Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ են եղել, որ իրենց աղջիկների օժիտն են տարել Շուշիում պահել՝ մտածելով, որ ապահով է». Ո՞վ է մեղավոր, ո՞վ է թերացել ու խուճապ բերել Արցախ

Հոկտեմբեր 14,2021 14:14

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր քննարկում «Արցախի հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով:

Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում ասել էր. «Չեմ ուզում որեւէ մեկը այստեղ փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը»:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն արձագանքեց. «Ասում եք՝ պետք չէ մեղավորներ փնտրել, հետո ասում եք՝ կար թերացում եւ խուճապ, որի արդյունքում մեր պատմամշակութային ժառանգությունը չկարողացանք ամբողջությամբ դուրս բերել: Ես խնդրում եմ հստակ ասել՝ ո՞վ է թերացել, ո՞վ է խուճապ բերել, որովհետեւ մեզ մոտ կարծես արդեն ավանդույթ է դառնում «ես պատասխանատու եմ, բայց ես մեղավոր չեմ» կոնցեպտը: Ո՞վ է ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, որի արդյունքում մենք մեր պատմամշակութային ժառանգությունը նվիրեցինք թշնամուն»:

Նախարարը պատասխանեց. «Մենք բոլորս ենք պատասխանատու՝ ինձանից սկսած: Հադրութում քաղաքացիական անձինք են զոհվել, տարհանումը դժվար էր: Սկի մարդկանց տարահանման խնդիրը չի լուծվել: Եթե Շուշիի պատմության թանգարանի տնօրենը, բանավոր է եղել իմ հրահանգները, չի տարհանել՝ վստահ լինելով, որ Շուշիում ապահով է, իհարկե, մարդիկ են եղել, որ իրենց աղջիկների օժիտն են տարել Շուշիում պահել… սա արդարացում չէ, բայց գուցե նաեւ տեղեկատվությանը ճիշտ չտիրապետելու հետեւանքով է: Այն պահին, երբ մենք հասկացել ենք, որ պետք է տարհանել ռմբապաստարաններում թաքցրածը, դա եղել է արդեն շատ վտանգավոր: Գորգերի տարհանման ժամանակ ես շնչասպառ սպասել եմ, թե երբ է նախարարության աշխատակիցը հասնելու տուն: Շատ վտանգավոր ու ծանր իրավիճակ է եղել: Իհարկե, շատ վատ է, որ այդպես է ստացվել, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Արեգնազ Մանուկյանը հարցրեց՝ ո՞վ է մեղավոր, որ մենք ունեցել ենք տեղեկատվության պակաս. «ՀՀ-ում այն քարոզչությունն էր տարվում, որ մենք հաղթում ենք, «գյոռբագյոռ» եւ այլն, իսկ այն մարդկանց, որոնք փորձում էին ճշմարտությունը բարձրաձայնել՝ տուգանքների էին ենթարկում»:

Արցախի պաշտոնյաներն ասացին, որ «ով է մեղավոր» հարցի պատասխանը կտան քննչական մարմինները, ոչ թե մեկի սուբյեկտիվ կարծիքով կլինի:

Նախարար Ղարախանյանն էլ ասաց, որ ինքը քննչական մարմիններին նամակի պատասխան է գրել՝ հղում անելով իրավական ակտերին, թե ով է եղել կորած ժառանգության համար իրական պատասխանատուն, բայց ինքն էլ պետք է հարցաքննվի:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հորդորեց քննադատական տոնը մի կողմ թողնել ու մոբիլիզացնել ռեսուրսները. «Սա բոլորիս հոգսն է, բոլոր պետական կառույցների ամենօրյա խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031