Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր քննարկում «Արցախի հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով:
Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, խոսելով Դադիվանքի մասին՝ ասաց, որ այնտեղ 6 հոգեւոր առաջնորդ ունենք. «Այս պահին Դադիվանք ուխտագնացությունը դադարեցված է: Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառի եւ Կիրիլ պատրիարքի հետ հանդիպումից հետո նորից ուխտագնացությունը սկսելու ենք: Ամարասում ուխտագնացությունը կա: Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ավիրումը կանխել հնարավոր եղավ: Ունենք ավերված Շուշիի Ղազանչեցոցի, Կանաչ ժամի եկեղեցիները, ներսում անհասկանալի շինարարություն կա: Նելսոն Ստեփանյանի հուշարձանն ավերված է, Շուշիի Հայոց Եղեռնի զոհերի հուշարձանը, Սղնախի գերեզմանատան վրայով ճանապարհ են կառուցել: Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, ողբերգության միջով ամեն օր անցնում ենք»:
Նախարարը նաեւ մտահոգություն հայտնեց. «Ինձ ցավեցնում է, օրեր առաջ ադրբեջանցիների համերգն էր Հադրութում՝ Ծաղկավանքում, որտեղ ամեն ինչ պլագիատ էր, ներառյալ Սեւակի՝ Ղազանչեցոցի թավջութակահարի երաժշտությունը: Ալիեւը արդեն սկսել է մզկիթի շինարարությունը, սա է ամենամեծ խայտառակությունը, որ մեզ թշվառ է դարձրել այսօր: Բայց մենք թշվառ չենք: Այդ թշվառությունը մեզ համար նոր պայքարի սկիզբ պետք է դառնա: Մենք մեր բոլոր հուշարձաններ ունենք անձնագրայնացված է, մենք պայքարելու ենք: Ինչ էլ անեն նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, վիդեոների տարբերակով ամբողջն ունենք»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց, թե ո՞ր միջազգային կազմակերպություններին են դիմել ու ի՞նչ հարցադրումներով: Նա պատասխանեց, որ դիմել են Ֆրանսիայի սենատին՝ ԱԳՆ խողովակաշարով ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ