազգային ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման համար 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամ կփոխանցվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որը հանդես է գալու որպես նոր ավիաընկերության կառավարիչ։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանն ասաց, այս ծրագրով ստեղծում են ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը․ «Սա առաջին անգամ մեզ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ եւ կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ այս որոշումն արտահայտում է կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե Հայաստանի հանրապետությունում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է լինեն եւ չեն կարող լինել:
«Կառավարությունն ու «Էյր Արաբիայի» դուստր ընկերությունը ներդրում են կատարելու՝ յուրաքանչյուրը տասը միլիոն դոլար։ Այս համատեղ ներդրմամբ հրավիրում ենք «Էյր Արաբիա» ընկերությանը, որպեսզի նա մեզ հետ համատեղ հիմնադրի եւ կառավարի ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»: Պետք է հստակ երաշխիքներ ստեղծենք, որ այն հանձնառությունը, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթներ իրականացնի, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ հանձնառությունը հստակ իրականացվի»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մեր օրենսդրությամբ ազգային փոխադրող տերմինը կարող է օգտագործել յուրաքանչյուր փոխադրող, որը գրանցված է Հայաստանում՝ որպես հայկական ընկերություն։
Կարդացեք նաև
Նոր ստեղծվող այս ավիաընկերությունը, ըստ Փաշինյանի, ոչ մի արտոնություն չի ունենալու, գործելու է մրցակցային հավասար դաշտում, միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է կատարում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց՝ եկեք նպատակային կետ դնենք այս պահից, որ այս ընկերության պետական բաժնեմասը ինչ-որ ժամանակահատվածից սկսած շրջանառվելու է բորսայում եւ դա կլինի լավագույն գնահատականը։
«Պայմանավորվածություն ձեռք բերենք, որ ինչ-որ ժամանակահատվածում այս բաժնեմասերը տեսնելու ենք բորսայում, կարող է մենք էլ գնենք՝ որպես անհատներ»,-ասաց փոխվարչապետը։ Ինչին Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց։
Մհեր Գրիգորյանը փորձեց ուղղել ինքն իրեն․ «Ես նկատի ունեի՝ սիմվոլիկ, երբ ասում էի՝ մենք գնենք»։
«Չէ, դե, դուք կարող եք ոչ սիմվոլիկ էլ գնել»,-արձագանքեց Փաշինյանը։
«Չնայած, այո, ես կարող եմ ինձ թույլ տալ նաեւ ոչ սիմվոլիկ, եթե եկամտաբերությունը․․․»,-այսպես պատասխանեց փոխվարչապետը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ